Լրահոս

24.08.2012 22:59


Աբխազիայի նախագահը դեմ է Ռուսաստան տանող նոր ճանապարհի կառուցմանը

Աբխազիայի նախագահը դեմ է Ռուսաստան տանող նոր ճանապարհի կառուցմանը

Ճանապարհաշինության ծրագրի աննպատակահարմարությունը նախագահ Անկվաբը պատճառաբանում է բնապահպանական խնդիրներով, սակայն իրականում այն քաղաքական եւ տնեսական արմատներ ունի:

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը կտրականապես դեմ է երկիրը կարեւորագույն դաշնակից եւ հարեւան Ռուսաստանի հետ կապող երկրորդ ցամաքային ճանապարհի կառուցման նախագծին, չնայած շատերը կարծում են, որ նոր մայրուղին կարող է տնտեսական համագործակցության նոր հորիզոններ ստեղծել:

Քանի որ Վրաստանը շարունակում է Աբխազիան իր տարածքի մի մասը համարել, ցամաքային երթեւեկությունը եւ բեռնափոխադրումները դեպի երկիր եւ նրանից դուրս իրականացվում են Ռուսաստանի սեւծովյան ափամերձ տարածքում գտնվող սահմանային անցակետով: Երկրի արեւելյան հատվածում վեր են խոյանում Կովկասյան բարձրաբերձ լեռները՝անանցանելի դարձնելով ռուս-աբխազական սահմանը:

Ներկայում երկու երկրների միջեւ հաղորդակցությունն ապահովում է լեռնային ճանապարհը, սակայն ռուսական կողմն առաջարկել է վերանորոգել Աբխազիա տանող ճանապարհը, որը կառուցվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Այս ճանապարհը կարող է աշխուժացնել առեւտուրը եւ տրանսպորտային հաղորդակցությունը, ինչպես նաեւ թեթեւացնել Փսոու գետի վրա գործող անցակետում գոյացող խցանումները: Բացի այդ,Աբխազիային իր ռազմավարական դաշնակցի հետ կապող նոր ցամաքային ճանապարհը կարող է անվտանգության առումով առավել շոշափելի արդյունքներ բերել:

Ի տարբերություն Ալեքսանդր Անկվաբի`նախկին նախագահ, հանգուցյալ Սերգեյ Բագապշը մշտապես կողմ էր Ռուսաստանին կապող այլընտրանքային ճանապարհի կառուցման ծրագրերի իրականացմանը:

Այս ճանապարհի շնորհիվ`Աբխազիան կարող է Սեւ ծովով Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ կատարվող բեռնափոխադրումների համար տարանցիկ երկիր դառնալ:

Աբխազիայում գործող «Այնար» լրատվական ակումբի փորձագետ Սպարտակ Ժիդկովը նշում է, որ նոր ճանապարհը թույլ կտա Հյուսիսային Կովկասում գործող ընկերություններին դուրս գալ եվրոպական շուկա աբխազական նավահանգիստների միջոցով եւ նվազեցնել իրենց կախվածությունը ռուսական ներքին շուկայից:

Այս պահին շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության  Կաբարդինո-Բալկարայի շրջանի տեղական իշխանությունները բանակցություններ են վարում բրիտանական ընկերության հետ Կլուխորի լեռնանցքով եւ Աբխազիայի տարածքում գտնվող Կոդորի կիրճով անցնող ճանապարհի շինարարության վերաբերյալ:

Հուլիսի 19-ին տեղի ունեցած իր ելույթի ընքացքում, սակայն, նախագահ Անկվաբը հերքեց ճանապարհի կառուցման հեռանկարները:

«Որպես այս հանրապետության քաղաքացի եւ ղեկավար, ես դեմ եմ այս նախագծին, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոդորի կիրճը յուրահատուկ բնապահպանական նշանակություն ունեցող տարածք է մեզ համար: Մենք պետք է պահպանենք այն իր առաջնային տեսքով. սա է իմ խորին համոզմունքը: Աբխազիայում բնապահպանները խիստ սկզբունքային են եւ երբեք իրենց համաձայնությունը չեն տա նման նախագծի իրագործման համար: Իսկ մենք նրանց չենք ստիպի դա անել»,- հայտարարել է նա:

Ժիդկովը խոստովանում է, որ ճանապարհի շինարարությունը եւ հետագայում այն պահպանելը մեծ գումարներ է պահանջելու եւ հնարավոր է, որ այն չկարողանա իր վրա վերցնել ռուսական Սոչի քաղաքի օդանավակայանից ընդամենը մի քանի կիլոմետր հարավ տեղակայված Փսոուի անցակետով կատարվող երթեւեկության մեծ մասը:  

«Նույնիսկ այն դեպքում, եթե Չերկեսկում [գտնվում է Հյուսիսային Կովկասում] նոր օդանավակայան կառուցվի, զբոսաշրջիկները, միեւնույն է, կնախընտրեն հերթ կանգնել հին մաքսակետի մոտ՝լեռնային ճանապարհով մի քանի հարյուր կիլոմետր անցնելու փոխարեն»,- հավելում է նա:

Փորձագետի կարծիքով, քաղաքական գործոններն իրնեց հերթին կխոչընդոտեն միջազգային նոր առեւտրային ուղիների ստեղծմանը:

«Ճանապարհ կառուցելով՝անմիջապես նոր շուկաներ չեն ստեղծվի: Առ այսօր միայն թուրքական նավերն են կայանել աբխազական նավահանգիստներում: Ո՛չ Ռումինիան, ո՛չ էլ Բուլղարիան հետաքրքրություն չեն ցուցաբերում տեղական արտադրանքի նկատմամբ, եւ եթե անգամ նման հետաքրքրություն լիներ, վրացի դիվանագետները հեշտությամբ վերջ կտային ստեղծվող կապերին: Թուրքիան Վրաստանի առաջին իսկ պահանջով փակեց իր նավահանգիստները  աբխազական նավերի համար», - նշում է Ժիդկովը:

Միեւնույն ժամանակ, Աբխազիայի նախագահի մեկնաբանությունները շատերը դիտարկում են որպես նախկին նախագահ Բագապշի՝Հյուսիսային Կովկասի ռուսաստանյան հատվածի հետ սերտ կապեր հաստատելու քաղաքականությունից հրաժարվելու փորձ եւ արհամարհանքի դրսեւորում Հյուսիսային կովկասի արեւմուտքում բնակվող չերքեզական ազգաբնակչության նկատմամբ, որն էթնիկական առումով մոտ է աբխազներին:

«Պետք է ափսոսանքով խոստովանենք, որ Աբխազիայի նախագահը հրաժարվել է Հյուսիսային Կովկասի հետ ինտեգրման քաղաքականությունից: Սա հաստատում է մեր այն կասկածները, որ նա կտրականապես դեմ է Հյուսիսային Կովկասի և, հատկապես, չերքեզների հետ սերտ հարաբերությունների հաստատմանը», - եզրակացնում է Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում բնակվող ազգությամբ չերքեզ ակտիվիստ Ասլան Բեշտոն:

Անահիտ Գոգորյան, «Չեգեմսկայա պրավդա» թերթի թղթակից

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից 

Այս խորագրի վերջին նյութերը