Լրահոս

01.09.2012 10:25


Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Թեհրանում

Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Թեհրանում

Թեհրանում Չմիացած երկրների շարժման գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին օգոստոսի 31-ին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին Իրանի նախագահը ջերմությամբ հիշեց անցյալ դեկտեմբերին իր այցելությունը Հայաստան եւ գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի Նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները արդեն կյանքի են կոչվում: Իրանի նախագահը խնդրեց իր ջերմ ողջույներն ու բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի ղեկավարին:

Շնորհակալություն հայտնելով  ընդունելության համար, Էդվարդ Նալբանդյանը Մահմուդ Ահմադինեժադին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւ շնորհավորեց Չմիացած երկրների շարժման նախագահությունը ստանձնելու եւ կազմակերպության գագաթաժողովի բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը կարեւորեցին երկու երկրների միջեւ զարգացող համագործակցությունը, քննարկեցին համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, անդրադարձան Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի, նավթամթերքների խողովակաշարի կառուցման նախագծերին:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, Իրանի նախագահն ընդգծեց, որ իր երկրի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ այն պետք է կարգավորվի արդարացիորեն եւ խաղաղ բանակցությունների միջոցով:        

Թեհրանում նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարեւորեց երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը, երկու երկրների նորընտիր խորհրդարաններում բարեկամական խմբերի ձևավորումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձան մի շարք տարածաշրջանային խնդիրներին:

Էդվարդ Նալբանդյանի թեհրանյան օրակարգում էր հանդիպումը Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ:

Նախարարները անդրադարձան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, տարածաշրջանային մի շարք խնդիրների: 

Այս խորագրի վերջին նյութերը