Լրահոս

01.08.2012 00:12


Բացվել է ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների սպասարկման նոր կետ

Բացվել է ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների սպասարկման նոր կետ

Հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը այցելեցին ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան վարչական տարածքում նույն օրը բացված Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի սպասարկման կետ` տեղում ծանոթանալու ստորաբաժանման աշխատանքային պայմաններին, քաղաքացիների սպասարկման կարգին ու առանձնահատկություններին:

 

 

ՀՀ ոստիկանության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համատեղ նախաձեռնությամբ բացված սպասարկման կետը հնարավորություն է տալու առավել բարձր մակարդակով կազմակերպել տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման աշխատանքները, բարձրացնել բնակչության սպասարկման որակը: Մասնավորապես, քաղաքացիները կկարողանան անմիջապես տրանսպորտային միջոցների մաքսազերծումից հետո կատարել «Ներմուծում ազատ շրջանառության համար» և «Ժամանակավոր ներմուծում» (2 ամսից ավելի ժամկետով) մաքսային ռեժիմներով հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում` տեղում հաշվառման վկայագրի հատկացմամբ:

 

 

Տրանսպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն կունենան առանց մաքսատան վարչական տարածքից դուրս գալու կատարել նաև սեփականության իրավունքի գրանցման և հաշվառման բոլոր գործառույթները` ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացմամբ:

 

 

 

Սպասարկման նոր կետի գործարկումը թույլ է տալիս թեթևացնել Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական մյուս ստորաբաժանումների աշխատանքային ծանրաբեռնվածությունը և բացառել ներմուծված տրանսպորտային միջոցների տրանզիտային համարանիշերով շահագործումը հանրապետության ճանապարհներին:

 

Այցի ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին` ՀՀ ոստիկանության պետ  Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ պետեկամուտների կոմիտեի հետ համագործակցությունն ուղղված է հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, գործընթացների պարզեցմանն ու արագացմանը, ճանապարհային երթևեկության կատարելագործմանը ու, մեծ հաշվով, ևս մեկ քայլ է բարեփոխումների իրականացման և հասարակության ակնկալիքների իրագործման ճանապարհին:

Այս խորագրի վերջին նյութերը