Աշխարհ

17.08.2012 11:28


Իրանի երկրաշարժերի հետցնցումնային ակտիվությունը

Իրանի երկրաշարժերի հետցնցումնային ակտիվությունը

2012 թ. օգոստոսի 11-ին Իրանում` Թավրիզից շուրջ 60 կմ հեռավորության վրա տեղի ունեցած 6.4 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 212 հետցնցում, որից 42-ն ունեցել են 4.0 և ավելի մագնիտուդ:

Իրանում տեղի ունեցած իրադարձությունները, բացի Թավրիզի և Արևելա-Ադրբեջանական անուններից, ստացել են նաև զույգ (twin) երկրաշարժեր անվանումը: Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ Իրանի Սեյսմոլոգիայի և երկրաշարժերի ինժեներիայի միջազգային ինստիտուտը (IIEES), ի տարբերություն մյուս կազմակերպությունների, որոնց կողմից զույգ երկրաշարժերի մագնիտուդները տարբերվում են 0.1 կամ 0.2 արժեքով, դրանով իսկ առանձնացնելով հետցնցումը գլխավորից,  այդ 2 ստորգետնյա ցնցումների ուժը գնահատել է 6.1, ինչը 11 րոպե ժամանակային տարբերությամբ տեղի ունեցած 2 ստորգետնյա ցնցումներն էլ դարձնում է գլխավոր: 

Բոլոր դեպքերում, համաձայն մեր ունեցած տեղեկությունների, ինչպես պատմական անցյալում, այնպես էլ 20-րդ և 21-րդ դարերում Իրանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժերից որևէ մեկը նման զույգ  չի ունեցել, ինչն այս իրադարձությունը դարձնում է առանձնահատուկ:

Միայն վերջին 12 տարիների ընթացքում Իրանում տեղի է ունեցել 6.0-ից մեծ մագնիտուդի 10 երկրաշարժ, ներառյալ վերջին 2-ը: Ընդ որում, 2005 թ. տեղի է ունեցել 2 այդպիսի իրադարձություն` փետրվարի 22-ին և նոյեմբերի 27-ին, համապատասխանաբար` 6.4 և 6.0 մագնիտուդերով: Առաջին իրադարձությունն առնվազն 600 մարդկային զոհի պատճառ է դարձել: Ուշադրության են արժանի նաև պատմական անցյալում հայտնի 1042 թ. և 1727 թ. Թավրիզի երկրաշարժերը: Առաջինը` 7.6 մագնիտուդով էր ու դարձավ 40 հազար զոհի, իսկ երկրորդը, որի մագնիտուդը հայտնի չէ, 77 հազար զոհի պատճառ:

Իրանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ տեղեկատվական աղբյուրներում ամենամահաբերը համարվում է 856 թ. տեղի ունեցած Դամղանի երկրաշարժը` 200 հազար զոհով: 1990 թ. սկսած մինչ օրս երկրաշարժերն Իրանում 126 հազար մարդու կյանք են խլել: Ստորև ներկայացվում է 2012 թ. օգոստոսի 11-ից 16-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած երկրաշարժերի հետցնցումնային ակտիվության տարածական  բաշխվածության քարտեզը:

Այս խորագրի վերջին նյութերը