Լրահոս

01.08.2012 12:53


Քննարկվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների հետ կապված զարգացումներն ու հանրային արձագանքները

Քննարկվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների հետ կապված զարգացումներն ու հանրային արձագանքները

Հուլիսի 31-ին տեղի ունեցավ «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության 12-րդ ժողովը, որի ժամանակ քննարկվեցին Գյումրու ՏԻՄ ընտրությունների հետ կապված զարգացումները, հանրային արձագանքները, հանրային քարոզչության պլանը, նախաձեռնության կողմից Գյումրու ավագանու անդամության թեկնածուների վարքականոնի նախագիծը, հնարավոր թեկնածուների ցանկը, առաջադրումների եւ թղթատարության օրենքով սահմանված կարգը, Գյումրիում նախաձեռնության գրասենյակ վարձակալելու անհրաժեշտությունը եւ այլն: 

Ժողովի ժամանակ ներկայացվեց «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության նույնանուն պարբերականի առաջին թողարկումը` 2 մամուլ ծավալով եւ 8.000 տպաքանակով թերթը` նախաձեռնության անդամների հետ հարցազրույցներով, գործող ավագանու (Գյումրի, 5-րդ գումարում` 2008-2012թթ.) նիստերի մասնակցության աղյուսակներով: Տեղեկացվեց, որ պաշտոնաթերթը Գյումրիում տարածվում է անվճար` հանրության տեղեկացնելու նախաձեռնության գաղափարները, եւ, որ մինչեւ ընտրությունները լույս է տեսնելու պաշտոնաթերթի եւս 3 թողարկում:

Ժողովի ընթացքում ներկայացվեցին Գյումրիում հուլիսի 23-30-ը անցկացված հանրային կարծիքի հարցման արդյունքները ավագանու անդամության հնարավոր թեկնածուների մասին: Բացատրվեց, որ Գյումրիում, իրենց բնակարաններում պատահական եւ որոշակի ընտրանքով, անստորագիր հարցվել է 1008 հոգի, պարզվել են ավագանու անդամության հնարավոր 40 թեկնածուների վարկանիշերը, ներառյալ գործող ավագանու անդամներինը: Ներկաները, կատարված վարկանշային հարցումների, անցած տարիներին եւ վերջին ամիսներին նախաձեռնության մասնակիցների գործունեության, իրենց հետաքրքրությունների եւ նախաձեռնության Հռչակագրի սկզբունքների հիման վրա, կազմեցին Գյումրու ավագանու կայանալիք ընտրություններում նախաձեռնության կողմից առաջադրվող հնարավոր թեկնածուների ցանկը, որում ներառնվեցին 11 հոգի, որոնցից 3-ը կանայք են: Նրանց ցանկը` կենսագրականներով եւ լուսանկարներով հրապարակվելու է օգոստոսի 1-ին, հանրային արձագանքների, առաջարկությունների եւ հնարավոր քննադատության ակնկալիքով:      

Որոշվեց, որ նախաձեռնության կողմից թեկնածուների վերջնական ցանկը կհաստատվի հանրային արձագանքներն ստանալուց հետո` օգոստոսի 5-ին, առաջադրումներն արվելու են մինչեւ օգոստոսի 10-ը ներառյալ:

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության 13-րդ ժողովը տեղի կունենա օգոստոսի 4-ին ժամը 15-ին «Շիրակ կենտրոնի» գրասենյակում, հասցե. Գյումրի, Ֆուրմանովի փ., 32, Սբ.Նշան եկեղեցուց 100 մ հյուսիս: Մուտքն ազատ է:

Հանրային կապերի խումբ

 

Այս խորագրի վերջին նյութերը