Տնտեսական

04.08.2012 11:20


Պետական բյուջեի կատարման ամփոփ նկարագիրը 2012թ. առաջին կիսամյակում

Պետական բյուջեի կատարման ամփոփ նկարագիրը 2012թ. առաջին կիսամյակում

2012 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 419.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 424.2 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 101.2% ով և 91.1%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ չնայած բյուջետային ծախսերի արձանագրված կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասինե ՀՀ օրենքի 9 րդ հոդվածի 11 րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են 10.8 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակում նախատեսված մուտքերի 88.7%-ը, իսկ ծախսերը` 8 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 56.5%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների պետական բյուջեի եկամուտները կազմել են 409 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 416.2 մլրդ դրամ` ապահովելով առաջին կիսամյակի համապատասխանաբար 101.6% և 92.2% կատարողական: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 45.2%-ով, ծախսերի գծով` 43.5%-ով:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 5.1%-ով կամ շուրջ 20.6 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: 
Պետական բյուջեի եկամուտների 94.3%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.3%-ը` այլ եկամուտների, 0.4%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: 
2012 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 396 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք ապահովել են կիսամյակային ծրագրի 100.8% կատարողական: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 5.4% ով կամ 20.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով: 
2012 թվականի հունվար-հունիս ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը կազմել են 334.7 մլրդ դրամ, որի 46.8%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է 156.7 մլրդ դրամ և 3.8%-ով կամ 5.7 մլն դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից 94.6 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 62.1 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Հարկ է նշել, որ ԱԱՀ-ի մուտքերի աճն ապահովվել է ներքին շրջանառության հաշվին, որի գծով մուտքերն աճել են 14.8%-ով, մինչդեռ ներմուծումից ստացված եկամուտների գծով արձանագրվել է 2.4%-ով անկում:
Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 6.2%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 20.8 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 13.3 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` շուրջ 7.5 մլրդ դրամ: Ընդ որում, տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 38.6%-ով, իսկ ներմուծվող ապրանքների գծով մուտքերը` 7.2%-ով. արդյունքում ակցիզային հարկի ընդհանուր մուտքերն աճել են 16.7%-ով կամ 3 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 18.6% ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 62.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 10.3%-ով կամ 5.8 մլրդ դրամով:
2012 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 42.1 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12.6%-ը և 12.5%-ով կամ 4.7 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են շուրջ 17.4 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5.2%-ը և 1.3%-ով (231.5 մլն դրամով) զիջել 2011 թվականի համապատասխան ցուցանիշը: 
2012 թվականի հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 10.8 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով առաջին կիսամյակի ծրագրի 110.7%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 10.5% ով կամ ավելի քան 1 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են 8.3 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 2.5%-ը: Նշված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 17.3%-ով (1.7 մլրդ դրամով)` պայմանավորված հաստատագրված վճարներով հարկվող գործունեության մի շարք տեսակներ հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով:
2012 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 11 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի և տուրքերի 3.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 88.6%-ով (5.2 մլրդ դրամով)` հիմնականում պայմանավորված «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին ՀՀ օրենքում, ինչպես նաև զուգահեռաբար «Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն հանքարդյունահանողների կողմից նախկինում պետական բյուջե վճարվող բոնուսի, կոնցեսիոն վճարի, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների արդյունահանման համար վճարվող բնօգտագործման վճարների և ռոյալթիների փոխարեն սահմանվել են ռոյալթիներ` որպես բնօգտագործման վճարներ: Հաշվետու ժամանակահատվածում այս աղբյուրից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 6.6 մլրդ դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 5.3 մլրդ դրամի այլ հարկեր` կազմելով հարկերի և տուրքերի 1.6%-ը: Մասնավորապես` 2.9 մլրդ դրամ են կազմել արտոնագրային վճարները, 982.9 մլն դրամ` ճանապարհային վճարները, 328.3 մլն դրամ` կոնցեսիոն վճարը, 237.2 մլն դրամ` հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասին ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 212.3 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 9.6 մլն դրամ` ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) վճարները և 663.9 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այլ հարկերը նվազել են 40.2%-ով կամ 3.5 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված վերոհիշյալ օրենսդրական փոփոխություններով, որոնց արդյունքում հանքարդյունահանողների կողմից նախկինում վճարվող և այլ հարկային եկամուտներում հաշվառվող բոնուսի, կոնցեսիոն վճարի և ռոյալթիների փոխարեն սահմանված ռոյալթիները հաշվառվում են որպես բնօգտագործման վճարներ:
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2012 թվականի հունվար-հունիս ամիսների եկամուտները կազմել են շուրջ 61.3 մլրդ դրամ: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ դրանց աճը կազմել է 0.7% կամ 415.6 մլն դրամ: 
2012 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում արտաքին աղբյուրներից ստացվել են 1.6 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով առաջին կիսամյակի ծրագրով նախատեսված ցուցանիշի 76.2%-ը: Մասնավորապես` ավելի քան 1 մլրդ դրամ է ստացվել պետական հիմնարկների արտաբյուջետային ծրագրերի շրջանակներում` կազմելով կիսամյակի ծրագրով նախատեսվածի 66.8%-ը: Հաշվետու ժամանակահատվածում ևս 615.9 մլն դրամ է ստացվել ՀՀ տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում` տոհմային երինջների ձեռքբերման նպատակով: 
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են շուրջ 22.2 մլրդ դրամ` 10.9%-ով գերազանցելով կիսամյակային ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից 9.1 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները, որոնց ծրագիրը կատարվել է 92.3%-ով: Այլ եկամուտների կիսամյակային ծրագրի գերազանցումը հիմնականում պայմանավորված է բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների, ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարների և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերով, որոնք գերազանցել են կիսամյակային ծրագրային ցուցանիշները համապատասխանաբար 287.6, 26.9 և 69.2 տոկոսով` կազմելով 2.5 մլրդ, 3.3 մլրդ և 297.7 մլն դրամ: Տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ ՀՀ համայնքների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցներից մուտքերի գծով նույնպես արձանագրվել է ծրագրի գերազանցում` 73.6%-ով: Այս եկամուտները կազմել են 97.3 մլն դրամ և 2.6 անգամ գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինների գծով առաջին կիսամյակում պետական բյուջե է մուտքագրվել 50.5 մլն դրամ` կազմելով ծրագրված ցուցանիշի 20.7%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 73.6% ով կամ 141 մլն դրամով:
 Պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց մուտքագրվել են շուրջ 3.4 մլրդ դրամ տոկոսավճարներ` 25.9%-ով գերազանցելով կիսամյակային ծրագրային ցուցանիշը և 15.9%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
 Ավելի քան 380.3 մլն դրամ է մուտքագրվել պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից` 104.4%-ով ապահովելով առաջին կիսամյակում ծրագրված ցուցանիշը: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 2.3%-ով: 
Հաշվետու ժամանակահատվածում իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 3.1 մլրդ դրամ` առաջին կիսամյակի ծրագրված ցուցանիշն ապահովելով 90.1%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 8.3%-ով կամ 239.7 մլն դրամով:
 Ավելի քան 12.3 մլրդ դրամ է մուտքագրվել oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների գծով` կազմելով առաջին կիսամյակի ծրագրով նախատեսվածի 99.8%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերի աճը կազմել է 12.4% կամ շուրջ 1.4 մլն դրամ:
 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 6.6% ով կամ շուրջ 1.4 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների, պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց մուտքերի ու իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի աճով:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը

2012 թվականի հունվար-հունիս ամիսների ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.5% ով կամ 18.4 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է անկում:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 399.4 մլրդ դրամ` 93.4%-ով ապահովելով կիսամյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 7.6%-ով կամ 28.2 մլրդ դրամով: 
Ընթացիկ ծախսերից 34.6 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է կիսամյակային ծրագրի 93.7%-ը և 0.7%-ով գերազանցել նախորդ տարվա հունվար-հունիսի ցուցանիշը: 2.4 մլրդ դրամ տրամադրվել է պարտադիր սոցիալական ապահովության վճարներին` 90.3%-ով ապահովելով կիսամյակային ծրագրի կատարումը և 0.7%-ով զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 89.3 մլրդ դրամ, որը կազմել է կիսամյակային ծրագրի 93.2%-ը և 21.7% ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված նյութերի ձեռքբերման ծախսերի աճով: 
Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 19.8 մլրդ դրամ տրամադրվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով կիսամյակային ծրագրի 95.2%-ը: Մասնավորապես` նշված գումարից 11.9 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 7.8 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 12.4%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը` հիմնականում պայմանավորված ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:
Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 10 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով կիսամյակային ծրագրի 95%-ը և 12.1%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
47.4 մլրդ դրամ են կազմել պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները, որից 46.7 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 734.1 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին տրամադրվել են 16.2 մլրդ դրամի դոտացիաներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե չեն փոփոխվել: Դրամաշնորհների կիսամյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 94.9% ով, իսկ նախորդ տարվա հունվար- հունիս ամիսների համեմատ նշված ծախսերն աճել են 6.4% ով:
Ընթացիկ ծախսերի 35.2%-ը` 140.5 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով առաջին կիսամյակի ծրագրի 93.7% կատարողական: Մասնավորապես` նշված գումարից 97.9 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 39 մլրդ դրամ` նպաստները: 3.6 մլրդ դրամ տրամադրվել է սոցիալական ապահովության միջոցառումների իրականացման նպատակով աշխատողներին առաջարկվող սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակներում, որից 3.1 մլրդ դրամն օգտագործվել է բժշկական ապահովագրության նպատակով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 10.6%-ով կամ 13.4 մլրդ դրամով: 
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 55.4 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` կազմելով կիսամյակային ծրագրի 91% ը և 11.9%-ով զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները հունվար- հունիս ամիսներին կազմել են 24.9 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 65.3% ը: Մասնավորապես` 25.3 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, որոնց կիսամյակային ծրագիրը կատարվել է 64.9%-ով: 453.9 մլն դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` կազմելով կիսամյակային ծրագրի 51.2% ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշը նվազել է 28.3%-ով` հիմնականում պայմանավորված շենքերի և շինությունների վրա կատարված ծախսերի նվազմամբ:

ՀՀ պետական բյուջեի պակասուրդը

2012 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 4.4 մլրդ դրամ պակասուրդով` կիսամյակային ծրագրով նախատեսված 50.7 մլրդ դրամի դիմաց: Մասնավորապես` պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է -29.8 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 34.2 մլրդ դրամ: Պակասուրդի ցածր ցուցանիշը հիմնականում պայմանավորված է ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով: Վերջինիս, ինչպես նաև արտաքին աղբյուրներից նախատեսվածից 26.0 մլրդ դրամով ավելի վարկային միջոցների ստացման արդյունքում ֆինանսավորման ներքին աղբյուրներում նախատեսված բյուջեի ազատ միջոցներից կիսամյակային ծրագրով նախատեսված 42.2 մլրդ դրամ օգտագործման դիմաց նշված միջոցներն ավելացել են 31.3 մլրդ դրամով:
Ներքին աղբյուրներում -2.2 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները,  27.6 մլրդ դրամ` ֆինանսական զուտ ակտիվները: Մասնավորապես` -1.4 մլրդ դրամ է կազմել գանձապետական պարտատոմսերի գծով զուտ ֆինանսավորումը: Մուրհակների մարման նպատակով օգտագործվել է 37.7 մլն դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 1.0 մլրդ դրամի վարկեր կամ առաջին կիսամյակի ծրագրով նախատեսված ծավալի 77.0%-ը: Շուրջ 4.7 մլրդ դրամ ստացվել է տրամադրված ներքին վարկերի վերադարձից, որը 20.3%-ով գերազանցել է առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշը` պայմանավորված ՌԴ վարկի հաշվին տրամադրված վարկերի վերադարձով, որը ծրագրով նախատեսված չէ:
Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է 34.2 մլրդ դրամ, որից 54.9 մլրդ դրամը` փոխառու զուտ միջոցների,  20.7 մլրդ դրամը` ֆինանսական զուտ ակտիվների գծով: Արտաքին աղբյուրներից տրամադրվել են 60.2 մլրդ դրամի վարկային միջոցներ: Մասնավորապես` Եվրամիության կողմից Մակրոֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է 20.1 մլրդ դրամ,  Համաշխարհային բանկի հետ Զարգացման քաղաքականության երրորդ ծրագրի շուրջ գործող համաձայնագրի շրջանակներում` 30.3 մլրդ դրամ, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից` 9.8 մլրդ դրամ: Շուրջ 5.3 մլրդ դրամ ուղղվել է արտաքին պարտավորությունների մարմանը, որից 3.3 մլրդ դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 260.2 մլն դրամ` ԳԶՄՀ, 137.4 մլն դրամ` ՎԶԵԲ-ի, 189.5 մլն դրամ` ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքի մարմանը, 437.8 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 622.7 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 30.7 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը, 346.7 մլն դրամ` Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:
Ավելի քան 19.6 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին` ամբողջովին ապահովելով  նախատեսված ծավալը: Վրաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների գծով առաջին կիսամյակում ծրագրված 144.9 մլն դրամն ամբողջովին վճարվել է: Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերմանն ուղղվել է 906.3 մլն դրամ` կազմելով կիսամյակային ծրագրի 99.1%-ը և 53.8% ով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 338.7 մլն դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդը:

Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Այս խորագրի վերջին նյութերը