Լրահոս

31.08.2012 23:09


Էդվարդ Նալբանդյան. «Ադրբեջանի համար սովորական է դարձել միջազգային իրավունքի հիմնարար նորմերի խախտումը»

Էդվարդ Նալբանդյան. «Ադրբեջանի համար սովորական է դարձել միջազգային իրավունքի հիմնարար նորմերի խախտումը»

Հատվածներ Թեհրանում կայացած  Չմիացած երկրների շարժման 16-րդ գագաթաժողովում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից. 
«Համոզված եմ, որ կարեւոր է այս հարգարժան լսարանին ներկայացնել Ադրբեջանի կողմից գագաթաժողովի հայտարարության 391-րդ պարբերության շուրջ իրականացված մանիպուլյացիաների վերաբերյալ իրողությունը: 
Ադրբեջանը ընդհամենը մեկ տարի առաջ դարձավ Չմիացած երկրների շարժման անդամ, եւ արդեն փորձում է շահարկելով իր անդամակցությունը, թյուրիմացության մեջ գցել կազմակերպության անդամ երկրներին՝ ուղղորդելով նրանց միջազգային հանրության դիրքորոշումների դեմ: Սա հակասության մեջ է մտնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությանը, ոգուն ու ձեւակերպումներին, որոնք արտացոլված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ղեկավարների լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում եւ Լոս – Կաբոսում ընդունված հայտարարություններում, ինչպես նաեւ ԵԱՀԿ շրջանակներում՝ Աստանայի գագաթաժողովի, Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի, Վինլյուսի նախարարական հանդիպումների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունված հայտարարություններում: 
Այս փաստաթղթերը կարևորում են միջազգային իրավունքի երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման անկյունաքարային տարրեր: 
Ցավոք, 391-րդ պարբերությունը անտեսում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը եւ չի օգտագործում միջազգայնորեն ընդունված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» եզրույթը»:
Նման մոտեցումը ոչ միայն վտանգում է բանակցային գործընթացը եւ փխրուն իրավիճակը հակամարտության գոտում, այլեւ հակասում է Չմիացած երկրների շարժման հիմնարար սկզբունքներին:
Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը շարժման հիմնադրման օրվանից եղել և մնում է վերջինիս հիմնասյուներից մեկը, որն ընդգծված է բոլոր գագաթաժողովների եւ նախարարական հանդիպումների փաստաթղթերում: 
Ադրբեջանի համար սովորական է դարձել միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը: Այդ առումով որեւիցե մեկի համար անակնկալ չէ, որ Ադրբեջանը, հանդիսանալով Չմիացած երկրների շարժման անդամ, շարունակաբար խախտում է «Բանդունգի սկզբունքները»՝ խտրականություն եւ ազգային ատելություն քարոզելով: Միջազգային կազմակերպությունները բազմիցս համապատասխան գնահատականներ են տվել Ադրբեջանում քսենոֆոբիայի, ռասիզմի եւ անհանդուրժողականության դրսեւորումներ: Նման վարքագիծը հարիր չէ Չմիացած երկրների շարժման անդամ պետությանը և ավելին, հարված է հասցնում այս կազմակերպության հեղինակությանը»:

 

Այս խորագրի վերջին նյութերը