«7օr.am» էլեկտրոնային կայքում հրապարակված ««Բարեշրջված» մառազմ» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը, և փաստերն ու իրողությունները խեղաթյուրված են:
Նախ, ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի կողմից տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործընթացն իրականացվում է ոչ թե մեկ կամ մի քանի պատուհանների («մեկ պատուհանի» սկզբունք), այլ «հոսքագծի» եղանակով` 3 զննության կայանների և 21 սպասարկող օպերատորների միջոցով:
Ինչ վերաբերում է հերթերին, ապա հարկ է նշել, որ դրանք հնարավոր են միայն առավոտյան ժամերին (քաղաքացիների մեծ մասը առավոտյան միաժամանակ են իրենց տրանսպորտային միջոցները ներկայացնում գրանցման և բազմաթիվ ազգականների ուղեկցությամբ), այն էլ մինչև ստորաբաժանման տարածք մուտք գործելը: Իսկ տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման գործողությունը, ներառյալ՝ հաշվառման համարանիշերի և վկայագրի հատկացումը, զննության պահից սկսած, իրականացվում է 25-30 րոպեի ընթացքում:
Ճանապարհայինոստիկանություն
Խմբ. կողմից– Նկատենք, որ ոստիկանությունից փաստացի չեն հերքել մեր այն լուրը, ըստ որի՝ հերթեր են կուտակվում ավտոմեքենաների գրանցման երևանյան կենտրոնում։
Ճանապարհային ոստիկանությունը ճիշտ կաներ, եթե օպերատիվ արձագանքեր ոչ թե կամ ոչ միայն «7 օրի» հրապարակմանը (տե՛ս http://7or.am/am/news/view/38877/), այլ քաղաքացիների բողքներին։
Կրկնենք. մեզ դիմած քաղաքացիները լրիվ այլ պատկեր են ներկայացնում: Միգուցե տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման գործընթացը, ներառյալ՝ հաշվառման համարանիշերի և վկայագրի հատկացումը, զննության պահից սկսած, իրականացվում է 25-30 րոպեի ընթացքում, բայց մինչև բաղձալի հաշվառման հասնելը, ըստ մեզ դիմած քաղաքացիների, մարդիկ ժամեր են անցկացնում կիզիչ արևի տակ, իսկ ավելի հնարամիտները ավտոմեքենայի գրանցումը կազմակերպում են մարզերում՝ խուսափելու համար «բարեշրջված» կենտրոնի պատճառած անհարմարություններից։
Թե որքանով է իրականությանը համապատասխանում մեր հրապարակումը և դրան հետևած ոստիկանության արձագանքը, թող դատեն այն ընթերցողները, ովքեր վերջին շրջանում գործ են ունեցել Նորք տանող ճանապարհահատվածում («Գաջի գործարանի» մոտ) գտնվող ավտոմեքենաների գրանցման ու հաշվառման հետ։ Ի վերջո, սա այն դեպքն է, երբ ամեն ինչ մարդկանց աչքի առաջ է։
Ոստիկանության պարզաբանումը «7օր»–ի հրապարակմանը