Լրահոս

01.09.2012 11:52


Երիտասարդ դիվանագետների ակումբը դատապարտում է

Երիտասարդ դիվանագետների ակումբը դատապարտում է

2004 թվականի փետրվարին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա (ինչպես հետագայում Ադրբեջանը փորձում էր ապացուցել՝ հոգեկան հիվանդ) Ռամիլ Սախիբ օղլի Սաֆարովի կողմից առանձնակի դաժանությամբ սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը: 2 տարի տևած դատավարության արդյունքում ադրբեջանցի սպան դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:

2012 թվականի օգոստոսի 31-ին, համաձայն 1983 թվականաին ընդունված Ստրասբուրգյան կոնվենցիայի, վերահանձնվեց Ադրբեջանին, որտեղ էլ հենց նույն օրը նախագահ Ալիևի կողմից ներման արժանացավ: Փաստորեն, դատավճռից 6 տարի անց Սաֆարովն ազատության մեջ է և վայելում է Ադրբեջանի Ազգային հերոսի կոչումը:

Սաֆարովին Ադրբեջանին հանձնողը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է, որը մեղմ ասած այդքան էլ սիրված չէ թե իր երկրում և թե Եվրագոտում: Խոսքը գնում է 2-3 մլրդ. դոլար գումարի մասին, որի դիմաց ազատ արձակվեց մարդասպանը: Իսկ վերջերս Հունգարիան Եվրոպական Միությունից հսկայական վարկ էր հայցում: Կարելի է ասել, որ այդ գումարով ինչ–որ չափով կմեղմի իր ծախսերը:

Զարմանալին այն է, որ սա տեղի է ունենում մի երկրում, որը 2004 թվականից անդամակցում է Եվրոպական Միությանը, ավելին, 2011 թվականին 6 ամիս ժամկետով ղեկավարում էր այն: Զարմանալի է այնքանով, որ Եվրոպական Միությունը ամենուր և անընդհատ ոչ մի ամբիոն բաց չի թողնում, հորդորելով մյուս երկրների դառալ եվրոպական արժեքների կրող, ավելի ժողովրդավար: Իսկ ո՞ւր մնաց այդ ամենը, երբ հենց իր ներսում, իր իսկ անդամի կողմից մի քանի միլիարդ դոլարով վաճառվում էր այդ եվրոպական արժեքը:

Երիտասարդ դիվանագետների ակումբ հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է Հունգարիայի այս քայլը, որը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում: Ինչպես նաև կոչ է անում Եվրոպական Միությանը ևս մեկ անգամ վերանայել իր անդամ-պետությունների գոծողությունների կանոնակարգման մեխանիզմները:

Երիտասարդ դիվանագետների ակումբ

Այս խորագրի վերջին նյութերը