Լրահոս

09.08.2012 19:58


Փոփոխվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը

Փոփոխվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը

Նկատի առնելով, որ 1998թ. ընդունված գործող օրենսգիրքը կիրառվում է ավելի քան տասը տարի, երբ երկրի հասարակական և քաղաքական կյանքում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, ՀՀ կառավարությունն անխուսափելի է համարում քրեական գործերի քննության և լուծման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող հիմնական իրավական ակտի փոփոխությունները։ Նիստում հավանություն է տրվել օրենսգրքի նախագծին, որի ընդունմամբ ակնկալվում է ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանության քրեադատավարական երաշխիքները, հավասարակշռել հանրային և մասնավոր շահերը, բարձրացնել դատարանի դերն ու նշանակությունը, քրեական դատավարությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և այլն։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը և կենտրոնական բանկը, մինչև օրենսգրքի նախագիծն Ազգային ժողով ներկայացնելը, մեկ անգամ ևս քննարկեն փաստաթղթի հայեցակարգային դրույթները։

Գործադիրը քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որի ընդունումը, ըստ հեղինակների, կվերացնի այս և «Կրթության մասին» օրենքի անհամապատասխանությունը։ Կառավարությունը որևէ առարկություն չի ներկայացրել օրինագծի վերաբերյալ։ Հաջորդ նախագիծը, որը նույնպես ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունն է, միտված է ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխություններով և լրացումներով այն համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը։ Գործադիրը մի շարք առաջարկներ է արել, որոնց ընդունման դեպքում միայն ընդունելի կհամարի ներկայացված նախագիծը։
ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած մեկ այլ օրինագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում։ Կառավարությունն այս դեպքում ևս ունի առաջարկություններ, որոնց ընդունմամբ ընդունելի կհամարի օրինագիծը։
Կառավարությունը որոշել է իր նախաձեռնությամբ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրած ութ օրենքի նախագծերը ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։ Գործադիրը նաև նպատակահարմար է համարել ԱԺ-ում գտնվող չորս օրինագծերի, աննպատակահարմար` մեկ օրինագծի հերթական` երկրորդ ընթերցմամբ քննարկումը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը