Լրահոս

30.08.2012 12:57


Բացահայտվել են մաքսային կանոնների խախտման և ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր

Բացահայտվել են մաքսային կանոնների խախտման և ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային և մաքսային ոլորտներում: Այդ միջոցառումների շրջանակում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մի շարք դեպքեր են բացահայտել: Այսպես, «Ապավեն Տերմինալ» մաքսային հսկողության տարածքում, ՀՀ ներմուծված վառելիքը տեղափոխող 5 ցիստեռն-ավտոմեքենաների արտաքին նախնական զննման արդյունքում պարզվել է, որ ակնհայտ տարբերություն կա Մեղրիի մաքսակետում հայտարարագրված և առկա բեռի  միջև: Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները պարզել են, որ եռակցման միջոցով ավտոմեքենաների վրա ստեղծվել է վառելիքի արհեստական արտահոսք` հատուկ տեղադրված ճկախողովակի միջոցով: Չնայած իրանցի վարորդները փաստի վերաբերյալ սկզբում իրարամերժ բացատրություններ են տվել, պատճառաբանելով, որ իբր մեքենայի առկա պահեստային ջուրն օգտագործելու նպատակով են դիմել նման հնարքի, սակայն թարգմանչի օգնությամբ, այնուհետև խոստովանել են, որ մաքսային վճարներից խուսափելու նպատակով  են վառելիքը վերցրել վաճառքի: Մաքսային կանոնների խախտման նմանատիպ մեկ այլ դեպք էլ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից օրերս  կանխվել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը. Իրանից ներմուծված ավելի քան 41 տոննա ընդհանուր քաշով դիզելային վառելիքը տեղափոխող ավտոմեքենայի արտաքին նախնական զննման ժամանակ, աչալուրջ մաքսավորների ուշադրությունից չի վրիպել այն, որ ավտոմեքենայի մաքսային ապահովման միջոցներից մեկը պոկված է, սակայն խնամքով քողարկված: Այս դեպքում էլ պարզվել է, որ որ բեռի ընդհանուր քաշը պակաս է շուրջ 2 տոննայով:

Իսկ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխաատկիցներն էլ օրերս առանց պետական գրանցման, լիցենզիայի և հարկային մարմիններում հաշվառվելու` անօրինական գործունեության մի շարք դեպքեր են բացահայտվել Երևանում և մարզերում:  Այսպես, վարչության 32-րդ բաժնի աշխատակիցներնն օրերս ապօրինի գործունեության դեպք են կանխել Կոտայքի մարզի Արզական գյուղում: Պարզվել է, որ նույն գյուղի բնակիչ Արտաշես Հովհաննիսյանն առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու, փորձել է իրականացնել ստորերկրյա տաք հանքային ջրի արդյունահանում` ռեկրեացիոն, մասնավորապես լողավազաններում կիրառելու նպատակով: Միաժամանակ ակտիվացել են ապօրինի ատամնաբուժարանների նոր դեպքերի բացահայտումները: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մեկ այլ դեպք է բացահայտվել է Երևանում. քաղաքացի Աշոտ Կարապետյանն առանց համապատասխան պետական գրանցման, Նորագավիթում ատամնատեխնիկի գործունեությամբ էր զբաղվում:  Արարատի մարզի Այնթապ  գյուղում էլ հարկային դաշտից դուրս ատամնաբուժական ծառայություն էր մատուցում քաղաքացի Արթուր Մկրտումյանը:  Իսկ Օպերատիվ հետախուզության վարչության 19-րդ բաժնի աշխատակիցներն էլ ապօրինի գործունեության մի շարք դեպքեր են բացահայտել Սյունիքի մարզում, այդ թվում` ստվերում գործող ատամնաբուժարաներ: Կապանի Շահումյան և Հունան Ավետիսյան փողոցներում հայտնաբերվել է ատամանաբուժական 2 կլինիկա, իսկ Հալիձոր թաղամասի 3-րդ շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում` հարկային դաշտից դուրս գործող մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրամաս:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը