Կարծիք

08.08.2012 18:48


Իշխանությունների քարոզչամեքենան վերջնականապես խափանվել է

Իշխանությունների քարոզչամեքենան վերջնականապես խափանվել է

Նույնիսկ աննախադեպ շոգ ամառը չի կարողանում մոռացության տալ, որ ընդամենը մի քանի ամիս անց Հայաստանը նախագահ է ընտրելու: Չնայած արտաքուստ ամեն ինչ հանգիստ է, սակայն լարվածությունն այնքան մեծ է, որ այն նույնիսկ հնարավոր չի լինում թաքցնել: Իսկ լարվածության սկզբնաղբյուրը Սերժ Սարգսյանի թիմակիցներն են, որոնց քարոզչամեքենայի խափանման պատճառով ավելի քան պարզ երեւում է, թե ինչ ծանր իրավիճակում են հայտնվել նրանք:

Իհարկե, բանականությունը հուշում է, որ այս իրավիճակում Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ առաջադրվելու մասին չպետք է անգամ մտածեր, սակայն մենք գործ ունենք Հայաստանի հետ, որտեղ այժմ տրամաբանությունը մղվել է ամենահետին պլան: Այնպես որ, ավելի քան պարզ է, որ միայն հրաշքի դեպքում Սերժ Սարգսյանը չի առաջադրվի: Իհարկե, հրաշքներ, այնուամենայնիվ լինում են, ինչպես ցույց տվեցին Գյումրվա իրադարձությունները, այնպես որ, այս տարբերակը չի կարելի ամբողջովին բացառել:

Բայց եկեք հրաշքները մի կողմ դնենք եւ վերադառնանք իրականություն, որտեղ իրերի դասավորությունն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանի առաջադրման հավանականությունը 99.99 տոկոս է: Հասկանալի է նաեւ, որ Սերժ Սարգսյանը եւ իր շրջապատը բոլորից լավ գիտեն, թե ազատ եւ արդար ընտրությունների դեպքում իրենք քանի տոկոս ձայն կստանան: Բնականաբար, Սերժ Սարգսյանի թիմակիցները փորձելու են օգտագործել այն նույն ընտրացուցակները եւ շրջիկ խմբերը, որոնք առկա էին խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Պարզ է նաեւ, որ մինչև ընտրությունները քարոզչամեքենան փորձելու է Սերժ Սարգսյանին ներկայացնել մի բարի եւ արդար մարդու կերպարով, որը համառ պայքար է մղում այս երկրի թշնամի օլիգարխների դեմ: Փորձելը` փորձելու են, բայց սա այն դեպքն է, որ կարող ենք դեռ փորձը չսկսած հայտարարել, որ այն ձախողվելու է:

Իսկապես ծիծաղելի է, երբ քարոզչամեքենան փորձում է արդարության համար պայքարի մարտիկ ներկայացնել մի մարդու, ով նախագահ է դարձել մարտի 1-ի դեպքերից հետո։ Ինչպես կարելի է օլիգարխիայի դեմ պայքարի առաջամարտիկ ներկայացնել մի մարդու, ով երկրի գերագույն օլիգարխն է ու կանգնած է մյուս օլիգարխների թիկունքին։ Մի խոսքով, Սերժ Սարգսյանի քարոզչամեքենան արդեն իսկ խափանվել է եւ քիչ հավանական է, որ մինչեւ նախագահական ընտրություններ կկարգավորվի:

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի հույսը մնում են շրջիկ խմբերը եւ ընտրացուցակները: Եւ այստեղ արդեն դեպքերի հետագա ընթացքը կախված է լինելու ՀԱԿ-ից, ՀՅԴ-ից եւ իհարկե ԲՀԿ-ից: Այս, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի տիրույթից դուրս մնացած մյուս ուժերի քայլերից է կախված լինելու, թե որքանով կհաջողվի Սերժ Սարգսյանի ու իր երիտխորհրդականների ծրագիրը:

Պարզից էլ պարզ է, որ ընդամենը ճիշտ եւ համբերատար աշխատանքի դեպքում մայիսի 6-ը չի կրկնվի: Մյուս կողմից նրանք, ովքեր հույսը դրել են մայիսի 6-ի սցենարի վրա, պետք է հիշեն, որ Հայաստանում նախագահական ընտրությունները երբեք չի կարելի համեմատել խորհրդարանականի հետ: Ընկալումը ժողովրդի եւ նույնիսկ քաղաքական ուժերի կողմից խիստ տարբեր է: Կարճ ասած` խորհրդարանական ընտրություններից հետո հետընտրական զարգացումներ չեն լինում, իսկ նախագահականի դեպքում լինում է: Ավելին, բոլորն էլ, այդ թվում Սերժ Սարգսյանն էլ գիտեն, թե ինչ վիճակում է ապրում ժողովուրդը, գիտեն, որ ժողովուրդը կայծի է սպասում: Այնպես որ, սեփական նկրտումները բավարարելու համար չի կարելի մի ամբողջ պետության գոյություն վտանգել:

Դժվար չէ կռահել, որ այդ կայծը բացառելու համար նույն Սերժ Սարգսյանի թիմը փորձելու է օգտագործել, այսպես կոչված, «ական»–ավոր գործիչներին: Այլ կերպ ասած, փորձելու է պառակտել ընդդիմադիր հատվածը:

Որքան էլ ասվում եւ գրվում է, թե հին եւ նոր գեղամյաններն իրենց արդեն վաղուց սպառել են, բայց իշխանություններին ոչինչ չի մնում, քան նրանց կրկին օգտագործելը: Ինչպես ասում են, չեղած տեղում բարդին էլ է վառելափայտ: Հնարավոր է նաեւ, որ մեզ առաջիկայում անակնկալներ մատուցվեն եւ մենք ականատես դառնանք «ական»–ավոր գործիչների համալրմանը: Այս անտրամաբանական քաղաքական դաշտում ամեն անակնկալի կարելի է սպասել: Մի փոքր փորձված աչքի համար, սակայն, տեսանելի է, որ «ական»–ավոր գործիչները, տարատեսակ, այսպես կոչված, քաղաքացիական շարժումները միայն կարող են մի թեթեւ քամի առաջացնել, որը ուժերի դասավորության վրա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ: Այդ հետո է, որ ամաչելու են բոլոր նրանք, ովքեր իրենց լուման կամ էներգիան ներդրեցին գործող համակարգի պահպանման համար:

Դժվար չէ կռահել, որ քարոզչամեքենան ամեն ինչ կանի ՀԱԿ-ին, եւ ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին միմյանց դեմ հանելու համար, բնական է, որ ամեն ինչ կանեն ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին եւ ԲՀԿ-ին վարկաբեկելու համար: Վստահաբար կարելի է ասել, որ այսօր այս երեք ուժերն այնքան են հասունացած, որ կկարողանան շրջանցել սադրանքները եւ բոլոր տեսակի ծուղակները: Մնացածը տեխնիկայի հարց է։

Վարդան Մխիթարյան  

Այս խորագրի վերջին նյութերը