Լրահոս

01.08.2012 17:19


Վիտալի Բալասանյանը նոր քաղաքական ուժ է ստեղծում

Վիտալի Բալասանյանը նոր քաղաքական ուժ է ստեղծում

Սիրելի՛ արցախցիներ,

Հուլիսի 19-ի նախագահական ընտրություններում ընտրողների առնվազն մեկ երրորդն իր ձայնը տվեց իմ թեկնածության օգտին: Այդ ձայները միայն ինձ չեն պատկանում, դրանք պատկանում են պայքարի պատրաստ, դրական փոփոխությունների ձգտող, արդյունավետ կառավարման համակարգ ցանկացող, զարգացած երկիր տեսնող բոլոր մեր հայրենակիցներին: Քաղաքականությունը մեկանգամյա գործողություն չէ, այն պահանջում է անընդհատ և նվիրված պայքար գաղափարների ու սկզբունքների համար: Հաջողում են այն հասարակությունները, որտեղ այս պայքարը բերում է զարգացման հավասար հնարավորությունների հասարակության բոլոր անդամների համար: Քվեարկության օրը ոչ թե ավարտ է խորհրդանշում, այլ Արցախում ժողովրդավարական նոր գործընթացների սկիզբ:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ մենք ձեզ հետ քննարկել ենք մի շարք հարցեր ու խոսել լուծման կարոտ խնդիրների մասին: Այդ հարցերն այսօր էլ մնում են օրակարգում, փոխվում է միայն դրանց լուծման ձևաչափը:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ մեր շատ քաղաքացիներ խնդիր են դրել ցանկացած արդյունքի դեպքում ձևավորել քաղաքական ուժ և շարունակել պայքարը: Այսօր արդեն այդ պահն է: Ժամանակն է ստեղծել ինստիտուցիոնալ կառույց, որը քաղաքական եղանակներով կփորձի հարցերի լուծումներ տալ:

Շուտով ես և իմ գաղափարակիցները հանդիպումներ կունենանք Արցախի տարբեր համայնքներում` համառոտ ներկայացնելու նոր ստեղծվելիք կառույցի հիմնարար սկզբունքները, համալրելու դրանք ` հավաքելով  նոր առաջարկներ հասարակության լայն շրջանակներից: Անցած շաբաթը ցույց տվեց, որ կան բազմաթիվ անձիք Արցախի տարբեր շրջաններից, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել նման կառույցի ստեղծման նախաձեռնությունը, ինչը միանգամայն ողջունելի է: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ստեղծվելիք նոր կառույցը ժողովրդական մեծ աջակցություն է վայելելու:

Սիրելի՛ ժողովուրդ,

Մոտ քսան տարի առաջ մեզ պարտադրված պատերազմում մենք դուրս եկանք թշնամու դեմ` պաշտպանելու մեր արժանապատվությունը և ստեղծելու մեր երազած երկիրը:

Մենք պայքարի ելանք հանուն մեր արժանապատվության, հանուն նրա, որ յուրաքանչյուր արցախցի ապրի արժանապատվորեն, առանց վախի, առանց ճնշումների, բարեկեցիկ կյանքով,  ինչը մեզ արգելում էին օտարները: Իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով մենք այսօր չունենք այն, ինչի համար պայքարել էինք և ինչի համար իրենց կյանքն էին զոհել մեր մարտական ընկերները:

Մեզ պարտադրված պատերազմում մենք ձեռք բերեցինք պատմական Արցախի տարածքների մի մասը միայն: Արցախի Հանրապետության այսօրվա սահմանը, որը պաշտպանվում է Պաշտպանության բանակի կողմից, պատերազմի արդյունքում գծված սահմանն է: Այնպես, ինչպես այսօրվա աշխարհի բոլոր պետական սահմաններն են պատերազմի արդյունք: Արցախը համայն հայության հայրենիքի մի մասն է և համայն հայության ձեռքբերումը: Ուրեմն մեզ բոլորիս` համայն հայության սրբազան պարտքն է այն պաշտպանել ու ամրագրել միջազգային ատյաններում:

Ստեղծված հոռի բարքերի, կոռուպցիայի և անարդյունավետ կառավարման պատճառով այսօր ազգային հարստության մեծ մասը հայտնվել է մի խումբ մարդկանց ձեռքին: Մեր նպատակը սոցիալական արդարության հաստատումն է, ազգային հարստությունը բոլորին հասանելի դարձնելը:

Ժամանակն է վերաիմաստավորել քսանամյա պետականաշինության մեր ճանապարհը, գնահատական տալ անցած ուղուն: Նոր վերածննդի անհրաժեշտություն կա, ինչը թույլ կտա վերգտնել արցախյան շարժման ժամանակ եղած մթնոլորտը, հասարակության առողջ բարոյահոգեբանական վիճակը:

Արդեն իսկ պատրաստ է հիմնարար սկզբունքների նախնական տարբերակը, որը լայնորեն քննարկվելուց, լրացվելուց և խմբագրվելուց հետո հիմք կհանդիսանա ժողովրդի լայն շրջանակների համախմբման` հանուն ազգային-հոգևոր արժեհամակարգի պահպանության և այդ հիմքի վրա զարգացման համար:

Վիտալի Բալասանյան

Այս խորագրի վերջին նյութերը