Լրահոս

10.08.2012 16:47


Գառնիի միջնադարյան կամուրջը աշնանը շահագործման կհանձնվի

Գառնիի միջնադարյան կամուրջը աշնանը  շահագործման կհանձնվի

Աշնանը շահագործման կհանձնվի 11-րդ դարում կառուցված Գառնիի կամուրջը։ Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են հուլիսի 2-ից եւ առաջին փուլը կավարտվի  օգոստոսի 15-ին։ Շինարարական ընկերության պատասխանատուները վստահեցնում են, որ այն ամբողջությամբ պատրաստ կլինի նախանշված  ժամկետից՝ նոյեմբերից էլ շուտ։ Պատմամշակութային այս եզակի հուշարձանը    վերանորոգելու  հիմքը  դրվել է  նախորդ  տարի սեպտեմբերին՝  մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի  ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի կողմից ստորագրված ՝ ,Դեսպանների մշակութային արժեքների պահպանմանե հուշագրով։ Ամերիկյան հիմնադրամն այդ նպատակով հատկացրել է 110 հազար ԱՄՆ դոլար գումար։  Աշխատանքների պատվիրատուն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն  ծառայության» ՊՈԱԿ-ն է, իսկ մրցույթով ընտրված կապալառուն «Տիգրան-Ավիկ»  ՍՊԸ-ն:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ու ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչները եղան Գառնիում՝ տեղում ծանոթացան շինարարական աշխատանքների ընթացքին։

«Կամրջի վերականգնումը կարող է վերածվել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքներում գտնվող նշանավոր հուշարձանային համալիրների  կապակցման արդյունավետ եղանակի՝ պահպանելով հուշակոթողը և այն օգտագործելով կրթամշակութային, զբոսաշրջային նպատակներով։ Կամրջի վերականգնումը  կարող է նաեւ խթան հանդիսանալ համայնքի բնակիչների  սոցիալ-տնտեսական զարգացման համար», - լրագրողների հետ զրույցում ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի մշակույթի հարցերով կցորդ Շոն Օ Հարայի համոզմամբ, Հայաստանն օրհնված երկիր է, քանի որ մեծ թվով պատմամշակութային արժեքներ ունի, որը պիտի պահպանի։

«800  տարի գոյություն ունեցող հուշարձանը, կարծում եմ առնվազն  800 տարի էլ կանգուն կլինի։ Այս հուշարձանը մի կողմից կամուրջ է Հայաստանի ու միացյալ նահանգների, մյուս կողմից՝ Հայաստանի անցյալ ու ապագայի միջեւ»,- իր խոսքում նշեց Շոն Օ Հարան։

Դեսպանատան ներկայացուցիչն աշխատանքների այս փուլի ընթացքը գոհացնող համարեց։

Կամուրջը  կվերկանգնվի  նույն գույնի տուֆով ինչպիսին ունեցել է կամարն ու թառը։ Ճարտարապետ, նախագծի հեղինակ Ռազմիկ Դավթյանի համոզմամբ, այն ամուր կլինի ու դեռ երկար կծառայի մարդկանց։

 Շինարարական ընկերության ընկերության ներկայացուցիչ Աշոտ Զաքարյանի փոխանցմամբ էլ՝ առաջին փուլի աշխատանքներն ընթանում են նորմալ, առանց որեւէ խոչընդոտների։ Ընթացքին ուշի ուշով հետեւում է տեխնիկական վերահսկողություն իրականացնող կազմակերպությունը։ Գագիկ Նազարյանի խոսքով, թերություններ ու բացթողումներ չեն եղել եւ աշխատանքներն իրականացվում են որակով եւ ըստ նախագծի։

Հիշեցնենք, որ Ազատ գետի վրա կառուցված կամուրջը Գառնի գյուղը կապում է գետի ձախ ափին գտնվող Հավուց Թառ և այլ նշանավոր վանական համալիրների և հուշարձանների հետ:   Կառուցված է կրաշաղախով կապակցված բազալտով, իսկ թաղը և ճակատային որմնակամարները կարմիր և սև սրբատաշ տուֆե շարվածքով: Կամուրջը նախկինում մի քանի անգամ վերանորոգվել է /XVII-XVIII դարերի ընթացքում/, իսկ 2009թ. Պետբյուջեից հատկացված միջոցներով սրբատաշ տուֆ քարով երեսպատվել և արդեն մասնակի վերանորոգվել է կամրջի մի մասը, որը սակայն, վթարային վիճակում էր հայտնվել։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ը, հիմնվելով ձեռքբերումների վրա` 2011թ. Մշակութային բնապատկերի պահպանման և կառավարման /ՅՈՒՆԵՍԿՕ–Հունաստան/ «Մելինա Մերկուրիի միջազգային մրցանակը», Գառնիի կամուրջի վերականգնման ԱՄՆ «Դեսպանների մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի դրամաշնորհը, հետևողական է լինելու  «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի և նրան հարակից բնապատկերի հետագա արժևորման, պահպանության, բարեկանգնման և հանրահռչակման գործընթացում։

Ի դեպ, ՊՈԱԿ-ի ներդրումային ծրագրերի ներգրավման հաջորդ նախագիծը Գառնիի ձորի` «Քարերի սիմֆոնիա»  կոչվող բնական հուշարձանի գիշերային լուսավորությունն է, որը կիրականացվի համապատասխան դրամաշնորհային ծրագրի կամ այլ մասնավոր ներդրումների առկայության դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը