Լրահոս

03.08.2012 09:48


Տեղի կունենա Հայ սկաուտության 100-ամյակին նվիրված բանակումի բացման հանդիսավոր արարողությունը

Տեղի կունենա Հայ սկաուտության 100-ամյակին նվիրված բանակումի բացման հանդիսավոր արարողությունը

 2012 թվականի օգոստոսի 4-ին ժամը 12։00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Հայ սկաուտության 100-ամյակին նվիրված բանակումի բացման հանդիսավոր արարողությունը։

Բանակումին  մասնակցելու են ոչ միայն Հայաստանում գործող սկաուտական տարբեր կազմակերպությունների պատվիրակություններ, այլ նաև Սփյուռքում գործող տարբեր հայկական սկաուական կազմակերպությունների պատվիրակություններ տարբեր երկրներից և պատվիրակություններ ՀՍՇ-ի անդամ պետությունների ազգային սկաուտական կազմակերպություններից:  

Պատմական տեղեկանք

2012 թվականին Հայկական սկաուտության հիմնադրման 100-ամյակը նշելու նախաձեռնությամբ հանդես է եկել «ՀԱՍԿ» հասարակական կազմակերպությունը, որը մաս է կազմում ՀՄԸՄ-ին (Հայ Մարմնակրթական Ընդահուր Միություն) և միակն է Հայաստանում, որը հանդիսանում է ՀՍՇ-ի (Համաշխարհային  Սկաուտական Շարժում) լիիրավ անդամ: 1907 թվականին բրիտանացի լորդ  Բեյթն Փաուելի կողմից հիմնադրված  սկաուտական շարժումն արագորեն տարածվեց ամբողջ աշխարհում:  Հայ  իրականության մեջ սկաուտությունը և սկաուտական շարժման գաղափարախոսության տարածման ակունքները գալիս են 1912 թվականից, երբ  հնդկահայ գաղթօջախի դպրոցներում և Կ.Պոլսում սկսեցին գործել  առաջին սկաուտական խմբակները:  Հենց այդ  ժամանակ  էլ  Պոլսում լույս տեսնող «Մարմնամարզ» հանդեսում մեծ մանկավարժ և ազգային գործիչ Հովհաննես Հինդլյանի հեղինակությամբ թարգմանվեց և տպագրվեց Բեյթն Փաուելի «Boy Scout-ը իր կեանքին նպատակը» հոդվածաշարը: Կարճ ժամանակում սկաուտական

շարժումը լայն տարածում ստացավ հայկական բազմաթիվ բնակավայրերում և  գաղութներում:  Սակայն արդեն գործող մարզական ակումբների և սկաուտական  խմբերի միավորմանը մեկ ընդհանուր կազմակերպության  մեջ խանգարեց 1915-ի  Հայոց Ցեղասպանությունը: Դա հաջողվեց անել միայն 1918թ. նոյեմբերի 16-ին, երբ Կ.Պոլս-ում հիմնադրվեց  «Հայ մարմնակրթական ընդհանուր միություն և  սկաուտներ» կազմակերպությունը: Անուրանալի է հայ սկաուտների ունեցած լուրջ դերակատարությունը Մեծ  Եղեռնից հետո Հայաստանի առաջին Հանրապետությունում ծավալած որբախնամ  գործունեության և մատաղ սերդնի ֆիզիկական և հոգևոր դաստիարակության  գործում: 1920թ. Հայաստանի առաջին հանրապետության Լուսավորության  նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով  Պոլսից  Հայաստան ժամանեցին երեք սկաուտապետեր: Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1923թ.  Հայաստանում  շարժումն արգելվեց, սակայն ՀՄԸՄ-ը, ինչպես նաև հետագայում Սփյուռքում  հիմնադրված Հայ Մարմնակրթական Միությունը (ՀՄՄ) և Հայ Երիտասարդաց  Ընկերակցությունը (ՀԵԸ)  ակտիվ գործունեություն ծավալեցին գրեթե բոլոր հայկական գաղութներում, նպաստելով սերունդների մեջ հայրենասիրության ու ազգային ոգու պահպանմանը: 1989թ. հնարավոր դարձավ շարժումը վերահիմնադրել հայրենիքում, իսկ արդեն 1997-ին Հայաստանի ազգային  սկաուտական շարժումը (ՀԱՍԿ) անդամակցեց Համաշխարհային Սկաուտական Շարժմանը:

Հայկական սկաուտական շարժումն այսօր էլ շարունակում է զարգանալ`  ծառայելով հայապահպանության, երեխաների հայեցի դաստիարակության դժվարին գործին:

Այս խորագրի վերջին նյութերը