Լրահոս

08.08.2012 09:36


Երևանի քաղաքապետի կողմից ստեղծվելիք էկոլոգիական հանձնաժողովի մասին

Երևանի քաղաքապետի կողմից ստեղծվելիք էկոլոգիական հանձնաժողովի մասին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ ստեղծվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողով, որի առաջին նիստը կկայանա 08.08.2012թ: Հանձնաժողովին անդամակցելու հրավեր են ստացել նաև «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության երկու ներկայացուցիչները:
Որպես հանրության մասնակցությունը մշտապես կարևորող քաղաքացիական նախաձեռնություն` այդ հանձնաժողովին մասնակցելիս մեզ համար կարևոր են հետևյալ հարցերը.
1. Ինչպիսի՞ լիազորություններ է ունենալու բնապահպանական հանձնաժողովը:
2. Արդյո՞ք այդ հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները որոշիչ նշանակություն են ունենալու ներկայացված քաղաքաշինական նախագծերի ընդունման համար:
3. Ինչպե՞ս են ընդունվելու այս հանձնաժողովի որոշումները և ինչ ընթացակարգով:
4. Ինչպե՞ս է հաշվի առնվելու հնարավոր փոքրամասնության տեսակետը կամ կարծիքը:
Այս հարցերի պատասխանները մենք կպարզենք առաջին նիստի ընթացքում և դրանք կներկայացնենք հանրությանը:
Մեզ համար նման հանձնաժողովի գոյությունը իմաստալից է, եթե այն կբարձրացնի հանրության մասնակցության դերը որոշումների կայացման ու վերահսկման գործընթացում, և եթե այս հանձնաժողովը չի դառնա ձևական մի մարմին, այլ իրապես իր նպատակին կծառայի և իր կողմից կայացված ցանկացած եզրակացություն տեղ կգտնի քաղաքային իշխանության կողմից ընդունվող որոշումներում:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը