Լրահոս

18.08.2012 15:51


Հայկ Խանումյան. «Իմ և կնոջս տված ցուցմունքները ոչ մի կերպ հաշվի չեն առնվել»

Ինչպես նշել էի, ՀՀ/ԼՂՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որտեղ ինձ ներգրավել են որպես մեղադրյալ` խափանման միջոց կիրառելով ստորագրությամբ չհեռանալը: Նայելով ամբողջ գործը` մնում է միայն մեկ եզրակացություն անել. նախաքննական մարմինը և ոստիկանությունը եղել են կողմնակալ և պատվեր են կատարել: Մասնավորապես, հուլիսի երեսունին ԱրՊՀ-ում տեղի ունեցած միջադեպից հետո ես զանգել եմ ոստիկանություն և հաղորդում տվել հանցագործության մասին, ինչը չի արձանագրվել: Ոստիկանությունը պատճառաբանել է, որ հեռախոսազանգը չի արձանագրվել, քանզի մինչ այդ նույն կռվավեճի փաստով այլ հեռախոսազանգ էր արձանագրվել: Այնինչ իմ հաղորդումը էականորեն տարբերվում էր նախորդ հեռախոսազանգից: Փաստորեն գործի հարուցման համար հիմք է ընդունվել իմ զանգից երկու րոպե առաջ եղած հեռախոսազանգը, ինչպես նաև ԱրՊՀ ռեկտորի գրավոր դիմումը` ամբողջովին անտեսելով իմ հաղորդումը: Նախաքննական մարմինը որոշում կայացնելու համար հիմնականում հիմնվել է միջադեպին մասնակից վկաների ցուցմունքների վրա, այն դեպքում, երբ այդ ցուցմունքները լի են բազմաթիվ հակասություններով: Հակասությունները հատկապես ցայտուն ձևով երևացել են առերեսումների ժամանակ, ինչից կարելի է եզրակացնել, որ ԱրՊՀ վարչատնտեսական մասի աշխատողներն ուղղորդված են եղել և տվել են սուտ ցուցմունքներ:

Իմ և կնոջս`Դիանա Մովսիսյանի տված ցուցմունքները ոչ մի կերպ հաշվի չեն առնվել, քննիչը որոշել է Դիանային հասցված թեթև մարմնական վնասվածքի փաստով քրեական հետապնդում չիրականացնել պրոռեկտոր Ջավադյանի և երկու բանվորների նկատմամբ` նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

Գործի կողմնակալ քննության մասին է վկայում նաև ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հարցազրույցը հայաստանյան լրատվամիջոցներից մեկին, որտեղ նա միջադեպի մասին տարածել է սուտ տեղեկություններ, զրպարտել է ինձ և կնոջս, իմ մասին թույլ տվել վիրավորական արտահայտություններ: Սա խոսում է ԼՂՀ նախագահի կողմից իջեցրած հստակ քաղաքական պատվերի, Արցախի ղեկավարների մոտ առկա անհանդուրժողականության մասին:

Հայկ Խանումյան

«Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը