Լրահոս

23.08.2012 10:25


22 տարի առաջ այս օր ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը

22 տարի առաջ այս օր ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը

22 տարի առաջ` 1990-ի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով սկիզբ դրվեց անկախության գործընթացին: Անկախության հռչակագրով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն (կրճատ` Հայաստան), իսկ հաջորդ օրը` օգոստոսի 24-ին ընդունվեց դրոշի մասին օրենքը, որով Հայաստանի պետական դրոշ ճանաչվեց եռագույնը:

1990-ի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի նիստում Անկախության հռչակագրի տեքստը կարդաց Արամ Մանուկյանը, որպես առաջին հանրապետության հիմնադրի անվանակից:

1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի մասնակիցների 94,99 տոկոսը կողմ քվեարկեց Հայաստանի անկախությանը: 

Հռչակագիր Հայաստանի անկախության մասին.

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը` արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

Հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

Ա. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն` կրճատ` Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը եւ հիմնը:

Բ. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները:

Գ. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն եւ ներկայացուցչական մարմինների միջոցով` Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

Այս խորագրի վերջին նյութերը