Լրահոս

01.08.2012 09:54


ԱՄՆ պետքարտուղարության զեկույց. «Հայաստանում Հայ առաքելական եկեղեցին ունի արտոնություններ, որոնք մատչելի չեն այլ կրոնական խմբերի»

ԱՄՆ պետքարտուղարության զեկույց. «Հայաստանում Հայ առաքելական եկեղեցին ունի արտոնություններ, որոնք մատչելի չեն այլ կրոնական խմբերի»

ԱՄՆ-ի  պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն հրապարակել է 2011թ. Միջազգային կրոնական ազատության վերաբերյալ զեկույցը:

Զեկույցը  ուշադրություն է սևեռում  այնպիսի գործընթացների ու համապատասխան միտումների վրա, ինչպիսիք են քաղաքական և ժողովրդագրական փոփոխությունների ազդեցությունը կրոնական փոքրամասնությունների վրա, որոնք ամենաշատն են տուժել 2011թ.:  Հատկապես  առանձնացվել են «հարվածի տակ հայտնված այնպիսի խմբեր», ինչպիսիք են բահաիներն ու սուֆիներն Իրանում, քրիստոնյաները՝ Եգիպտոսում, ահմադիները՝ Ինդոնեզիայում և Պակիստանում, մուսուլմանները՝ եվրոպական մի շարք երկրներում, Տիբեթի բուդդիստները, քրիստոնյաները և ույղուր մուսուլմանները՝ Չինաստանում, և հրեաները՝ աշխարհի շատ երկրներում:

«Կրոնական ազատությունները մշտապես ոտնահարող» երկրների շարքին ԱՄՆ-ը դասել է Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Էրիթրեան: Փոխարենը «վիճակի բարելավում կամ դրական տեղաշարժեր» են արձանագրվել Աֆղանստանում և Կուբայում, նաև՝ Թուրքիայում, որը կրոնական համայնքներից առգրավված գույքը վերադարձնելու նախաձեռնություններ է իրականացրել:

 Տարածաշրջանի երկրներից Ադրբեջանում կրոնական մթնոլորտի բարելավում է արձանագրել 2011-ին, նույն առումով դրական են գնահատվել կրոնական ազատությունները Վրաստանում:

Անդրադառնալով Հայաստանին՝ զեկույցում նշվում է, թե իշխանությունները «ընդհանուր առմամբ չեն խոչընդոտում կրոնական ազատությունները»: Զեկույցն արձանագրում է. «Օրենքը որոշակի արտոնություններ է երաշխավորում Հայ առաքելական եկեղեցուն, որոնք մատչելի չեն այլ կրոնական խմբերի»: 

Կրոնական փոքրամասնություններից առավել տուժած են որակվում «Եհովայի վկաներ»-ը, որի 58 անդամ 2011-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանտերում է եղել՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար: Նշվում է նաև, որ Հայաստանում մեկ տասնյակից ավելի քրիստոնեական խմբերից, սուննի մուսուլման քրդերից, հրեաներից, եզդիներից, հեթանոսներից բացի՝ Երևանում հաստատվել է շիա մուսուլմանների համայնք՝ հիմնականում իրանցիներից բաղկացած:

Այս խորագրի վերջին նյութերը