Աշխարհ

21.08.2012 14:10


Հայաստանը զենք է գնում, մինչդեռ Ադրբեջանը…

Հայաստանը զենք է գնում, մինչդեռ Ադրբեջանը…

Ադրբեջանական մամուլը վերջերս այնպիսի աղմուկ բարձրացրեց առ այն, թե իբր Ուկրաինան Հայաստանին գաղտնի զենք է վաճառում, որ քիչ էր մնում միջպետական սկանդալ հասունանար: Տվյալ լուրն արագորեն և պաշտոնապես հերքվեց, թե՛ Հայաստանի, թե՛ Ուկրաինայի կողմից, բայց թերևս, ոչ մի լուրջ վերլուծաբան և փորձագետ չհավատաց նման հայ-ուկրաինական «դիվանագիտական ռևերանսին»` հիշելով ոչ վաղ անցյալում աղմկահարույց հայ-մոլդովական փորձը: Ինչևէ, այս անգամ մի ուշագրավ տարբերություն, այնուամենայնիվ կար. Ադրբեջանի Էլիտան, բառի բուն իմաստով, ձայն և ծպտուն չհանեց: Այլ կերպ ասած «քարից ձայն դուրս եկավ նրանցից ոչ»: Ինչպես երևում է վերջապես սկսվել է մեր հարևան Ադրբեջանի քաղաքական հասունացման շրջանը:

Ուկրաինան ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության արդեն երկրորդ երկիրն է, որը հայտնվում է Հայաստանի հետ զենքի առք ու վաճառքի սկանդալի կենտրոնում: Բանն այն է, որ ցանկացած երկիր, ով թեկուզև «ժպտում» է Հայաստանին, Ադրբեջանը կամակոր երեխայի նման նեղանում, սպառնում և իհարկե, զոհի կերպարն ընդունած, սկսում է նվնվալ իր «հողերի բռնագրավման» պատմության շուրջ: «Ավաղ», աշխարհն «ադրբեջանական  քաղաքական մոդելով»,  քաղաքականություն չի կառուցում: Մեծ հաշվով երկրներն ունեն իրենց տնտեսական, ռազմավարական, և ի վերջո ազգային շահերը: Մեր հարևանի մամուլի ներկայացուցիչներին վշտացրած այս լուրը, փայլուն կերպով մեկնաբանել է նաև հայտնի ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Օլեգ Կուզնեցովը, որը մասնավորապես ասել է. «անձնական ոչինչ չկա, դա պարզապես բիզնես է» («Ничего личного, это – только бизнес»):

Ի վերջո տվյալ թեմայի շուրջ շատ բան խոսելու բան էլ չկա, պարզապես պետք է արժանին մատուցել Ադրեջանի իշխանական-քաղաքական էլիտային, որ զսպեց իր երբեմն հիստերիայի հասնող վարքը: Մնում է, որ մամուլի ոլորտի ներկայացուցիչներն էլ սկսեն հասկանալ և նման դեպքերից չսրտնեղեն: Այս կապակցությամբ կարելի է մի փորքիկ խորհուրդ տալ մեր կոլեգաներին և ասել, որ գաղութատիրական Բրիտանիայի արտաքին քաղաքականության անկյունաքարը վաղուց արդեն դարձել է համաշխարհային քաղաքականության անքակտելի բաղադրիչը. «Չկան հավերժական թշնամիներ, չկան հավերժական բարեկամներ: Կան հավերժական շահեր»:        

Էրիկ Երիցյան

 

Այս խորագրի վերջին նյութերը