Քաղաքական

31.08.2012 00:38


ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտե. «Նախագահական ընտրությունից առաջ նմանատիպ ՏԻՄ ընտրությունները մտահոգիչ են»

ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտե. «Նախագահական ընտրությունից առաջ նմանատիպ ՏԻՄ ընտրությունները մտահոգիչ են»

ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեն հայտարարություն է տարածել Կապանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արթուր Աթայանի ինքնաբացարկի վերաբերյալ։ Դրանում ասված է.

 «Տեղական ընտրությունների կապանյան ընթացքը ցույց է տալիս, որ այն հեռու է ընտրություն կոչվելուց: Մրցապայքարի հենց սկզբից պարզ դարձավ, որ իշխանությունը խնդիր է դրել ամեն գնով փոխել մարզկենտրոնի քաղաքապետին` այդ ճանապարհին կանգ չառնելով որեւէ միջոցի առաջ: Սյունիքի մարզպետը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը, ուժային կառույցների ղեկավարները, իշխանության այլ ներկայացուցիչներ ահաբեկման, վախի, շանտաժի մեթոդներ էին կիրառում իրենց ենթակա հիմնարկների աշխատակիցների, գործարարների նկատմամբ:

 Կապանի գործող քաղաքապետը, ով ինչպես այս, այնպես էլ նախորդ անգամ մրցապայքարի էր ելել ինքանառաջադրման եղանակով, ցանկություն էր հայտնել վերընտրվել: Արթուր Աթայանին պաշտպանելու պատրաստակամություն էին հայտնել մի շարք քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ, այդ թվում ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեն: Մեզ համար անընդունելի է տեղական ընտրության կուսակցականացումը` հաշվի առնելով, որ հատկապես փոքր քաղաքներում կրքերի շիկացումը հանգեցնում է ակնհայտ թշնամանքի, 1937թ. հիշեցնող մթնոլորտի:

 Գործող քաղաքապետի ընտրապայքարից հարկադրական հրաժարումը եւ ԶԼՄ-ներով նրա տարածած հայտարարությունը բացահայտում են Կապանում տեղի ունեցողի ողջ անօրինականությունը: Արդյունքում իշխանական-հանրապետական թեկնածուն մնացել է առանց մրցակցի:

 Ելնելով Կապանում ստեղծված վիճակից` ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեն դիմում է հանրապետության ղեկավարությանը` պահանջելով վերջ տալ ընտրություն կոչվող ներկայացմանը: Առաջարկում ենք` անվավեր ճանաչել այս ընտրությունը, պատժել բոլոր այն պաշտոնյա-պատասխանատուներին, ում ջանքերով հերթական կոչված ընտրությունը վերածվեց ֆարսի: Նախագահական ընտրությունից առաջ նմանատիպ ՏԻՄ ընտրությունները մտահոգիչ են: Պահանջում ենք քաղաքական եւ իրավական գնահատական տալ կատարվածին: Եթե «ընտրություն» կոչված այս ներկայացումը այնուամենայնիվ կայանա, կապանցիներին կոչ ենք անելու բոյկոտել եւ մասնակից չդառնալ այդ խայտառակությանը»:

 

Այս խորագրի վերջին նյութերը