Լրահոս

07.08.2012 16:40


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պարզաբանումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պարզաբանումը

Ծանոթանալով «Հետք» լրատվական կայքում հրապարակված` մի խումբ անանուն  ՀՀ քաղաքացիների կողմից հեղինակած «Եկեղեցին մատնո՞ւմ է ՀՀ քաղաքացիներին» հոդվածին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը հայտնում է, որ այսուհետ չի արձագանքելու անստորագիր նման հերյուրալի, սադրիչ և վիրավորական գրությունների: Սակայն, նկատի ունենալով հասարակության մեջ այս առնչությամբ առաջ բերվող արհեստածին ընդվզումները և չցանկանալով տեղի տալ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին պախարակելու գայթակղությանը, հարկ ենք համարում հրապարակված նյութի առնչությամբ հանրությանը տալ հետևյալ պարզաբանումը:  

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին իր հոգևոր առաքելությանը զուգընթաց պատմական հանգամանքների բերումով դարեր շարունակ, իսկ այսօր առավելաբար արտերկրում, կատարում է նաև հայապահպան առաքելություն` հետամուտ լինելով հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման, հոգևոր-ազգային կյանքի լավագույնս կազմակերպման: Այդ առումով աշխարհի տարբեր երկրներում հայի համար Հայոց Եկեղեցին է նկատվել այն վստահելի կառույցը և հաստատությունը, որի զորակցությանն է ապավինել օտար ափերում կամա թե ակամա հանգրվանած հայը: Հայրենիքի անկախացման շրջանում և հետագա տարիների սոցիալական-տնտեսական դժվարին պայմանների բերումով Սփյուռքի տարբեր գաղթօջախներում հաստատված ՀՀ քաղաքացիների զանազան խնդիրներ, այդ թվում` փաստաթղթային, նաև կարգավորվել ու կարգավորվում են Հայոց Եկեղեցու թեմերի միջոցով:

Ռիսկային պայմաններում հայտնված փաստաթղթային խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիներին օգտակարություն բերելու և ՀՀ Կառավարության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության ճշգրիտ սահմանման նպատակով ՀՀ Կառավարության համապատասխան կառույցը դիմել է Մայր Աթոռին` նկատի ունենալով Հայ Առաքելական Եկեղեցու փորձառությունը նման հարցերում: Սփյուռքում առկա այս խնդիրների իրական պատկերը ներկայացնելու համար Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հանձնառու եղավ զորակցելու հայրենի պետությանը`այս ուղղությամբ լուծումներ փնտրելու և խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու: Հարկ է ընդգծել, որ խոսքը վերաբերում է անձը և ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր չունեցող ՀՀ քաղաքացիների խնդիրներին և ոչ թե նրանց անձնական տվյալներին: Հայոց Եկեղեցու նպատակն է միմիայն աջակցել տարբեր երկրներում կայք հաստատած հայորդիներին` հեռու մնալու անօրինականությունից և ապրելու լիարժեք և արժանապատիվ կյանքով:

Այս ամենի լույսի ներքո անընկալելի է ՀՀ քաղաքացիների անունից շարադրված հոդվածը, որ, ի դիմաց մեր ժողովրդին ցուցաբերվող օգտակար ծառայության, լի է անընդունելի որակումներով հայոց պետության և Հայոց Եկեղեցու հանդեպ: Ցավալի է, որ Եկեղեցու և եկեղեցականության պատրաստակամությունը և քայլերն այս ուղղությամբ նման չարամիտ մեկնաբանություններ են ստացել, իսկ մի խումբ «մտահոգ ու փրկիչ» հայորդիներ իրենց իրավունք են վերապահում փորձելու սասանել Հայոց Եկեղեցու հեղինակությունը, խաթարելու հայ հոգևորականի կերպարը` Եկեղեցու Պետից մինչև ծխական քահանա` անվստահություն սերմանելով Եկեղեցի-հասարակություն հարաբերություններում:

Տեղեկատվական համակարգ

Տեղեկացնենք, որ լրատվամիջոցներում լուր էր տարածվել, թե «ՀՀ կառավարության անունից Վեհափառ Հայրապետին դիմում է կատարվել աջակցելու միգրացիայի պետական կարգավորման քաղաքականությանը: ՀՀ կառավարության ակնկալությունն է Մայր Աթոռի արտերկրյա թեմերի օժանդակությամբ ստանալ համապատասխան տեղեկություն ՀՀ քաղաքացի հանդիսացող այն անձանց վերաբերյալ, որոնց արտերկրներում ծնված երեխաները համապատասխան փաստաթղթեր չունեն, ոքեր խնդիրներ ունեն փաստաթղթերի հետ զինակոչային տարիքի պատճառով, ովքեր ունեն ժամկետանց կամ նույնիսկ ԽՍՀՄ նմուշի անձնագրեր, ովքեր արտասահման են մեկնել ծնողների հետ` ունենալով միայն ծննդյան վկայականներ»:

Այս խորագրի վերջին նյութերը