Լրահոս

27.08.2012 22:28


«Միջնորդական» առաջարկներ

«Միջնորդական» առաջարկներ

Թուրքիայի արտգործ նախարարի կատարած հայտարարությունները անարձագանգ պետք չէ թողնել։ Հայտարարության բովանդակության ծանոթացողը կիմանա, որ Անկարան կինքնաառաջադրվի նախ Արցախի հարցին ուղղությամբ միջնորդի դեր ստանձնելու: Այս ինքնակոչ միջնորդության առաջարկը նոր չէ ի հարկե: Հերթական պատեհ առիթի Անկարայի կողմից կհանկերգվի այս առաջարկը, որ նույն հետեւողականությամբ ալ չի արժանանում միջազգային արձագանգի:

Պարզ է, որ Թուրքիան միացած է Ադրբեջանի քաղաքական այն աշխատանքին, որը նպատակ ունի միջնորդական ձեւաչափը փոխել եւ հակամարտության բանակցությունները տեղափոխել այլ հարթություն (նախ եւ առաջ` ՄԱԿ): Այս նկատառումով ալ հայտարարությունը շատ համահունչ է թուրքեւադրբեջանական միացյալ քաղաքականությանը եւ այստեղ որեւէ հակաօրինաչափ երեւույթ բնականաբար չի նկատվում:

Այստեղ բանակցությունների միջավայրի առաջարկն է, որ միջնորդական առաքելության ինքնաստանձնում  է ենթադրում: Թուրքիայում հակամարտության ուղղությամբ բանակցություններ վարելու հրավերը բնականաբար գերմիջնորդի դերի ստանձնումի համազոր է։ Պարզ է սակայն, որ միջնորդը այս դեպքում այն կողմն է, որը միացել է  Բաքվի պահանջների ամբողջականության եւ Արցախից ու ազատագրված բոլոր տարածքներից հայկական ուժերի հեռացումը անքննարկելի  է նկատում: Ավելի՛ն, Երեւանի հետ իր հարաբերությունների բնականոնացումը պայմանավորում է  անքննարկելի պահանջների իրականացումով: Նման դեպքում, դժվար ընկալելի է, թե ինչի՞ շուրջ պիտի կայանան բանակցությունները եւ ի՞նչ տեսակ միջնորդի դեր պիտի ստանձնի հակամարտող կողմերից  մեկին հովանավորողը:

Նման պահի այս տեսակ հայտարարություն կատարելը որոշ հարցականներ  է ստեղծում: Բանակցությունների անմիջականության առջեւ չի գտնվում հակամարտության թղթածրարը: Հայտարարության երկրորդ բաժինը կարող է լույս սփռել ընտրված պահի շարժառիթին վրա:

Թուրքիայի  արտգործ  նախարարը նույն միջավայրը իբրեւ բանակցային տեղ է առաջարկում այս անգամ Սիրիայի խնդիրները քննարկելու համար: Հիմնավորելով` «Թուրքիան շրջանին մեջ առկա հակամարտությունները լուծելու քաղաքականություն  է վարում, որի շնորհիվ Թուրքիան շրջանի առաջատար երկիրն է դարձել»:

 Մի պահ հետաձգենք հակամարտություններ լուծելու Թուրքիայի քաղաքականության արդյունքների քննարկումը, պարզապես ընդգծելու համար, որ նույնքան դժվար է այս դեպքում եւս կողմ զինող, նույն կողմին կեդրոններ տրամադրող, մյուս կողմին տապալումը պահանջող, անվերջ սպառնալիքների լեզվով խոսող մի երկրի միջնորդությունը պատկերացնելը: Անկարայի պահանջները, կողմնորոշումներն ու ցուցաբերած օժանդակությունները այս խնդրում եւս հստակ են, եւ դժվար է պատկերացնելը, թե նման պայմաններում ինչպիսի՞ միջնորդության մասին է խոսքը:

Անշուշտ, երկու խնդիրների միջեւ զուգահեռը, որը գծել է նախարար Դավութողլուն, խաբկանքի քաղաքականության ցցուն դրսեւորում է: Արցախը ազգային ազատամարտի եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների առանցքային հանգամանք ունի, մինչ Սիրիան աշխարհաքաղաքական ուժերի ծրագրի իրականացման կարեւոր հանգրվան է: Երկուքը համադասակարգելը եւ միջնորդության առաջարկ կատարելը հրատապության հավասարեցումի ձախող փորձ է եւ առաջարկին համար հող շահելու ապարդյուն քայլ:

 

 

 

Նույնիսկ այս առիթով թուրք նախարարը պահը օգտագործած է լիարժեք ժխտողականություն դրսեւորելու: Այն հարցումին, թե «արդյո՞ք դռները բաց են նաեւ այն հայերի համար, որոնց  նախնիները գաղթած են Թուրքիայից 1915 թվականին», նախարարը ըսած է. «Վիճակը այնպիսին է, որ մոռացության կմատնվի նաեւ 1915 թվականի իրավիճակը: Մեր մշակույթը այնպիսին է, որ մենք ոչ մեկի նկատմամբ ատելություն կտածենք եւ քինախնդիր չենք: Մեր դռները բաց են բոլորի առջեւ»:

Փաստորեն, ինքնակոչ միջնորդը մի հայտարարությունում հասցրել է արծարծել թե՛ Արցախի հարցը, թե՛ Սիրիայի եւ սիրիահայերի խնդիրները եւ թե՛ Ցեղասպանությունը մոռացության մատնելու հրամայականը:

 Պաշտոնական Երեւանի պատասխանը համարժեք չէր: Արտգործ նախարարի տեղակալը կբավարարվեր ասելով, որ Անկարան խեղաթյուրում է Արցախի հարցը: Մինչդեռ հայտարարությունը ընդգրկում է նաեւ Ցեղասպանության ժխտումն ու սիրիահայերը «հյուրընկալելու» կեղծիքը:

Մի պահ մը շրջանցենք սիրիական թղթածրարին բանակցությունների վայրի ճշդումի հարցը: Ասենք սակայն հաստատ, որ ո՛չ Արցախի բանակցությունները կտեղափոխվեն Իսթամպուլ, ո՛չ Հայոց ցեղասպանությունը մոռացության կմատնվի, ո՛չ ալ սիրիահայերը կփափաքին հյուրընկալվել Թուրքիա: Որտեղից  բռնի տեղահանվեցին եւ ցեղասպանության ենթարկվեցին:

 Շահան Գանտահարյան

«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը