Աշխարհ

24.08.2012 13:55


ԱՄՆ-ի` զենքի վաճառքը դադարեցնելու որոշումը չի կանգնեցնի Ադրբեջանին

ԱՄՆ-ի` զենքի վաճառքը դադարեցնելու որոշումը չի կանգնեցնի Ադրբեջանին

Ադրբեջանի սպառազինությունների առյուծի բաժինը գնվում է հետխորհրդային երկրներից:

Փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ի`Ադրբեջանին այլեւս զինամթերք չվաճառելու մասին որոշումը, որի պատճառը Հայաստանի դեմ այն օգտագործելու հավանականությունն է, չի ազդի երկրի սպառազինության աճող ծավալների վրա:

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը մտադիր էր Ադրբեջանին ներառել այն պետությունների ցանկի մեջ, որոնք իրավունք ունեն երկրից զինամթերք գնել, մասնավորապես սահմանների պաշտպանության եւ ոստիկանության պատրաստվածության զարգացման նպատակով, սակայն հունիսի 27-ին այն փոխեց իր որոշումը, երբ կոնգրեսական Հովարդ Բերմանը գրավոր դիմում ներկայացրեց Պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որտեղ, մասնավորապես նշվում էր. «Այս սպառազինությունը կարող է օգտագործվել սահմանամերձ գոտում հայերին հայտնաբերելու, նրանց հետեւելու կամ նրանց վրա հարձակվելու նպատակով»:

1991-ին ձեռք բերած անկախությունից ի վեր, Բաքուն ջերմ հարաբերություններ է հաստատել Վաշինգտոնի հետ. ամերիկյան նավթային ընկերությունները ներդրումներ են կատարում այստեղ, իսկ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, օրինակ`զինված ուժերի ջոկատ ուղարկելով Աֆղանստան:

Նավթի արտահանումից գոյացող նշանակալի գումարների շնորհիվ՝Ադրբեջանի ծախսերը սպառազինությունների ոլորտում աճում են երկրաչափական պրոգրեսիայով. եթե 2003-ին պաշտպանության ոլորտում ծախսված ընդհանուր գումարը կազմել է 160 միլիոն դոլար, ապա այս տարի նախատեսված է եղել այս գումարը հասցնել 3,6 միլիարդ դոլարի: Ադրբեջանն արտերկրից գնում է ռազմական օդանավեր, ուղղաթիռներ, հրետանային եւ հակաօդային պաշտպանության համակարգեր: 

Ստոկհոլմում գործող խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի [SIPRI] տվյալներով՝անցյալ տարի Ադրբեջանը գերազանցել է աշխարհի բոլոր պետություններին պաշտպանության ոլորտի ծախսերի ծավալներով. նախորդ տարվա համեմատությամբ երկրի ռազմական ծախսերն ավելացել են 88 տոկոսով:

Այս ամենը չէր կարող չանհանգստացնել հարեւան Հայաստանին, որտեղ կասկածներ կան, թե Ադրբեջանը պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները`Լեռնային Ղարաբաղը վերանվաճելու նպատակով:

Ղարաբաղյան խաղաղ կարգավորման ձգձգված գործընթացը, որն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ,այդպես էլ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ բոլոր կողմերի համար ընդունելի լուծման չի հանգեցրել, իսկ 1994-ին հաստատված հրադադարի ռեժիմը հաճախ խախտվում է փոխհրաձգության եւ բախումների պատճառով:

Այնուամենայնիվ, ռազմամթերքի վաճառքի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը դժվար թե խոչընդոտի Ադրբեջանի սպառազինությունների համալրման գործընթացին:

Ապառազմականացման հարցերով ՄԱԿ-ի վարչության [UNODA] եւ Ստոկհոլմում գործող խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի տվյալներով՝2006-2011թթ. ընթացքում Ադրբեջանը Թուրքիայից եւ Հարավային Աֆրիկայից  զրահապատ փոխադրամիջոցներ է գնել, իսկ Իսրայելից՝անօդաչու հետախուզական սարքեր (տե՛ս «ԼՂ-ի օդային տարածքում ադրբեջանական անօդաչու հետախուզական սարքի կործանումը փայլուն հաջողություն է դիտվում» հոդվածը): Նույն աղբյուրները նաեւ փաստում են, որ հարավաֆրիկյան արտադրության փոխադրամիջոցների համար անհրաժեշտ շարժիչները գնվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից, սակայն սահմանափակվում են միայն այս տեղեկատվությամբ:

Բաքվում գործող «Դոկտրինա» հետազոտական կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերենլին նշում է, որ ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը հիմնականում սահմանափակվում է հաղորդակցության սարքավորումների որակի բարելավմամբ:

Նրա խոսքերը հաստատում է նաեւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կայքը, որտեղ նշվում է, որ Միացյալ Նահանգներն օգնել են արդիականացնել ադրբեջանական նավատորմի կողմնորոշման, հաղորդակցման եւ ռադիոտեղորոշիչ համակարգերը:

ԱՄՆ-ի կառավարության կողմից տրամադրված դրամական աջակցության նախագծերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2002-2011թթ. ընթացքում Վաշինգտոնն Ադրբեջանին հատկացրել է 142 միլիոն դոլար՝խաղաղության եւ անվտանգության ապահովման համար: Այս քայլերի հիմնական նպատակը եղել է զարգացնել Ադրբեջանի հակա-ահաբեկչական հնարավորությունները, օգնել երկրին կանխել Կասպից տարածաշրջանում զանգվածային ոչնչացման զենքերի տարածման գործընթացը եւ այս ծրագրի շրջանակներում նաեւ բարելավել սահմանների վերահսկողության մակարդակը՝այսպիսով արգելափակելով ապօրինի բեռնափոխադրումները:

Զենք գնելուց բացի, Ադրբեջանը նաեւ սպառազինություն է վաճառել ԱՄՆ-ին: 2010 թվականին Ադրբեջանի պաշտպանության նախարար Յավեր Ջամալովը տեղական լրատվամիջոցներին տրված հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, որ իր ղեկավարած գերատեսչությունը 3 պայմանագիր էր կնքել ամերիկյան ընկերությունների հետ, որոնք պետք է ռուսական նմուշի գնդացիրներ, ականանետներ, ինչպես նաեւ այս երկու զինատեսակների եւ Կալաշնիկով մակնիշի ինքնաձիգների համար նախատեսված զինամթերք գնեին:

Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հասարակական ասոցիացիայի ղեկավար, պաշտպանության հարցերով փորձագետ Յաշար Ջաֆարլիի խոսքերով, ԱՄՆ-ի չափաբաժինը մեծ չէ Ադրբեջանի գնած սպառազինությունների ծավալում:

«Ադրբեջանը սպառազինությունների ոլորտում հիմնականում համագործակցում է Անկախ պետությունների համագործակցության երկրների եւ այս դաշինքի անդամներից հատկապես Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ», - պարզաբանում է փորձագետը: 

Այս պետությունների հետ համագործակցության պատճառներից մեկն այն է, որ Ադրբեջանը դեռեւս խորհրդային նմուշի ռազմական սարքավորումներ է շարունակում օգտագործել , հետեւաբար, ավելի նպատակահարմար է նոր ռազմամթերք եւ պահեստամասեր գնել Ռուսաստանից եւ այլ մատակարարներից, որոնք նույն չափանիշներով են ռազմամթերք արտադրում: 

Ապառազմականացման հարցերով ՄԱԿ-ի վարչության համաձայն՝ վերջին տասնամյակի ընթացքում Ադրբեջանը գնել է T-72 մակնիշի 170 տանկ, 150 զրահապատ փոխադրամիջոց, 320-ից ավելի խոշոր տրամաչափի հրետանային համակարգ, 95 հրթիռային համակարգ եւ 19 հազար Կալաշնիկով մակնիշի ինքնաձիգ Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Բելառուսից: Բացի այդ, Ադրբեջանը նաեւ ուրան պարունակող հրթիռներ է գնել ՌԴ-ից, որոնք նախատեսված են նավատորմում օգտագործվելու համար, հետեւաբար, պետք է տեղակայվեն Կասպից ծովում:

Ջասուր Սումերենլին իր հերթին նշում է, որ հարեւան Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի՝սեփական ռազմական առավելությունը ցուցադրելու մասին ենթադրություններն անհիմն են, քանի որ երկրի իշխանությունները համաձայնագիր են ստորագրել՝պաշտոնապես պարտավորվելով խաղաղ միջոցներով հասնել ղարաբաղյան հակամարտության լուծմանը:

«Եթե Ադրբեջանը ցանկանար հարձակվել Հայաստանի վրա, ապա կհանդիպեր միջազգային հանրության դիմադրությանը: Բացի այդ, եթե Ադրբեջանն իսկապես որոշեր անտեսել միջազգային հանրությանը եւ հարձակում ծրագրեր Հայաստանի դեմ, ապա այդ նպատակով կօգտագործեր ԱՊՀ երկրներից գնված զինամթերքը», - նշում է փորձագետը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրաժարվեց մեկնաբանել ԱՄՆ-ի որոշումը եւ ընդհանրապես Վաշինգտոնի հետ ռազմական համագործակցության հարցը:  

Արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Էլման Աբդուլլաեւը, սակայն, հայտարարել է, որ Ադրբեջանը սպառազինություն գնում է առավելապես պաշտպանողական, ոչ թե հարձակողական նպատակներով:

«Դա բացարձակապես արդարացված է՝հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական տարածքը [Ղարաբաղը եւ հարակից շրջանները] բռնազավթված են Հայաստանի կողմից: Այս երկիրը մտադիր չէ այլ պետությունների դեմ օգտագործել իր զենքերը», - ասաց Աբդուլլաեւը՝այդպես էլ չպարզաբանելով, թե արդյոք Հայաստանը դասվում է այլ պետությունների շարքին, թե՝ոչ:

Մեկնաբանելով Վաշինգտոնի որոշումը, ե՛ւ Սումերենլին, ե՛ւ Ջաֆարլին թերահավատությամբ են ընդունում այն փաստը, թե ԱՄՆ-ը իսկապես մտադիր է դադարեցնել Բաքվին ռազմամթերքի վաճառքը:  

«ԱՄՆ-ը դեռ Ադրբեջանին աջակցելու այլ ուղիներ կմտածի, քանի որ այս երկիրը չափազանց կարեւոր է նրանց համար: Այն կարող է Ադրբեջանին զինամթերք վաճառել Թուրքիայի կամ Իսրայելի միջոցով, որոնք սերտորեն համագործակցում են մեզ հետ», - ասում է Սումերենլին:

Շահլա Սուլթանովա,  ազատ լրագրող

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից

Այս խորագրի վերջին նյութերը