Աշխարհ

01.08.2012 09:37


Հայաստանը պետք է հակազդի անշարժ գույքի ձեռքբերման նկատմամբ Թուրքիայի արգելքին

Հայաստանը պետք է հակազդի  անշարժ գույքի ձեռքբերման նկատմամբ Թուրքիայի արգելքին

Թուրքիայի նախարարների խորհուրդն այժմ վերջնականացնում է մայիս ամսին խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, որն արգելում է վեց երկրների՝ Հայաստանի, Կուբայի, Նիգերիայի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի և Յեմենի, քաղաքացիներին ձեռք բերել անշարժ գույք Թուրքիայում, նշում է «Սաբահ» թերթը: Ոչ մի բացատրություն չկա, թե ինչու են այս երկրները «սև ցանկի» մեջ հայտնվել:

 Այս օրենքը ապացուցում է թուրք պաշտոնատարների հարատև թշնամական վերաբերմունքը, ինչը հակասում է նրանց մեղրածոր խոսքերին, թե իբրև ցանկանում են կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները: Իր քաղաքացիների նկատմամբ սահմանափակումները ուսումնասիրելուց հետո, Հայաստանի խոհրդարանը պետք է փոխադարձ քայլեր ձեռնարկի հայկական կալվածքների ձեռքբերմամբ հետաքրքրված Թուրքիայի քաղաքացիների դեմ: 
 Առաջարկված թուրքական օրենքը կրկնակի սադրիչ բնույթ ունի, քանի որ մինչ արգելք է դնում Հայաստանի քաղաքացիների վրա, ընդլայնում է Թուրքիայում ներդրումներ կատարելու իրավունք ունեցող երկրների ցանկը՝ 53-ից հասցնելով 129-ի և թույլատրում է ևս 52 երկրների քաքաղաքացիներին ներդրումներ կատարել որոշակի սահմանափակումներով: Նոր օրենքը նույնիսկ արտոնում է կալվածքներ գնել Թուրքիայում այն քաղաքացիներին, որոնց կառավարությունները արգելում են թուրքական ներդրումները: Թուրքիայի անշարժ գույքի շուկայում օտարերկրյա ներդրումների նկատմամբ սահմանափակումների թուլացումը կբերի լրացուցիչ 300 միլիարդ ԱՄՆ դոլարի եկամուտ հաջորդ 10 տարիներին, գրում է «Սաբահը»:

 Ահա որոշ երկրների նկատմամբ նոր օրենքով սահմանված սահմանափակումները: Չինաստանի, Դանիայի, Արևելյան Թիմորի, Ֆիջիի և Իսրայելի քաղաքացիները կարող են գնել միայն մեկ  բնակարան Թուրքիայում: Մյուս կողմից Հորդանանի բնակիչները կարող են գնել երկու տուն և մեկ ընկերություն: Ռուսները և ուկրաինացիները կարող են գնել անշարժ գույք Թուրքիայի ցանկացած մասում, բացառությամբ՝ Սև ծովի ափին, իսկ վրացիները չեն կարող գնել անշարժ գույք ծովափնյա և սահմանամերձ գոտիներում: Հունաստանի քաղաքացիներին չի թույլատրվում գնել գույք Էգեյան ծովի և սահմանամերձ շրջաններում, բացառությամբ թուրքական ծագում ունեցողներից: Աֆղանստանի, Եգիպտոսի, Լատվիայի, Մարոկկոյի և մի քանի այլ Աֆրիկյան երկրներին չի թույլատրվում գնել գյուղատնտեսական հող, խաղողի այգիներ կամ բանջարանոցներ: Ալբանացիները կարող են գնել բանակարան կամ ձեռք բերել ընկերություն, սակայն ոչ հող:

 16 այլ երկրի քաղաքացիներ, ներառյալ Իրանի, Պաղեստինի և Հնդկաստանի, նախքան Թուրքիայում անշարժ գույք ձեռքբերելը պետք է Ներքին գործերի նախարարությունից ստանան թույլտվություն: Իրաքցիները, մյուս կողմից, պետք է ստանան Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունից արտոնություն: Օտարերկրյացի ֆիզիկական կամ իրավաբանական անձինք չեն կարող գնել մի շրջանի հողի 10%-ից ավելին կամ Թուրքիայի ամբողջ տարածքում ավելի քան 30 հեկտար: Օրենքը նաև արգելում է օտարերկրացիներն գնել կամ վարձակալել անշարժ գույք ռազմակամ նշանակության և անվտանգության գոտիներում:

 Թուրքիայի տարածքում առանց պայմանների կամ սահմանափակումների գույք ձեռք բերելու իրավունք ունեցող 129 երկների շարքում են Ադրբեջանը, Բանգլադեշը, Բելառուսը, Բրունեյը, Ղազախստանը, Կոսովոն, Քուվեյթը, Ղրղստանը, Լիբանանը, Լիբիան, Օմանը, Պակիստանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սուդանը, Տաջիկիստանը, Թուրքմենստանը Արաբական Միացյալ Էմիրությունները և Ուզբեկստանը: 

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը թուրքական այս նոր օրենքին ի պատասխան:

 ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածը նշում է. «Հողի uեփականության իրավունքից չենoգտվում oտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք,բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի»: ՀՀ կառավարության կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) ներկայացված հաշվետվության համաձայն «օտարերկրացիներին թույլատրվում է օգտագործել հողը հայկական գործընկերոջ հետ վարձակալության պայմանագրերի հիման վրա: Ավելին, օտարերկրացիներն իրավունք ունեն գնել հայկական հողի վրա կառուցված անշարժ գույք և շահագործել վերականգնվող և չվերականգնվող բնական պաշարները Կառավարության կողմից տրված կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա»: ԱՀԿ-ին ներկայացված Հայաստանի հաշվետվությունում նշվում է նաև, որ «օրենսդրությունը Կառավարությանը լիազորություն է շնորհում սահմանափակել և արգելել օտարերկրյա ներդրումները ազգային անվտանգության նպատակներով»:

Կարևոր է իմանալ օտարերկրացի ֆիզիկական և իրավաբանական անձանց թիվը, որոնք վարձակալում են հող կամ ունեն շենքեր և բիզնեսներ Հայաստանում, նրանց անունը, քաղաքացիությունը, վայրը, չափերը և շուկայական արժեքը: Այս վարձակալություններից քանիսն են պատկանում թուրք քաղաքացիներին: Այս հարցերի բարձրացումը պատշաճ է, քանի որ անցյալում Հայաստանի պաշտոնյաները նշել են որ կարիք չկա սահմանափակումներ կիրառել օտարերկրացիների նկատմամբ, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել հայկական անշարժ գույքում: 

Թեև հաասկանալի է, որ Հայաստանը խրախուսի օտարերկրյա ներդրումները, հայտնի չէ, արդյո՞ք խոցելի սահմանամերձ շրջանները ազատված են վարձակալությունից այն օտարերկրացիների կողմից, ինչպիսիք են ադրբեջանցիները և թուրքերը՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով: Կան նաև հողեր, որոնք պարունակում են թանկարժեք մետաղների և հանքային նյութերի որոշակի ռազմական նշանակության պաշարներ: Դրանք չպետք է վարձակալության տրվեն օտարերկրացիներին, ովքեր թշնամի ազգի քաղաքացիներ են:

 Նոր թուրքական օրենքին ի պատասխան, որով արգելվում է Հայաստանի քաղաքացիներին գնել անշարժ գույք Թուրքիայում, Հայաստանը պետք է անհապաղ օրենք ընդունի, որը կարգելի Թուրքիայի քաղաքացիներին գնել կամ վարձակալության վերցնել անշարժ գույք: Ոչ մի բացառություն չպետք է արվի:

 Հայերը չպետք է շատ անհանգստանան, որ չեն կարող Թուրքիայում հող գնել: Հուսանք, մի օր նրանք հետ կստանան իրենց հողերը  առանց դրանց համար վճարելու:

 Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր 

Թարգմանիչ` Կ. Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը