Լրահոս

30.08.2012 12:26


Սեպտեմբերի 1-ին ընդառաջ. ոստիկանությունը «Զգուշացե՛ք, երեխաներ» կարգախոսով ոչ թե տասնօրյակ, այլ միամսյակ կանցկացնի

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ. ոստիկանությունը «Զգուշացե՛ք, երեխաներ» կարգախոսով ոչ թե տասնօրյակ, այլ միամսյակ կանցկացնի

Այսօր հրավիրված մամլո ասուլիսին Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից սկսած՝ ոստիկանությունը ոչ թե 10 օր, ինչպես նախկինում էր, այլ մեկ ամիս առավելագույնս կպաշտպանի դպրոցականների անվտանգությունը ճանապարային պատահարների վտանգից:

Նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը. օրինակ՝ նախորդ տարի տասը օրվա ընթացքում Երևանում գրանցվել էր 6 պատահար՝ 6 վիրավորով, որոնց շարքում կային երեխաներ, իսկ տասնօրյակի ավարտից հետո երեխաների մասնակցությամբ պատահարների քանակը ավելացել էր՝ հասնելով 25-ի:

Նորիկ Սարգսյանը հաղորդել է նաև, որ հանրապետության դպրոցների շրջակայքում կատարվել են համապատասխան գործողություններ, մասնավորապես՝ անհրաժեշտության դեպքում գծանշումներ են արվել կամ վերացվել, հին գծանշումները թարմացրել են և այլն: Դպրոցների մոտակայքում ամբողջ օրը կարգախմբերը պարեկություն են իրականցնելու, հատկապես ուշադրության կենտրոնում է լինելու այն ժամանակահատվածը, երբ դպրոց են բերում և տանում առաջինդասարանցիներին:

Բանախոսը քաղաքացիներին կոչ է արել քայլել մայթերով, ճանապարհն անցնել սահմանված վայրերով, հետևել լուսացույցի նշաններին, իսկ վարորդներին՝ լինել ուշադիր, հատկապես՝ դպրոցների կողքով անցնելիս: Նորիկ Սարգսյանը հատուկ անդրադարձել է նաև այն դեպքերին, երբ երեխաներին դպրոց են բերում միանգամից մի քանի մեքենաներով, ինչը խցանում է առաջացնում ճանապարհին։ Նա շեշտել է, որ նման ծնողները, ովքեր մեծ մասամբ պաշտոնյաներ են, կտուգանվեն 10-20 հազ. դրամով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը