Կարծիք

24.08.2012 15:26


Եթե օրենք ստեղծողն այսպիսին է, բա երկրի վիճակն ի՞նչ կլինի

Եթե օրենք ստեղծողն այսպիսին է, բա երկրի վիճակն ի՞նչ կլինի

Բարեկամներ, մեր հերթական հանդիպումը կկայանա սեպտեմբերի 1-ին ժամը 20։00-ին՝ Ազատության հրապարակում Թումանյանի արձանի մոտ։

Մինչ այդ տեղեկացնում եմ որ 50 նախաձեռնություններից 2-ն արդեն իրականացրել եմ։ Այսօր ԱԺ-ում ներկայացրել եմ "նվազագույն աշխատավարձը 2013թ հունվարի 1-ից 72500 դրամ" դարձնելու և "բնապահպանության և բնօգտագործման վճարների մասին" օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունները։ 1-ինով նախատեսվում է 32500 դրամից նվազագույն աշխատավարձը դարձնել 72500 դրամ։

2-րդի 13.4 կետով մետաղական հանքեր մշակող ձեռնարկությունների համար (պղինձ, մոլիբդեն և այլն) ռոյալթին նախատեսված է շահութաբերություն բաժանած 8-ի։ Այսինքն, կոպտորեն ասած եթե այդ հանքերից արդյունահանված մոլիբդենի կամ պղնձի իրացումից ստացվել է x գումարի շահույթ, ապա դրա 1/8-ը մտնում է բյուջե, իսկ 7/8-ը մտնում է օլիգարխի գրպանը։ Այդ 8 թիվը մի առիթով անվանել եմ հայկական "п" թիվ։ 

Այս փուլում առաջարկել ենք 2 թիվը՝ այսինքն հասույթը գոնե կիսենք հասարակության և օլիգարխների միջև։ Սա իհարկե կիսատ լուծում է։ Ընդհանրապես պետք է այսպես լինի. պետությունը ելնելով հանքանյութի միջազգային գնից ամեն տարի պետք է հայտարարի այն գինը, որով ՀՀ տարածքում վաճառվում է 1տ հանքանյութը։

Բայց սա կհասցնեմ մի քանի ամիս հետո։ Պետք է նշեմ, որ այս նախագծերը ակտիվորեն քննարկվել են մեր՝ ՀԱԿ-ի ֆրակցիայում։ Կոլեգաներս արժեքավոր դիտողություններ արեցին։ Այնպես որ դրանք նաև ֆրակցիայինն են։ Եթե ԱԺ-ում կազմակերպչական խոչընդոտներ չլինեն, ապա սեպտեմբերին հանրապետական մեծամասնությունը ստիպված է այո կամ ոչ ասելու նախաձեռնությանը։ Խոչընդոտների մասով խոսքս անտեղի չէ։ ԱԺ աշխատանքները շատ վատ են կազմակերպված՝ սկսած աշխատանքային կարգապահությունից մինչև համակարգը։ Մեծ հաշվով այն ԱԺ չէ, այլ նախարարության պես մի բան։ 

Օրինակ, պատգամավոր կա, որ մեկից ավել սենյակ ունի, մյուսներ 1-ական։ Որոշ պատգամավորներ էլ իրենց ուժերով մետաղյա պլաստիկից լուսամուտներ են դնում։ Աղքատ պատգամավորները այդ հնարավորությունը չունեն և այլն։ Կարող են թուղթ ստորագրել՝ չկատարել։ Եթե օրենք ստեղծողն այսպիսին է, բա երկրի վիճակն ի՞նչ կլինի։

 ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյան 

Այս խորագրի վերջին նյութերը