Լրահոս

23.08.2012 12:52


Պարալիմպիկ խաղերին մասնակցող հայ մարզիկներին ընդունել է փոխնախարարը

Պարալիմպիկ խաղերին մասնակցող հայ մարզիկներին ընդունել է փոխնախարարը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը հանդիպեց 2012 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը կայանալիք ամառային պարալիմպիկ խաղերին մասնակցելու նպատակով Լոնդոն մեկնող հայ մարզիկների հետ:

Ողջունելով ներկաներին պարոն Ասրյանը մաղթեց մեր մարզիկներին պահպանել մարտական ոգին և անել առավելագույնը՝ լավ արդյունքներ գրանցելու համար: “Սակայն, անկախ ձեռքբերված արդյունքներից, հիշեք, որ դուք արդեն մեր հաղթողներն եք, մենք հպարտանում ենք ձեզանով և հայրենիքը սպասում է ձեզ”, - նշեց փոխնախարարը: Միաժամանակ, նա իր գոհունակությունը հայտնեց պարալիմպիկ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի ազգային պարալիմպիկ խաղերի կոմիտեի կողմից կատարված կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ մեր վեց հոգուց բաղկացած պատվիրակությունը Լոնդոն կմեկնի օգոստոսի 24-ին: Հայաստանի ազգային պարալիմպիկ խաղերի կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ մեր պատվիրակությունը մեկնում է հաղթական տրամադրվածությամբ և մրցանակային արդյունքների ակնկալիքով:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր համապատասխան որոշման մեջ, համաձայն որի սահմանվել են դրամական մրցանակներ օլիմպիական պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում և աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկների, մարզիչների, բժիշկների և մարզական կազմակերպությունների համար:

Լոնդոնյան խաղերին Հայաստանը ներկայացնելու են երկու մարզիկ. ծանրորդ Գրետա Վարդանյանը և լողորդ Մարգարիտա Հովակիմյանը: Բարի ճանապարհ և բարի վերադարձ ենք մաղթում մեր մարզիկներին և սպասում նրանց հաղթական վերադարձին:

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը