Լրահոս

24.08.2012 19:47


Մեղադրվում է սպանությանն օժանդակելու եւ խուլիգանություն կատարելու մեջ

Մեղադրվում է սպանությանն օժանդակելու եւ խուլիգանություն կատարելու մեջ

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Մ. Մաքոյանի` առանձին դաժանությամբ սպանությունը կատարելուն օժանդակելու եւ խուլիգանության մեջ մեղադրվող Վ. Խաչատրյանի մասով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: 

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2005թ. օգոստոսի 11-ին` ժամը 01:00-02:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Չեխովի փողոցում Զ. Մկրտչյանը, Վ. Մկրտչյանը, Հ. Սահակյանը, Ս. Տեր-Մելիքսեթյանը եւ Վ. Խաչատրյանը վիճաբանել են Մ. Մաքոյանի հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` ծեծի են ենթարկել նրան` վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: 

Դաժան ծեծի ենթարկելուց հետո Հ. Սահակյանն ու Վ. Մկրտչյանը բռնել են Մ. Մաքոյանի ձեռքերը: Այդ ժամանակ Զ. Մկրտչյանը` Մ. Մաքոյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դանակի 7 հարված է հասցրել նրա կրծքավանդակին եւ սպանել նրան:

Իսկ Վ. Խաչատրյանը եւ Ս. Տեր-Մելիքսեթյանը, այդ ընթացքում կանգնելով Մ. Մաքոյանի թիկունքում, զրկել են նրան պաշտպանվելու, փախչելու  հնարավորությունից` այդկերպ օժանդակելով Հ. Սահակյանի, Զ. եւ Վ. Մկրտչյանների կողմից սպանության կատարմանը:

Դեպքից հետո Վ. Խաչատրյանը դիմել էր փախուստի: 2005թ-ի դեկտեմբերի 29-ին Վ. Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: 

2012թ. հուլիսի 6-ին հետախուզվող մեղադրյալ Վ. Խաչատրյանը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից:

2012թ. օգոստոսի 17-ին Վ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նշենք, որ Հ. Սահակյանի, Ս. Տեր-Մելիքսեթյանի, Զ. եւ Վ. Մկրտչյանների նկատմամբ դեռեւս 2009թ-ի փետրվարի 4-ին էր կայացվել մեղադրական դատավճիռ, որով վերջիններս մեղավոր են ճանաչվել եւ դատապարտվել երկարատեւ ազատազրկման:

 

Այս խորագրի վերջին նյութերը