Լրահոս

13.08.2012 16:23


Զինվորական ծառայության ժամանակ սպանված Արտակ Նազարյանի գործը վճռական փուլ մտավ

Երեքշաբթի օրը՝ 14.08.2012թ. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Ծովինար Նազարյանը կշարունակի ցուցմունքը՝ եղբոր՝ 2010թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում սպանված 31-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով: Նախորդ դատական նիստում նա ներկայացրել էր եղբոր՝ Արտակ Նազարյանի բնութագիրը, եւ պատմել էր դեպքին հաջորդող օրերին նախաքննական մարմնի հանցավոր գործելաոճի մասին, որին անձամբ էր ականատես եղել:

 

Մասնավորապես նա նշել էր, որ քննիչ Ս. Մադաթյանը, դեպքից մի քանի օր հետո՝ օգոստոսի 3-ին, Նազարյանների բնակարանում խոստովանել էր, որ Նազարյանի ինքնաձիգից մատնահետքեր չի վերցրել, քանի որ իր մատնահետքերը կհայտնաբերվեին դրա վրա, որովհետեւ առանց ձեռնոցի է քննչական գործողություններ կատարել դեպքի վայրում: Քննիչը Նազարյանի՝ Արծվաբերդ գյուղում վարձած տունն այդպես էլ չի կնքել, իսկ այնտեղ խուզարկություն է կատարել միայն ծնողների բազմակի պնդումներից եւ միջնորդությունից հետո (ի դեպ՝ դրա համար ընտրելով Նազարյանի ծննդյան օրը եւ ստիպելով ընտանիքին հյուրերին տանը թողած մեկնել Արծվաբերդ):

 

Արտակ Նազարյանի քույրը պատմել է նաեւ, որ երբ եղբոր մահվան լուրն առնելով Վաշինգտոնից Երեւան է հասել հուղարկավորության առավոտյան ժամը 4-ին, ականատես է եղել, թե ինչպես են ծանր գրիմի տակ փորձել թաքցնել բազմաթիվ վերքերից աղավաղված՝ եղբոր դեմքը, թե ինչպես էր մարմինը ժամ առ ժամ ուռչում՝ կասկած հարուցելով, որ մահն ավելի վաղ էր տեղի ունեցել, քան նախաքննական մարմնի նշած ժամանակը, թե ինչպես են շուրթերը ուռչելով՝ ցուցադրում կարերը: Նա հիշել է ինչ-որ մեկի խոսքերը, թե «Արտակ Նազարյանի կարած բերանը մեր բոլորի կարած բերանն է» եւ շրջվելով դեպի ամբաստանյալները՝ ասել է. «Դա նաեւ ձե՛ր բերանն է»՝ ակնարկելով նրանց լռությունը սպանության մասին:

 

Նույն օրը՝ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի ցուցմունքից հետո կողմերը կներկայացնեն հայտարարություններ եւ միջնորդություններ դատարանում հետազոտված ապացույցների կապակցությամբ: Դատավորի սահմանած կարգով կողմերը հնարավորություն չստացան հայտարարություններ անել ապացույցների հետազոտմանը զուգահեռ: Ինչպես հայտնի է, պաշտպանական կողմը համաձայն չէ ներկայացված մեղադրանքի հետ, իսկ տուժող կողմը վիճարկում է ինքնասպանության վարկածը՝ տեղի ունեցածը համարելով դիտավորյալ սպանություն, ինչի փաստական վկայություններ կան քրեական գործում: Հենց այդ վերլուծություններն են երեքշաբթի օրը հնչելու դատարանի դահլիճում:


Դատաքննությունը: Դատարանի որոշմամբ դատաքննությունն սկսվել է դատակոչված վկաների հարցաքննությամբ, իսկ քրեական գործով ձեռք բերված ապացույցները հետազոտելը թողնվել է վերջում՝ վկաների, ամբաստանյալների եւ իրավահաջորդի ցուցմունքներից հետո: Արտակ Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի ցուցմունքը կիսատ է մնացել եւ շարունակում է Արտակի քույրը՝ Ծովինար Նազարյանը, ում փոխանցվել են տուժողի իրավահաջորդի իրավասությունները: Վկաները եւ ամբաստանյալները արդեն ցուցմունք են տվել, հետազոտվել են ապացուցույցները: Այժմ դրանց մասին հայտարարություններ եւ միջնորդություններ անելու պահն է:


Նախապատմությունը: Արտակ Նազարյանը սպանվել է 2010թ. հուլիսի վերջին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է եւ գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչեւ ապացույցների ոչնչացում եւ կեղծում (մանրամասները տե՛ս մամուլում Ա. Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի 28.09.2011թ. բաց նամակում՝ զինդատախազ Գ. Կոստանյանին):

Դատավարության մասնակիցները: Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը: Վերջինի՝ Հ. Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է, եւ նա հանձնված է զորամասի հսկողությանը, որտեղ շարունակում է ծառայությունը: 

Դատավոր՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյան: Մեղադրանքը պաշտպանում է զինվորական դատախազ Հարություն Հարությունյանը: Ամբաստանյալ սպաների շահերը պաշտպանում են փաստաբաններ Լեւոն Պողոսյանը (Վ. Հայրապետյանի պաշտպան), Հրանտ Գեւորգյանը եւ Արմինե Ղասաբողլյանը (Հ. Մանուկյանի պաշտպաններ), իսկ երեք շարքայինների՝ Մ. Մխիթարյանի, Ա. Հովհաննիսյանի եւ Հ. Կիրակոսյանի կողմից ներգրավված են փաստաբաններ Ազատ Շահբազյանը եւ Ալվարդ Մնացականյանը:

Տուժողի իրավահաջորդն էր Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, իսկ 2011թ. նոյեմբերի 29-ից՝ քույրը՝ Ծովինար Նազարյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն են փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը