Լրահոս

18.08.2012 11:00


Սո՞ւիցիդ, թե մի «խաղի» հետևանք

Սո՞ւիցիդ, թե մի «խաղի» հետևանք

Նոր ինքնասպանություն ու նորից գործարար: Թվում է թե գործարարները երաշխավորված են ինքնասպանություններից: Բայց արի ու տես, որ նրանք զոհ են դառնում մի մեծ խաղի, որն իրենց այլ ելք չի թողնում, քան ինքնասպան լինելը: Այս դեպքում չի կարող սուիցիդ լինել: Դե գաղտնիք չէ, որ Հայաստանում սիրում են ուրիշի բիզնեսը քցել կամ «վզին» հարկ դնել: Դե, դա մի խաղ է, որտեղ խաղում են բիզնեսի «շնաձկները» կամ ավելի ճիշտ աշխարհիս տերերը:

Գոյություն ունի մի խաղ « Ռուսական ռուլետկա» անունով: Ուղղակի կարճ բացատրեմ թե  ի՞նչ խաղ է դա: Ուրեմն այսպես, խաղին կարող են մասնակցել անսահմանափակ թվով մարդիկ, երբեմն նույնիսկ կարող է լինել մեկ մասնակից , ում վրա « Ставка » են անում: Վերցնում են ատրճանակը, փամփուշտակալում թողնում մեկ փամբուշտ , այնուհետև պտտեցնում են փամփշտակալը ու դնում քունքին, դե մնացածը պարզ է: Խաղը կարող է շարունակվել այնքան, մինչ ատրճանակը վերջ ի վերջո կկրակի:

Ես չեմ կարողանում հասկանալ ինքնասպանին, ով ինքնակամ անում է այդ բանը: Ի՞նչն է այդ մարդուն դրդում ամեն անգամվա անհաջող փորձից հետո նորից կրկնել նույնը, գիտենալով, որ ի վերջո այն կրակելու է: Բարդ հոգեբանական վերապրումները մի կողմ, որ ստիպված է լինելու հաղթահարել ամեն անհաջող փորձից հետո, ավելի լավ է մեկ անգամ մեռնել, քան թե հազար անգամ անցնել մահվան շուքի ձորով: Մոլուցքը, որը նրան շրջապատող մարդիք պարզապես արտանետում են մթնոլորտի մեջ, զերոի է հասցնում ամեն բանականության արտահայտման նշույլներն անգամ: Այս խաղում չկան տուժվածներ, բոլորը շահում են: Այո բոլորը, նույնիսկ ինքնասպանը: Քանի որ այն, ինչ փնտրում էր նա ,վերջնիվերջո գտնվում է նրա կողմից: Նորից հարց է ծագում ու մնում անպատասխան՝ ի ՞նչը կամ ո՞վ է նրան դրդում այդ քայլին:

Կյանքի և մահվան միջև կա մի եզրագիծ, դա հույսն է: Հույսը մարդուն կապում է այն ամենին, ինչը պատճառ կամ նպատակ է հանդիսանում  նրա ապրելու համար: Կորցնելով հույսը մարդը կտրում է իրեն՝ այս կյանքի հետ կապող բոլոր պատճառներից: Դա վերջն է, մի գու՞ցե սկիզբը: Նայած թե, որ տեսակետից ենք մենք նրան նայում՝ կրոնական, փիլիսոփայական, թե պարզապես ֆիզիկական գոյության:

Ինքնասպանության հասնում են, մի գու՞ցե հասցնում:

Դա մի անգամից չի լինում, այլ քայլ առ քայլ, երբեմն տեսանելի իսկ երբեմն էլ անտեսանելի պատճառներով: Ինքնասպանի կողքին հայտնվել ժամանակին՝ պատահում է հազվադեպ, իսկ հետ պահել նրան այդ քայլից՝ միշտ չէ, որ հաջողվում է: Հասարակությունը գտնվում է ժամանակի տեմպի տակ, իսկ ժամանակը իր հերթին իր ճնշումն է գործում մարդկանց վրա՝ ստիպելով շտապել, վազել, հասցնել, քայլել համահունչ, հետ չմնալ: Այո, սա մի վազք է, որտեղ բոլորն էլ ցանկանում են լինել հաղթող, այստեղ գործում է ինքնապահպանման բնազդը, երևի ավելի կենդանական քան թե բանականության գործոնը: Այս և այլ պատճառներով, հասարակությունը՝ նրա ամեն մի միավորը հետապնդում է եսասեր շահ: Սա մարդուն կուրացնում է և դարձնում անզոր՝ հետևելու իր հետ վազող մարդկանց ընթացքին կամ արձագանքելու նրանց կարիքներին: Դրա պատճառով, շատ հաճախ մենք պարզապես գլուխ ենք տմբտմբացնում հերթական ինքնասպանության լուրն իմանալիս: Մենք ափսոսանք ենք հայտնում, փորձում գտնել պատճառներ, ավելի շուտ մեր հետաքրքրությանն ենք ուզում հագուրդ տալ, քան թե ախտորոշել հերթական ինքնասպանին՝ բացահայտելու և մահվան ելքը կասեցնելու համար: Բացահայտե՞լ, դե նման դեպքերում շատ դեպքեր կան, որ չեն էլ բացահայտվում:

Մոլի, խաղամոլ, այլ կերպ ասած՝ ազարտ: Ըստ ոմանց դա զգացմունք է, ըստ ուրիշների հոգեկան հիվանդություն: Ի՞նչ կապ ունի ազարտը ինքնասպանության հետ, ես կբացատրեմ դրա մի կողմը, քանի որ ինքնասպանությունը բազմանկյուն է: Մեր Հայաստանյան իրականությունը այլ է: Ես ցանկանում եմ համեմատել այդ իրականությունը խաղամոլի հետ, քանի որ այս բեմահարթակին մի խաղամոլ չէ, այլ հավաքական կերպար՝ բաղկացած տարբեր մարդկանցից՝ սոցիումի տարբեր շերտերին պատկանող կամ նույնիսկ դրանք ղեկավարող: Սրանք  հետապնդում են կոնկրետ շահ , ոչ թե հասարակության համար, այլ սեփական եսի հիվանդագին երևակայության թռիչքն ապահովելու համար: Նրանց չի հետաքրքրում մյուսների շահերը, ավելին՝ նրանք ուրիշների մեջ տեսնում են սպառնալիք իրենց կյանքի եվ բարեկեցության  հանդեպ: Այս տեսակ մարդիք լիցքավորում են ատրճանակը և տալիս հասարակության ձեռքը, այնուհետև հետևում, թե հասարակությունը ինչպես է այն դեմ տալիս իր քունքին, ձգում ձգանը ու պարպում փամփշտակալը, և ամեն մի չհաջողված փորձ՝ մոլուցքի նոր լիցք է արտանետում մթնոլորտ՝ գռգռելով թե մեկին, թե մյուսին: Հասարակությունը   նմանատիպ խաղից ձեռք է բերել դիմադրողականություն (իմունիտետ): Նա առանց վարանելու շտապում է պարպել ատրճանակի պարունակությունը, փորձելով արագ վերջ դնել խաղին: Սակայն հերթական փորձն ավարտվում է շահառուների շահույթով, իսկ ոմանց համար նույնիսկ պարտությամբ:

Սիրահարված՝ բայց մերժված երիտասարդն ուրիշ է, էմո-ի կատարածը այլ, բայց երբ գործարարն է այդ քայլին գնում, սա արդեն լուրջ մտածելու առիթ պետք է դառնա իրավապահների համար, թեև ինչու ոչ, նաև հարկային կամ բանկային ծառայությունների համար, որ նրանք բարեփոխումներ կատարեն:

Գրեթե ամեն օր առաջարկվում են ծրագրեր, որոնք կբարելավեն հասարակության կյանքը, կհեշտացնեն այն: Մարդկանց դուրս կբերեն անվերջանալի պարտքերի և նիսսյաների գքացնող ծանրության տակից, կլուծեն ինչ որ մի հոգս: Կլուծե՞ն, թե նոր լուծ կդնեն նրա պարանոցին: Արի ու տես, որ հասարակության շլինքը հաստ է, այն կտրելու համար ժամանակ է պահանջվում: Միասնականությունը ուժ է, սակայն այն ջլատելու լավագույն տարբերակն ունի մի լուծում՝ մեկ առ մեկ ու էսպես մի քանի միլիոն: Եթե ընթացքը դանդաղում է, ապա կարելի է ընտանիք առ ընտանիք: Գիտես, ես սրան սպանդ կանվանեի: Ոմանք հեռանում են ընտանիքներով, ոմանք մեկ առ մեկ, ոմանք երկրից, իսկ ոմանք կյանքից: Իսկ խաղամոլները միշտ էլ նույն դեմքն ունեն, ագահ, անկուշտ, հայացքում մոլուցք՝ լեզուն բերանց դուրս գցած, աջ ու ձախ « լոզերն» է ցայտեցնում:

Հասարակությունը բաժանել են շերտերի ու նրանց համար ինքնասպանի լավագույն դերակատարի քաստինգ են անցկացնում: Բանակում՝ զինվորները, գյուղատնտեսության ոլորտում ՝ գյուղացին վարք վերցնելիս, բազմազավակ ծնողները՝  հերթական երեխան ծնելիս, երեխաներ՝ ում մեծացնելը արդեն ինքնասպանություն է, կառավարությունը կարծում է թե ութ հազար դրամով մի երեխան մի ամիս կապրի ու կունենա երջանիք մանկություն, Սիրո մեջ՝ երիտասարդ տղան կամ աղջիկը, կրոնի մեջ՝  խաբված « սատանիստը » կամ « Էմոն», հասարակությունը ՝ կառավարության հերթական միջազգային վարքերը փակելիս, այս ցանքն անսպառ է, ու սրտիս մեջ կուտակված ցավը չեմ ուզում քո վրա ծանրացնել, քոնը քեզ հերիք է, դե մի տանից չենք բայց մի հալի ենք, ու շատ ել լավ գիտակցում ենք թե ինչ է կատարվում, ուղղակի մեր մեջ ընդդիմանալու դրդապատճառ չի մնացել: Ի՞նչու չկա մեկը, մի գուցե երկուսը, որ մեզ ասի մեր բերանից դուրս եկած մեր հանապազօրյա խոսքը,-« Ցավդ տանեմ»: Բա ի՞նչպես է, որ մենք վազում ենք ու ամեն ծանոթ անծանոթի ցավը տանում: Կարո՞ղ է էնքան տարանք, որ կարծեցին թե մեր ազգի կոչումն է ցավ տանելը:

Անօգուտ  է գոռալ, վանկարկել, մինչ «Խաղամոլների» ականջին դա հասնում է որպես բառաչ:

Ցանկանում եմ հարց առաջ քաշել և քեզ պատասխան գտնելու հնարավորություն տալ: Ի՞նչպես պատահեց, որ հասարակությունը՝ կամա թե ակամա դարձավ այս խաղի մասնակից: Ո՞րտեղ մենք կորցրեցինք մեր զգոնությունը, ի՞նչպես պատահեց , որ հուսալքվեցինք, ե՞րբ հասանք կյանքի և մահվան  եզրագծին: Մեծերն ասում են, -« Մեռնել - ապրելու դար է »:

Սթափվիր, արթնացիր այդ թմրությունից, հետ վանիր քեզ մեկնած « ատրճանակով ձեռքը»: Ասա, որ դու հրաժարվում ես խաղալ՝ կրակել: Կյանքի նշույլներ ցուցաբերի, արթնացրու քո մեջ ապրելու կամքդ, արթնացրու կողքինիդ՝ մեկ առ մեկ:

Թող անիծվի այն ձեռքը, որը քեզ ատրճանակ է առաջարկում, թող այն կտրվի: Թող կտրվի ստրկության լուծը, թող արմատախիլ լինի անօրենն ու ամբարտավանը:

Բավական է այս ազգին մահերն ու խաչքարերը: Երկիրը դարձել է մի մեծ գերեզմանատուն:

Սիրել, Հուսալ և Հավատալ, ծանոթացիր, ահա կյանքի ուղեցույցը: Այս երեքն են, որ պահպանում այն եզրը, որից այն կողմ հուսախաբությունն է ինքնասպանության առաջարկով: Այս երեքն անբաժան են, նրանք միասին են քայլում կյանքի ճանապարհով:

Քեզ մաղթում եմ բարի ճանապարհ նրանց ընկերակցությամբ:

Մամիկոն Համբարյան

Այս խորագրի վերջին նյութերը