Տնտեսական

24.08.2012 13:38


«Մեռնելուց պրծանք»

«Մեռնելուց պրծանք»

22.08.2012թ.-ին, հանկարծ նկատեցինք, որ թեյնիկի տակ գազը հանգել է: Հետո պարզեցինք, որ ամբողջ շենքում գազ չկա: Գյումրու Տրդատ ճարտարապետ փ., թիվ 7/4 շենքում գազերն անջատել էին: Լավ է, շուտ նկատեցինք: Փաստորեն, այս էլ որերորդ անգամ, առանց զգուշացնելու, գազերն անջատում են: Թեկուզ, ենթադրենք, վթար է եղել` չնախատեսված ընդհատում, լավ, բա ներտնային ծառայությունն ինչի համար է. կարծում եմ, պիտի անմիջապես իրազեկեին բնակչությանը` շենք առ շենք, բնակարան առ բնակարան: Ու ո'չ թե տեղական հեռուստաընկերություններին հայտարարություններ պատվիրելով. մենք ենք ու էդ ալիքները չենք նայում, կամ, երբ նայում ենք` հայտարարության պահը անցած է լինում... Ջրմուղն էլ, գազն էլ, լույսն էլ իրանց փեշակ են սարքել` հեռուստատեսությամբ հայտարարություն տարածելը. Դա, հատկապես նման դեպքերում, ընդամենը պատասխանատվությունից խուսափելու անհաջող հնարք է: Էս <> գիտեն թե, որ հանկարծ դեպք լինի, իրանք պիտի արդարանան, թե հեռուստատեսությամբ իրազեկել են? Ո~չ, հեռուստատեսությամբ հայտարարել եք, բայց բնակչությունը չի իրազեկվել: Ավելին, գտնում եմ, որ կյանքի համար ռիսկային այս ոլորտում իրազեկումը տուն առ տուն պիտի կատարվի` հասցեավորված. Սա է ոլորտի յուրահատկությամբ պայմանավորված անվտանգության հրամայականը:

Մինչդեռ, ինձ հանդիպած գազի աշխատակից 3-ից 2-ը չգիտեն իրենց իսկ պարտականությունները. Ահա, խնդրեմ. Այսօրվա դեպքը ձեզ ցցուն օրինակ: Երբ ու ոնց ուզեն` կսպասարկեն, մենաշնորհ է ու իրենցն է: Հեռուստատեսությամբ հայտարարելը, մանավանդ արտակարգ իրավիճակներում, պատշաճ իրազեկում չի համարվում: Եթե հայտարարում էլ են, եթե':

Գազերն անջատել են, շենքից ոչ ոք տեղյակ չի եղել: Մի օր էս գազի անպատասխանատու աշխատողները զանգվածային սպանդ կհեղինակեն:

Զոհերի պատճառ կդառնան ու մեղքը վզերին կապրեն: Ի?նչ պատասխանատվություն: Ով է հիմա պատասխան տվել, որ գազի անգիտակից աշխատողը տա, խեղճը եսիմ գիտե է?լ, որ պարտավոր է նախազգուշացնել բնակչությանը ու էն էլ բոլորին, ամեն տուն այնպես, որ համոզված լինի, որ գազերն անչատելուն բոլորը տեղյակ են` զգուշացան:

_ …Տո, աայ մաաարդ, բան էլ չի էղնի,_ կմտածի անպատասխանատու, հոգնած, իր աշխատավարձից, որքան էլ բարձրացնում են` երբեք չկշտացող փականագործն ու … ԲՈՒ~Մ` սեւն էկավ մարդկանց գլխին…Հա, ինքն ի?նչ էնե…

P.S. Մինչ այսպես, ԶԼՄ-ների միջոցով փորձում էի աղմուկ բարձրացնել անպատասխանատվության ծովում վխտացող ոլորտներից մեկի կամայականությունների դեմն առնելու նկրտումներով մեկ օր անցավ եւ երեկոյան ժամը 19:00-ի կողմ, հիշելով, որ մենք էլ գազից օգտվելու հնարավորություն ունենք, հուշիկ քայլերով մոտեցանք գազին, դողացող ձեռքը երկարեցինք փականին, ապա համոզվելով, որ մոտակայքում Գաբրիել-մափրիել չկա, լուցկին …վառեցինք:

… մոտեցրինք ու` գազերը տվել էին: Գազերը տվել էին ու, էնքան համեստ մարդիկ են, պատկերացնու?մ եք, առանց բնակչության շնորհակալություններին սպասելու, էլֆերի նման, գազի փականը բացել ու հեռացել էին` նույն հանկարծակիությամբ, ինչպես գազը անջատելիս: Թե դե գնացեք վայելեք` ով կյանքը, ով էլ անզգույշ է` հավերժական քունը: Հա էդ մարդիկ ի?նչ էնեն, օր բաժանորդը անվտանգության կանոնները չի պահպանել (հըլը բնակիչը չի պաշտպանել, է’լի):

Արա Սուքիասյան

Այս խորագրի վերջին նյութերը