Կարծիք

13.08.2012 16:29


Օլիմպիադան փակվեց, բացվեցին շատախոս բերանները

Օլիմպիադան փակվեց, բացվեցին շատախոս բերանները

Իշխանությունների սպասարկու որոշ լրատվամիջոցների համար Լոնդոն-2012 խաղերի փակումը ևս մեկ առիթ հանդիսացավ ՀԱՕԿ-ի, նրա նախագահի և սպորտի բնագավառի մյուս ղեկավարների հասցեին անտեղի ու անկապ քննադատություններ հնչեցնելու: Սրանք, ըստերևույթին, թև առան ավելի վաղ Յուրի Վարդանյանի հնչեցրած հայտարարություններից, բայց, եթե աշխարհահռչակ ծանրորդի խոսքը դեռ որոշ բան նշանակում է մարզաշխարհում, ապա 5 կիլոգրամանոց հանտելը ոտքին գցող լրագրողի ու լրատվամիջոցի ճամարտակությունը միայն ծիծաղ է առաջացնում: Հիմա էլ սուգ են կապել, թե Հայաստանի օլիմպիական թիմը հետընթաց արձանագրեց, որովհետև անցած չորս տարիներին այս բնագավառում ոչինչ կամ գրեթե ոչինչ չի արվել: Էս աստիճանի էլ շանտղությո՞ւն: Որ աշխարհի ու Եվրոպայի ամեն սորտի մեդալ ենք բերել այս տարիներին, դա հե՞չ:

Լոնդոնում արձանագրված տնաքանդությունը, ասում են, պետք է հրաժարականների հանգեցնի ընդհուպ մինչև ՀԱՕԿ նախագահի մակարդակով: Յա՛ա՛ա՛…

Անկեղծ ասած՝ ոչ մի ցանկություն չկա ՀՀԿ սպասարկու մամուլի քաղաքականացված բարբաջանքի ակունքները պեղելու, բայց, համաձայնեք, սա էլ մի խայտառակություն է, երբ քաղաքականացվում է ամեն ինչ ու ամեն բան, անգամ առանձին վերցված մեկ մարզիկը, որ ինքնին սուվերեն օրգանիզմ է՝ ենթակա արտաքին աշխարհի լավուվատ ազդակներին: Այդ մարզիկը կարող է ցնծություն պարգևել, կարող է նաև անհաջողության մատնվել նույնիսկ լավագույն մարզավիճակում, և այստեղ երկու կարծիք լինել չի կարող ու կարիք չկա սրանից տրագեդիա սարքելու, առավել ևս՝ այդ մարզիկի մեջ մարզական չարությունը սպանելու՝ նրան ներքաշելով քաղաքական խարդավանքների մեջ և օգտագործելով որպես PR-ի գործիք:

Եթե այս կարգի ամեն անհաջողություն, իսկ Լոնդոնում, այո, մենք փայլուն հաղթանակներ չտարանք, հրաժարականներով ավարտվեր, ապա ՀՀԿ-ական կառավարությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ վաղուց պիտի հրաժարական տված լիներ: Հասկանո՞ւմ եք, պարոնայք, չի կարելի տասնյակ տոկոսներով հետընթաց արձանագրել ու կառչած մնալ պետության ղեկից: Ավելին ասենք՝ բարոյական չէ մեկով ավել, մեկով պակաս մեդալ նվաճելու համար պահանջել ՀԱՕԿ նախագահի հրաժարականը, բայց հանդուրժել կովկիթից ու եզդիների սովորություններից գլուխ չհանող վարչապետին, չի կարելի մարզաշխարհի ղեկավարներին քննադատել, երբ նրանք Հայաստանի համար Պորտուգալիայից ավելի շատ մեդալ են բերում, բայց ՀՀ իշխանություններին գովել, երբ նրանք երկիրը իջեցնում են Մադագասկարի մակարդակին: Հուսամ՝ հասկացաք, թե ինչ կարող է դուրս գալ, երբ սեփական աչքի գերանը չտեսնողները շարունակեն ուրիշի աչքի փուշը քաղաքական հրապարակումների թեմա դարձնել:

Մի առիթով Սերժ Սարգսյանը Վարդան Ղուկասյանին, կարծեմ, ասել է՝ առջևում դեռ կարևոր գործեր ունենք: Թե այդ ինչ կարևոր գործեր ունի Սերժ Սարգսյանն առջևում, հասկանում ենք բոլորս և յուրաքանչյուրս մեր հերթին այդ կարևոր գործերին պատրաստվում ենք յուրովի՝ ոմանք ինքնուրույն, ոմանք իշխանությունների աջակցությամբ, իսկ իշխանություններն էլ՝ Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ: Իշխանությունը, սակայն, իր նախապատրաստության ընթացքում, քաղաքականացնում, ոտի տակ է տալիս ամեն ինչ՝ սկսած ազգային մշակույթից, սպորտի բնագավառից, վերջացրած տնտեսության այնպիսի անմեղ ճյուղեր, ինչպիսին գյուղատնտեսությունն է, կրթության ու առողջապահության բնագավառները: Որ դատարանները, դատախազությունն ու ոստիկանությունը քաղաքական ֆակտոր են Հայաստանում՝ ընդհանրապես խոսք չկա: Ուրեմն էլ ի՞նչ հույսով են իշխանությունները մտածում առաջընթացի ու հաղթանակների մասին: Այդ ի՞նչ պիտի աներ հոնդուրասներին ու մադագասկարներին հավասարեցված Հայաստանը, որ չի արել Լոնդոնում, պարոնայք՝ տուռնիկից հեռու տեսաբաններ: Իսկ գուցե նվաճված արծաթն ու բրոնզե երկու մեդալներով այնուամենայնիվ գոհանա՞ք:

Ինձ, խնդրում եմ, ճիշտ հասկացեք, մենք, անշուշտ, ավելին էինք պարտավոր անել: Գոնե սպորտի հանդեպ (ֆուտբոլն ու շախմատն էլ հետը) մեզանում անտարբերություն ու ֆինանսական խնդիրներ չկան: Մենք ի՞նչ պիտի անեինք, ուրեմն, Իռլանդիայի հետ պարտվելուց հետո պիտի պահանջեինք ՀՖՖ նախագահի հրաժարակա՞նը, թե՞ շախմատիստների յուրաքանչյուր անհաջողությունից հետո Սերժ Սարգսյանին պիտի հանգստի գնալու կոչեր անեինք: Սպորտ է, ի վերջո, շատ դեպքերում մարզական ճակատագրի հաջող կամ անհաջող դասավորվելու հարց: Հետևաբար ինչո՞ւ է Լոնդոն-2012-ն այսպիսի իրարանցում առաջացրել ՙխիստ մարզական՚ թեքումով մեր լրատվամիջոցներում: Վերջ տվեք, ամոթ է:

Էդիկ Անդրեասյան 

Այս խորագրի վերջին նյութերը