Լրահոս

15.08.2012 18:44


Բաց նամակ ՀՀ նախագահին ու վարչապետին

Բաց  նամակ ՀՀ նախագահին ու վարչապետին

Մեծարգո պ-ն նախագահ`Ս. Սարգսյան, պ-ն վարչապետ` Տ.Սարգսյան.

Ես` Ռաֆիկ Մուրադյանս, մասնագիտությամբ ճարտարագետ եմ, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիական խորհրդատու: Մոտ 15 տարի զբաղվում եմ գիտական աշխատանքով: Վերջին հինգ տարիներին, զբաղվելով գիտահետազոտական աշխատանքով, կյանքի կոչեցի “Ջրապտույտի տեխնոլոգիա” համակարգի գաղափարը, որն իրենից ենթադրում է “ձրի էներգիայի” աղբյուրի տարբերակ: Էությունը հետևյալն է՝ “Ջրապտույտի տեխնոլոգիա” համակարգում ջրի ինքնակազմակերպման հաշվին ստեղծվում է ծավալային դինամիկական մասսա, որը հիշեցնում է տորնադո եւ իրենից ներկայացնում է ջրապտույտ, որի էներգիան տասնյակ անգամ գերազանցում է գոյություն ունեցող տեխնոլոգիաներով ստացվող էներգիայից: Լինելով ՌԴ քաղաքացի, գյուտը հայտավորեցինք Հայաստանում, փորձերը կազմակերպեցինք Գյումրիում, երկու տարի անընդմեջ թակեցինք դռներ` այս տեղեկությունը Ձեզ հասցնելու համար, մասնակցեցինք Գյումրիի տեխնոպարկի շրջանակներում էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպվող մրցույթներին և “պարտվեցինք”: Կարծում եմ, որ այս գյուտը պատկանում է ոչ միայն մեր ընտանիքին, այլև մեր հող ու ջրին, մեր երկրին: Մենք հետեւողական ենք եղել, կազմակերպել ենք շնորհանդեսներ, համապատասխան պետական կառույցներից եւ հիմնադրամներից եղան արձագանքներ, սակայն վերջնական արդյունքում չհավատացին, իսկ հավատացողները լծակներ չունեին, որ օգտակար լինեն: Ավելին, Դիջիթեկ  2011-ի ժամանակ,  պ-ն վարչապետ` Ձեր ուշադրությանը արժանացավ մեր մանրակերտը, մեծ ոգևորությամբ հետաքրքրվեցիք, նույնիսկ հարցադրում արեցիք, թե առաջին աշխատող սարքը որտեղ ենք տեղադրելու: Սակայն Ձեր շքախմբից ինչ-որ մեկը արձագանքեց, թե իբր անիմաստ բաներ ենք ասում, այն դեպքում, երբ այս գյուտի իրագործումը մեր հանրապետությունը կարող է դարձնել էներգետիկայի ոլորտի համաշխարհային  շուկայի հիմնական դերակատարներից մեկը: Այս ամենը ես նկարագրեցի առանց որեւէ չափազանցության եւ ավելորդ զգացմունքայնության: Կարծում եմ. Հավատանք, որ փոխենք կարգախոսը բնորոշ է նաեւ հենց այս իրավիճակին: Ես, սկզբունքորեն հեռու լինելով քաղաքականությունից, միաժամանակ այդ կարգախոսին վերաբերվել եմ լրջորեն եւ նույնը փոխադարձորեն ակնկալում եմ Ձեզանից: Խնդրում եմ հանձնարարել ոլորտի պատասխանատու Ձեր ենթականերին` լսել իմ առաջարկները եւ գործնական մոտեցում ցուցաբերել, քանզի լավ տեղյակ եմ, որ Դուք խրախուսում եք գիտական առաջադեմ մոտեցումներն ու նորարարությունները: Ես ընտրել եմ նամակով դիմելու տարբերակը, քանի որ սա մեր աշխատանքի մասին Ձեզ իրազեկ պահելու վերջին միջոցն է: Մենք ակնկալում  ենք ունենալ պետության աջակցությունը հետևյալ հարցերում՝

- պետության ֆինանսական ներգրավվածությունը ստեղծված ընկերության բաժնետոմսերի դիմաց.

- անհրաժեշտության դեպքում, անտոկոս երկարաժամկետ վարկերի տրամադրում.

- պետական աջակցություն միջազգային շուկա մուտք գործելու հարցում:

Դիմող`  Ռաֆիկ  Մուրադյան

Այս խորագրի վերջին նյութերը