Լրահոս

15.08.2012 16:58


Քննարկվել է Սևանա լճում իշխանի բազմացման պիլոտային ծրագրի իրականացման ընթացքը

Քննարկվել է Սևանա լճում իշխանի բազմացման պիլոտային ծրագրի իրականացման ընթացքը

Սույն թվականի օգոստոսի 15-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում, նախարարի առաջին տեղակալ պարոն Ս. Պապյանի մոտ տեղի ունեցավ հերթական քննարկումը, նվիրված` Սևանա լճում իշխանի բազմացման պիլոտային ծրագրի իրականացման ընթացքին:

Պիլոտային ծրագրի քննարկմանը մասնակցում էին` ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության,   <<Էկոմոնիթորինգ>>ՊՈԱԿ_ի, <<Սևան>> ազգային պարկի համապատասխան մասնագետներ, ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի  ձկնաբանության ինստիտուտի,  <<Էմի ֆրութ>>  ընկերության ներկայացուցիչներ:

 Խորհրդակցության ժամանակ <<Էմի ֆրութ>>  ընկերության տնօրենը ներկայացրեց իրականացրած և նախատեսվող աշխատանքները, հատուկ ուշադրություն դարձվեց ծրագրում օգտագործվելիք կերի որակի և բաղադրության վրա, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում մշտադիտարկման, մոնիթորինգի հարցերին: <<Էմի ֆրութ>>  ընկերության տնօրենը տեղեկացրեց, որ համագործակցում են  դանիական ԷնՍԻ քոնսալթինգ ընկերության հետ և այս ծրագրի շրջանակներում տրամադրված խորհրդատվության հիման վրա, որպես ձկան կերի մատակարար ընտրվել է դանիական ԲիոՄար ընկերությունը:

ԲիոՄար-ը հիմնադրվել է Դանիայում 1962թ-ին, ներկայումս նա բարձր արդյունավետությամբ ձկան կեր մատակարարող առաջատար ընկերություններից է: ԲիոՄար խումբը կերեր է վաճառում աշխարհի 60 երկրներում ավելի քան 25 տեսակի ձկների համար: Խումբը արտադրում է հատուկ սերտիֆիկացված կերեր օրգանական ձկան արտադրության համար: Տարեկան ԲիոՄար խումբը արտադրում է ավելի քան 710000տ ձկան կեր:

ԲիոՄար խմբի արտադրանքը համապատասխանում է ISO 9001:2008, ISO 22000:2005, GLOBAL G.A.P միջազգային ստանդարտներին և ունի համապատասխան սերտիֆիկատներ:

 Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման պիլոտային ծրագրի շրջանակներում նախատեսվում է օգտագործել EFICO ENVIRO 975 կամ 920 մակնիշի ձկան կեր: Այս կերերը կազմված են բարձրորակ կոմպոնենտներից, ինչը հնարավորություն է տալիս լավագույնս բավարարել ձկների սննդային պահանջները, միևնույն ժամանակ նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Կերի կազմի օպտիմալացման միջոցով ընկերությանը հաջողվել է նվազեցնել նրանում ազոտի և ֆոսֆորի պարունակությունը, այդպիսով ապահովելով ջրի նվազագույն աղտոտում այդ նյութերով:

<<Էմի ֆրութ>>  ընկերությունը պատրաստ է ձկան կերից տրամադրել  այն կազմակերպություններին, որոնք կցանկանան իրականացնել կերի որակի և բաղադրության լաբորատոր հետազոտություն:

 ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ պարոն Պապյանը, նշեց որ այս ծրագիրը փորձնական է (պիլոտային)  և առաջին հերթին ուղղված է Սևանա լճում էնդեմիկ տեսակների վերարտադրման ապահովմանը: Մշտական իրականացվող մոնիթորինգի շնորհիվ, պիլոտային ծրագրի ավարտին կգնահատվեն հնարավոր դրական և բացասական ազդեցությունները Սևանա լճի էկոհամակարգի վրա, որը թույլ կտա որոշում կայացնել հետագա քայլերի վերաբերյալ, առաջնորդվելով <<Սևանա լճի մասին>> ՀՀ օրենքում  ամրագրված պահանջներով:

ՀՀ բնապահպանության նախարարության

 մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը