Աշխարհ

19.08.2012 12:09


Միջին Արևելքի հայության ապագան. պայքար կարծրատիպերի և ծրագրերի միջև

Միջին Արևելքի հայության ապագան. պայքար կարծրատիպերի և ծրագրերի միջև

Եզովպոսի տրամաբանության օրինակով, ով ապացուցում էր, որ աշխարհի ամենալավ բանը լեզուն է եւ որ աշխարհի ամենավատ բանը լեզուն է, մենք կարող են եզրակացնել, որ աշխարհի ամենարագ բանը միտքն է եւ որ աշխարհի ամենադանդաղ բանը միտքն է: Եւ երբ այդ միտքը դանդաղ է, ապա նա հակված է կարծրատիպերի եւ հակված է ծանծաղամտության:

1985-ից աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին զուգահեռ Հայ հասարակական - քաղաքական միտքը հնարավորություն ու ժամանակ ուներ աշխատելու եւ զարգանալու: Իսկ դրա համար նա պետք էր նախ հստակեցներ հայությանն ու Հայաստանին, այդ թվում՝ Միջին Արեւելքի հայությանը, ՀՀ-ին ու ԼՂՀ-ին ուղղված սպառնալիքները եւ ապա փորձեր գտնել այդ սպառնալիքներին դիմակայելու ուղիները:

Անհատական եւ կազմակերպչական մակարդակով իրականացված շատ որոշակի բացառություններով հանդերձ դա ոչ միայն չի արվել, այլեւ մի անբացատրելի համառությամբ փորձ է արվում կամ չնկատել արդեն իսկ արվածը, կամ նսեմացնել ու ձեւախեղել արդեն իսկ արվածի բովանդակությունն ու նշանակությունը:

Օրինակ, մի դեպքում սպառնալիքները հաղթահարելու ծրագրերը ներկայացվում է, որպես բազմակարծություն, որպես տեսակետների բազմազանություն, մեկ այլ դեպքում ծրագիրը ներկայացվում է, որպես գաղափարախոսություն: Հասկանալի է, որ ծրագիրը եւ գաղափարախոսությունը տարբեր բաներ են, հատկապես եւ առաջին հերթին գործադրության հնարավորությունների ու գործարկման արագությունների իմաստով:

Բայց ինչպես ասում են՝ «Մարդիկ ենթադրում են, Աստված տնօրինում է»:

Այդպես եղավ եւ այս դեպքում, երբ մի շատ որոշակի դժվարություն կար. ինչպես ձեւակերպել ու առաջադրել ծրագրերը: Եւ մի շատ որոշակի խնդիր կար. ինչպես լուծել անորոշության եւ ծրագրերի միջեւ պայքարի ելքը, հօգուտ ծրագրերի:

Բարեբախտաբար, սպառնալիքը թելադրում է նաեւ լուծումը:

2011-ին գրված «Հայության մարտավարական չորս եւ ավելի ուղղություններն ու համարժեք խնդիրները» «Ուխտ Արարատի» թիվ 2-ի (22) խմբագրականում նշեցինք սպառնալիքները եւ բացահայտեցինք դրանց հաղթահարման ուղիները (1):

Նշեցինք, որ հայությունը դրանք իրագործելու ներուժ ունի: Ավելին այդ ծրագրերը հնարավորություն են տալիս հաղթահարելու անորոշության թվացյալ պատնեշները եւ չընկնելու ծանծաղամտության գիրկն ասելու, թե՝ «Այ, եթե հայությունը միասնական լիներ… Այ, եթե հայությունը միատեսակ մտածեր ու գործեր…»:

Հայությունը իրավունք ունի բազմաշերտ մտածելու, որովհետեւ բազմաշերտ են սպառնալիքները: Հայությունը, ինչպես ցանկացած ազգ, միասնական է որոշակի ծրագրերի շուրջ եւ որոշակի սպառնալիքներ հաղթահարելու խնդիրներում: Այսինքն, խնդիրն է ձեւավորում միասնականությունը եւ ոչ թե միասնականությունը՝ խնդիրը:

Մենք նշեցինք սպառնալիքների չորս ուղղություն, դրանց հաղթահարման ուղիները բնականաբար ենթադրում են չորս տարբեր ծրագրեր: Սպառնալիքները ստիպեցին անդրադառնալ այն կարեւոր հարցին նաեւ, որ այդ ծրագրերն իրականում գոյություն ունեն, դրանք են Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը՝ 23 օգոստոս 1990 թ., Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին Անկախության Հռչակագիրը՝ 2 սեպտեմբեր 1991 թ., Կիլիկյան Հայաստանի Անկախության Հռչակագիրը՝ 4 օգոստոս 1920 թ., Արեւմտյան Հայաստանի Կառավարության ստեղծման մասին Հռչակագիրը՝ 4 փետրվար 2011 թ.:

Եթե ՀՀ-ի փրկությունը տառացիորեն եւ բառացիորեն վերադարձն է ՀՀ անկախությանն ու Անկախության Հռչակագրին, ապա հայության փրկությունը նշված բոլոր չորս Հռչակագրերի գործարկումն ու իրագործումն է մեր ազգային պետական կյանքում եւ կենսագործունեության մեջ:

Ինչու ենք ասում ՀՀ անկախությունը, որովհետեւ չենք հասկանում, թե ինչու պիտի եվրոպացիների կազմած ծրագրերը իրականացնենք Հայաստանում: Սա ասում ենք Եվրոպայի եւ եվրոպացիների նկատմամբ լիարժեք հարգանքով հանդերձ: Սակայն, մենք ինչ է ազգային պետական ծրագրեր ու տեսլական չունենք իրագործելու, թե ձեւացնում ենք, թե չունենք եւ կամ, իբրեւ թե, երբեք չենք ունեցել:

Գալով Միջին Արեւելքի եւ Սիրիայի հայության ապագայի խնդիրներին, ապա ինչպես արդեն բազմիցս նշել ենք՝ Միջին Արեւելքի հայության ապագան նրա բոլոր իրավունքների պաշտպանության մեջ է, այդ թվում՝ բնօրրան հայրենիք վերադարձի իրավունքի եւ այնտեղ սեփական անկախ ինքնիշխան պետության հաստատման այնպես, ինչպես նշել էինք 2012-ի փետրվարի 9-ին, երբ հաստատեցինք, որ «Հայությունը այլեւս այլ տեղ չունի գնալու, բացի հայրենիքից» (2):

Միգուցե այստեղ կրկնենք, որ սա ծրագիր է, ոչ թե գաղափարախոսական թեզ: Եւ մենք խոսում ենք ծրագրերի մասին, այն էլ պարտադիր իրականացման ծրագրերի, եթե ուզում ենք իրականացնել Միացյալ, ազատ, անկախ Հայաստանի երազը եւ եթե ուզում ենք ապագա ունենալ եւ զարգանալ, որպես քաղաքակրթական առաքելություն ունեցող ազգ:

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

Ծանոթագրություն

1. Տես, Խմբագրական «Ուխտ Արարատի», թիվ 2 (22), սեպտեմբեր-հոկտեմբեր, 2011, էջ 1-2, www.oukhtararati.com կայքում, amsagrer բաժնում:

2. Տես, «Հայությունը նահանջելու այլ տեղ չունի այլեւս, բացի իր հայրենիքից…», 09.02.2012, www.oukhtararati.com կայքում: 

Այս խորագրի վերջին նյութերը