Կարծիք

28.08.2012 16:57


Հայաստանն օգնություն է աղերսում

Հայաստանն օգնություն է աղերսում

Մի քանի ամիս անց մենք կմասնակցենք Հայաստանի պատմության մեջ վեցերորդ նախագահական ընտրություններին: Արդեն այսօր պարզ է, որ հակառակ տրամաբանության, ՀՀԿ առաջնորդը պատրաստվում է կրկին առաջադրել իր թեկնածությունը եւ պահպանել նախագահի պաշտոնը:

Անկախ սոցհարցումները վկայում են, որ գործող նախագահի իրական վարկանիշը շատ մոտ է հողի մակերեւույթին: Միամիտ կլինի կարծել, թե Սերժ Սարգսյանն այս մասին չգիտի: Լավ էլ գիտի, բայց ինչպես հինգ տարի առաջ, այնպես էլ հիմա նա առաջադրվելու է: Եւ այստեղ բնական հարց է առաջանում, թե այս անգամ ու՞մ վրա է հենվելու Սերժ Սարգսյանը:

 Գաղտնիք չէ, որ 2008-ին նա հենվեց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած բուրգի վրա: Այսօր այդ բուրգը չկա, ավելին, Ռոբերտ Քոչարյանն իրեն խորհրդարանական ընտրություններից առաջ հստակ տարանջատեց Սերժ Սարգսյանից: Անցած տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը հասցրեց այնպիսի հարվածներ հասցնել բիզնեսին, որ նրանց վրա էլ չի կարող հենվել:

Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան թվում է: Սերժ Սարգսյանին աջակցելու են նրանք, ովքեր աջակցեցին 2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանի հույսը ոստիկանական ռեսուրսն է, մի քանի անգամ քվեարկող զինվորականները, փող վերցնողները եւ այսպես կոչված շրջիկ խմբերը: Այսուհանդերձ, Սերժ Սարգսյանը եւ նրա թիմը մի կարեւոր հանգամանք հաշվի չեն առնում: Բանն այն է, որ հասարակության մոտ, որքան էլ որ տխուր կամ անցանկալի լինի, խորհրդարանական ընտրությունները չեն կարեւորվում այնքան, որքան նախագահականը: Այնպես որ, այն ամենն ինչ եղավ մայիսին, հաջորդ տարվա փետրվարին չի կարող լինել: Իհարկե, նորից կգտնվեն փող վերցնողներ, կգտնվեն շրջիկ խմբերին անդամագրվել ցանկացողներ, կլինեն զինվորներին ապօրինի հրաման տվողներ, բայց կլինի նաեւ հասարակական հզոր հակազդեցություն: Պարզ ասած, եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ հասարակական հզոր հակազդեցություն չեղավ, ապա նախագահական ընտրությունների ժամանակ այդպես չի կարող լինել:

Բաղրամյան 26-ում այս ամենը լավ են հասկանում: Այս ու այնտեղ ծլող «քաղաքացիական նախաձեռնություններն» էլ ստեղծվում են այն հույսով, որ նրանք կկարողանան փետրվարին գրավել փողոցի գոնե մի հատվածը` մեղմելով հասարակական հակազդեցությունը:

Պարզից էլ պարզ է, որ Սերժ Սարգսյանը հույսը չի կարող դնել ՕԵԿ-ի կամ Արտաշես Գեղամյանի վրա: Նրանք այլևս անպետք են մարդկանց խաբելու հարցում։ Ակնհայտ է, որ նա չի կարող կանգնել եւ ասել, թե ինձ պաշտպանում են կիսահանցագործ տարրերը կամ հույսս դնում եմ զինվորների միքանիանգամյա քվեարկության վրա:

Այնպես որ, այն ուժերը, որոնք գտնվում են Սերժ Սարգսյանի տիրույթից դուրս հենց այսօրվանից պետք է ամեն ինչ անեն, չեզոքացնելու բոլոր այն հակաօրինական միջոցները, որոնք իշխանություններին կօգնեն կեղծել եւ պահպանել իշխանությունը:

Առաջին հայացքից դա կարող է դժվար եւ նույնիսկ անհնար թվալ, բայց դա միայն առաջին հայացքից: Իհարկե, Սերժ Սարգսյանին աջակցող խմբակից կլինեն մարդիկ, որոնք տխուր դեմք կընդունեն եւ կասեն, թե միեւնույնն է ոչինչ չի փոխվի կամ սրանք կրակող են եւ ավելի լավ է սուս ու փուս նստենք եւ համակերպվենք այս իրականության հետ:

Իրականում արդեն հասել ենք մի կետի, երբ անհանր է, որ փոփոխություններ, արմատական փոփոխություններ չլինեն: Եթե հանկարծ ամեն ինչ ընթանա իշխանությունների սցենարով, ապա Հայաստանը որպես այդպիսին այլեւս չի կարող գոյություն ունենալ: Ակնհայտ է, որ գործող իշխանությունները որեւէ դրական քայլ չեն կարող անել, որ երկրի բարոյահոգեբանական եւ սոցիալ–տնտեսական իրավիճակը փոխվի: Նախ նրանք դա չեն ուզում, երկրորդ` ցանկանան էլ չեն կարող: Իսկ եթե երկրում դրական տեղաշարժեր չլինեն, ապա առանց այն էլ հսկայական ծավալների հասած արտագաղթի տեմպերը կաճեն աննախադեպ ծավալներով: Իսկ այս դեպքում երկրի հետագա գոյությունը կվտնագվի:

Այս դեպքում Ամերիկան է՛լ, Ռուսաստանն է՛լ ոչնչով մեզ չեն կարող օգնել: Եթե մենք մեզ չենք օգնում, ապա դրսից որեւէ մեկը չի էլ օգնի: Այնպես որ, պետությունը խաղալիք չէ, որ թույլ տանք նրա հետ հավերժ խաղան: Եկել է այն պահը, երբ արդեն պետք են լուրջ եւ կոնկրետ քայլեր իրականացնել: Ժամանակն է, որ բոլոր նրանք, ովքեր գիտակցում են թե ինչ վիճակում է հայտնվել երկիրը` ջանքեր գործադրեն երկիրը փրկելու համար: Ընդ որում, սրանք արդեն զուտ խոսքեր չեն: Երկիրն իրոք փրկության կարիք է զգում:

Վարդան Մխիթարյան        

Այս խորագրի վերջին նյութերը