Լրահոս

14.08.2012 18:48


Հայ-ռումինական համատեղ դրոշմանիշի թողարկում

Հայ-ռումինական համատեղ դրոշմանիշի թողարկում

Օգոստոսի 14-ին Ռումինական Ակադեմիայի Մեծ սրահում տեղի ունեցավ հայ-ռումինական համատեղ դրոշմանիշի թողարկման հանդիսավոր արարողությունը` նվիրված Սուչավա քաղաքի մոտ գտնվող Հաճկատար վանքի հիմնադրման 500-ամյակին եւ այդ կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական այցելությանը: Հանդիսության պատվո հյուրերն էին Ամենայն Հայոց Հայրապետը եւ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կոռլացեանը: Կաթողիկոսին ուղեկցում էին Ռումինիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ Արեւելյան թեմի, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի, Բուլղարիայի թեմակալ առաջնորդները: Ներկա էին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինական Ակադեմիայի անդամներ, պետքարտուղարներ, դեսպաններ, գիտության ու մշակույթի գործիչներ, ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ: Ռումինական Ակադեմիայի փոխնախագահ Դան Բերինդեյի ողջույնի խոսքից հետո «Ռոմֆիլատելիայի» նախագահ տիկին Քրիստինա Պոպեսկուն հրավիրեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կոռլացեանին բացելու համատեղ դրոշմանիշի վահանակը: Այնուհետեւ ելույթներով հանդես եկան նախարար Տիտուս Կոռլացեանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, ինչպես նաեւ «Ռոմֆիլատելիայի» նախագահ տիկին Քրիստինա Պոպեսկուն եւ Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը: Այդ կարեւոր իրադարձության կապակցությամբ գնահատանքի եւ օրհնանքի իր խոսքն ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

  «Համատեղ դրոշմանիշի վրա պատկերված վանքը եւս մեկ վկայությունն է հայ եւ ռումին ժողովուրդների երկարատեւ համերաշխ գոյակցության: Ավանդությունը պատմում է, թե 500 տարի առաջ մոլդովացի հայ առեւտրականներ Դոն-Ավագ եղբայրները դեպի Բուդապեշտ իրենց առեւտրական ճանապարհին` Սուչավայի մոտ մի բլուրի վրա, կառուցեցին Սբ. Աստվածածնին նվիրված մի վանք, որը հետագայում նշանավոր էր դառնալու իր զորությամբ: Հաճկատար վանքն այսօր ուխտատեղի է ոչ միայն Ռումինիայի եւ շրջակա երկրների հայերի, այլեւ հազարավոր տեղացիների համար, որոնք այդ վանքի հետ են կապում իրենց փափագների կատարումը: Դարերից եկող այս ամուր հավատը պատգամ է մեզ, հատկապես` քաղաքական մարդկանց եւ դիվանագետների համար` անխաթար պահպանելու անցյալի համատեղ արժեքները, հատկապես նրանց էությունն ու ոգին, բարեկամությունն ու համերաշխությունը, եւ, նոր ուժով հագեցած, այն փոխանցելու հաջորդ սերունդներին»,- իր խոսքի մեջ նշեց դեսպան Գասպարյանը:

«Հայ-ռումինական ընդհանուր այդ ժառանգությունը բնականորեն մաս է կազմում համաեվրոպական եւ համամարդկային արժեքների եւ մեզ ուղղորդում դեպի այն ընդհանուր նպատակը, որին միասնաբար ձգտում ենք` խաղաղ, ապահով եւ համերաշխ Եվրոպա եւ ավելի լայն առումով` խաղաղ, ապահով եւ համերաշխ աշխարհ», ասաց Հայաստանի դեսպանը:

 

          Համատեղ դրոշմանիշը իրականացրել են «Ռոմֆիլատելիա» ընկերությունը եւ «Հայփոստ» ՓԲԸ` Ռումինիայում Հայաստանի դեսպանության գործուն աջակցությամբ: Դրոշմանիշը, որի վրա պատկերված է Ռումինիայում գտնվող Հաճկատար վանքը` «Հայկական վանք Հաճկատար. 1512-2012» մակագրությամբ, երկու երկրներում պաշտոնապես շրջանառության մեջ է մտել օգոստոսի 11-ին:

Այս խորագրի վերջին նյութերը