Աշխարհ

08.08.2012 09:52


Հաճախակի տրվող հարցեր Թուրքիայից հայկական պահանջների վերաբերյալ

Հաճախակի տրվող հարցեր Թուրքիայից հայկական պահանջների վերաբերյալ

2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մոտեցումը մի շարք հիմնարար հարցերի տեղիք է տալիս, մասնավորապես Թուրքիայից հայկական տարածքային պահանջների վերաբերյալ: Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում, այս սյունակում կանդրադառնանք այդ հարցերին՝ ներկայացնելով նման պահանջների հիմնավորումը և պատասխանելով հաճախակի հնչող հարցերին:

  Հարց առաջին. Ճիշտ է արդյո՞ք, թե ցեղասպանության հանցագործությունից բխող բոլոր պահանջները հարյուր տարի անց դառնում են անվավեր:

 Պատասխան. Ոչ, ճիշտ չէ: 1968 թվականի նոյեմբերի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է «Կոնվենցիա պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին», որը ներառում է  ցեղասպանության հանցագործությունը: Սույն Կոնվենցիայի առաջին հոդվածում ամրագրված է, որ «Վաղեմության ոչ մի ժամկետ չի կիրառվում [այդ հանցագործությունների նկատմամբ] … անկախ դրանց կատարման ժամանակից»: Հետևաբար, անկախ այն բանից, թե ինչքան ժամանակ է անցել, պատերազմի  հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, ներառյալ ցեղասպանությունը, դեռևս կարող են հետապնդվել օրենքով: Այնուամենայնիվ, գործնական նկատառումներով, ավելի խոհեմ կլինի նման հանցագործությունների համար հնարավորինս շուտ դիմել դատարան:

  Հարց երկրորդ. Արդյո՞ք անիրատես չէ ակնկալել, որ հայերը երբևէ կվերստանան Արևմտյան Հայաստանը:

 Պատասխան. Պետք չէ պատրանքներ տածել, որ Թուրքիայի ղեկավարները հոժարակամ հայերին թեկուզ մի թիզ հող կհանձնեն, էլ չենք խոսում Արևմտյան Հայաստանի ողջ տարածքի մասին: Տարածքների խաղաղ փոխանցումը չափազանց հազվադեպ է միջազգային հարաբերությունների պրակտիկայում: Ավելի հաճախ հողը բռնի ուժով է վերցվում: Քանի որ Հայաստանը ռազմական տեսանկյունից ավելի հզոր չէ քան Թուրքիան և չի ակնկալվում, որ մոտ ապագայում այդպիսին կդառնա, ապա հայերը ստիպված են սպասել չնախատեսված զարգացումների, որոնք կարող է տեղի ունենան Թուրքիայում և նրա շուրջը, ինչպիսիք են քաղաքացիական պատերազմը, համաշխարհային կամ տարածաշրջանային հակամարտությունը, հեղափոխությունը, քրդական ընդհարումները, բնական կամ միջուկային աղետները, որոնք կհանգեցնեն իշխանական վակուումի և հնարավոր սահմանային փոփոխությունների երկրագնդի այդ հատվածում: Միաժամանակ, հայերը պետք է վառ պահեն և սերնդեսերունդ փոխանցեն իրենց հողային պահանջները մինչև պատեհ պահը, երբ նրանք կկարողանան վերստանալ իրենց օրինական իրավունքները:

 Միևնույն ժամանակ, հայերի համար անխոհեմություն է նվազագույն պահանջներ ներկայացնել Թուրքիային: Քանի որ թուրք ղեկավարները չեն ցանկանում նույնիսկ ամենաչնչին տարածքային զիջումներ կատարել, ապա անիմաստ է նրանց ասել, որ հայերը կբավարարվեն միայն Արարատը կամ Անին վերադարձնելով: Հայերը պետք է պահանջեն ոչ պակաս, քան «Ծովից ծով Հայաստանը»:  Իրենց պահանջները նվազագույնի հասցնելու փոխարեն հայերը պետք է պահաջեն առավելագույնը, որպեսզի արդյունքում ստանան արդարացիորեն իրենց պատկանող տարածքների գոնե մի հատվածը: Ինչպես բոլոր լավ հայ գործարարները գիտեն` բանակցությունները երբեք չեն սկսում ամենացածր գնից:

 

Հարց երրորդ. Եթե՞ Արևմտյան Հայաստանը ազատագրվի, արդյո՞ք բնակչության ճնշող մեծամասնությունը և ընտրված պաշտոնյաները քրդերը կամ թուրքերը չեն լինի՝ հայերին դարձնելով ազգային փոքրամասնություն իրենց սեփական հայրենիքում:

Պատասխան. Այո, դա այդպես կլինի, եթե Արևմտյան Հայաստանը հայերին հանձնվի հենց այսօր: Սակայն, այդպիսի բան հազիվ թե տեղի ունենա: Ինչպես նշվեց վերևում, նախքան որ հայերը հնարավորություն ունենան վերստանալ իրենց պատմական հողերը, աղետալի իրադարձություններ պետք է տեղի ունենան երկրագնդի այդ հատվածում: Ոչ ոք չգիտի, թե նման զարգացումներն ինչպիսի ազդեցություն կունենան տեղի բնակչության վրա: Տարածաշրջանում չնախատեսված հանգամանքների բերումով ժողովրդագրական փոփոխությունների արդյունքում կորոշվի, թե ինչքան քուրդ, թուրք կամ անգամ հայ կմնա այդ շրջանում: Պարզապես, չի կարելի ենթադրել, որ ստատուս քվոն հավերժ անփոփոխ է մնալու: Ուստի, չի կարելի ինքնաբերաբար եզրակացնել, որ Արևմտյան Հայաստանում հայերը կդառնան ազգային փոքրամասանություն:

 Հարց չորրորդ. Եթե մի օր Արևմտյան Հայաստանն ազատագրվի, արդյո՞ք հայերը կցանկանան թողնել իրենց հարմարավետ տները Արևմուտքում և վերաբնակվել այդ անհյուրընկալ տարածքներում:

  Պատասխան. Խնդիրն այստեղ հայերի՝ իրենց պատմական Հայրենիքում հաստատվելու իրավունքի մասին է: Հենց որ այդ տարածքները վերադարձվեն, ապա յուրաքանչյուր հայ ինքը կորոշի տեղափոխվելու հարցը: Դա Թուրքիայի գործը չէ: Արդյո՞ք բոլոր հրեաներն ապրում են Իսրայելում: Լիբանանցիների մեծ մասը, հայերի նման ապրում է իր հայրենիքից դուրս, բայց արդյո՞ք մարդիկ կասկածի տակ են դնում Լիբանանի որպես պետության գոյությունը: Երբ մի գեղեցիկ օր Արևմտյան Հայաստանն ազատագրվի, ապա Մերձավոր Արևելքի շրջակա երկրներում բնակվող հայերի մեծամասնությունը հավանաբար կցանկանա տեղափոխվել այնտեղ: Սակայն խնդիր չկա, եթե աշխարհի ոչ բոլոր հայերը մեկնեն հայրենիք: Նրանք, ովքեր կմնան  Սփյուռքում, անշուշտ վճռական դեր կխաղան նորաստեղծ երկրի տնտեսական և քաղաքական հզորացման գործում, ինչպես որ աշխարհասփյուռ հայերը ներկայումս օգնում են իրենց հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում:

 Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր  

Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան 

 

Այս խորագրի վերջին նյութերը