Ռուսամետներն ու արևմտամետները սրերը խաչաձևելու հերթական առիթն ունեցան Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի թե նախօրյակին, թե այդ այցի ընթացքում և թե դրանից հետո այս վերջին օրերին: Ու քանի դար է արդեն՝ մենք կամ արևմտամետ ենք, կամ ռուսամետ, բայց արդյունքում՝ ոչ այն ենք, ոչ այն: Մենք չենք կարողանում լինել կամ արևմտամետ, կամ՝ ռուսամետ: Մեզ մոտ չի ստացվում: Կամ սա է խփում մեր գլխին, կամ՝ նա, ու այսպես կամաց մաշվում ենք: Իսկ մաշվելու վերջը վերջանալն է: Սա էլ հայտնի է կավիճը գրատախտակին քսելու պրակտիկայից: Ոնց էլ լինի, գրատախտակը մնում է, իսկ կավիճը՝ մաշվում, մաշվում, հասնում է գրողի մատներին ու դեն է նետվում որպես վերջացած իր: Հետաքրքիր է՝ կավիճը գիտի՞, որ ինքը կավիճ է ու մաշվում է: Փառք Աստծո, մենք գոնե գիտենք, որ մեզ մաշում են ու գիտակցում ենք, որ չվերջանալու համար պիտի պայքարել: Ահա՝ արևը, ահա՝ արևի տակ մեր տեղը: Սա էլ հո Աստծո տվածն է: Չպահե՞նք:
ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին և «Ժառանգությանը», հավանաբար, թվում էր, թե արևի տակ մեր տեղն ունենալու միակ ճիշտ ճանապարհը Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն անդամակցելն էր: Անդամակցում ես եվրոպական կառաույցներին, ինտեգրվում Եվրոպային և վերջ՝ կարող ես այլևս չմտածել, որ մաշվում ես: Ծռտի-պռտի մի երկու որոշում են ընդունում և սկսում մեր ականջները լցնել եվրապաշտոնյաների խոստումներով՝ բա չեք ասի՝ Եվրոպան մեզ խոստացել է պարզեցնել վիզային ռեժիմը, եվրոպական այսինչ կառույցը մեր մասին դրական զեկույց է պատրաստել, որի լույսի տակ էլ մենք կշարունակենք մեր ընթացքը դեպի Եվրոպա: Այսքան բան՝ դեռ կեսբերան խոստումի կամ մի անգրագետ զեկույցի դեպքում: Իսկ պատկերացնո՞ւմ եք ինչեր կանեն ու կգրեն, երբ այդ նույն Եվրոպան որևէ տեսանելի-շոշափելի քայլ անի դեպի մեզ:
Ես վստահ եմ, օրինակ, որ Եվրամիություն մտնելուց առաջ յուրաքանչյուր երկիր մի փոքր մտածում է: Թեկուզ այն բանի համար, որ չասեն՝ յալվար է: Իսկ մերո՞նք: Թողնես՝ վազքով միանգամից Մադրիդ կհասնեն ու, եթե արգելակները չգործեն, կընկնեն ծովը: Ահա այդ աստիճան ցանկանում են մտնել Եվրամիություն ու չեն էլ նկատում, թե ինչպես են մաշվում Եվրամիության ձեռքին՝ կետ առ կետ կատարելով նրա պահանջները ՝ ազգային մտածողությունը մի կողմ նետած, հոգին՝ ի գրպան:
Եվրասիական միություն: Ըստ Պուտինի՝ Եվրամիության այլընտրանք: Ըստ իս՝ եվրախույ, եվրաԽՍՀՄ-ի պես մի բան: Նոր Մակեդոնացի է հայտնվել Մոսկվայում ու փորձում է նվաճել աշխարհը: Ու դեռ թղթե իր գաղափարը թափահարում է մեր քթի տակ՝ չհամաձայնեք՝ գազը կթանկացնեմ, Ռուսաստանից Հայաստան հոսող գումարների առաջը կփակեմ, թուրքի դեմ մենակ կթողնեմ… Պատկերացնո՞ւմ եք, այն թուրքի դեմ, որը, ըստ ֆուտբոլասերների՝ վաղուց փոխվել է, մարդաշնորհք է եկել վրան: Բա ինչո՞ւ չենք կարողանում սառը տոնով պատասխանել Պուտինին՝ ախպեր ջան, քո գաղափարը կարող է շատ լավն է, բայց մեզ համար չէ: Չենք կարողանում, որովհետև Եվրոպան ու եվրակառույցները մեզ գազ չեն տա ռուսական գնով, մեզ համար երբեք չեն կարողանա աշխատեցնել այն գործարաններն ու ենթակառուցվածքները, որ Ռուսաստանի սեփականությունն են այլևս, որովհետև, վերջապես, հասկացել ենք, որ թուրքը չի փոխվել:
Հայի ռուսամե՞տն է լավը, թե՞ արևմտամետը: Ասեմ՝ ոչ մեկը, ոչ՝ մյուսը: Արտաշես Գեղամյանն ու նրա շկոլայի մյուս ներկայացուցիչներն իրենց ռուսահպատակությամբ խայտառակում են մեզ ռուսական մամուլում, իսկ Արտաշես Գեղամյանին ու նրա շկոլայի ներկայացուցիչներին պատին դեմ տվող մեր եվրագրանտակեր մամուլն ու կայքերն էլ խայտառակում են մեզ Հայաստանում ու աշխարհում: Եվ պարզվում է, որ մենք Ռուսաստանի և Եվրոպայի ձեռքին ոչ թե սովորական կավիճ ենք, այլ խայտառակ կավիճ, մի տեսակ՝ լպրծուն նյութ, որից կարող են և զզվել դրանով գրողները:
Լավ, ի՞նչ անենք, կհարցնի Ռուսաստանից եկող էլիտար ցորենին սպասող հայ մարդը, ով այդ ցորենը ցանելու է Եվրոպաներից վարկ վերցված փողով:
Ի՞նչ պիտի անենք՝ դժվար հարց է: Պիտի նախաձեռնող լինենք և ոչ թե ավանտյուրիստ: Սրանք տարբեր բաներ են: Ոչ Գյուլին պիտի սամալյոտից նամակ գրենք և ոչ էլ Պուտինին տեղը դնելուց քաշվենք: Իսկ որպեսզի մեզ հետ նման բաներ տեղի չունենան, պիտի կարողանանք ասել՝ մենք աշխատում ենք հավասարը՝ հավասարի տարբերակով ու նախապայմանների լեզուն մեզ համար խորթ է: Իսկ նման բան կարող է ասել լեգիտիմ իշխանություն, կոռուպցիայից զերծ կառավարություն, զարգացող տնտեսություն ունեցող, արմատներով իր ազգային բարձր մշակույթից սնվող հասարակությունը միայն: կարծում եմ՝ ժամանակը կլուծի այս հարցը, միայն թե նախ պետք է արտաքին վեկտորացավից ազատվել ու մեր այլամետներին հայամետ դարձնել:
Թե վեկտորն ինչ ցավս է

Էդիկ Անդրեասյան