Լրահոս

28.07.2012 12:25


Կայացավ Ներսես Ջալադյանի անհատական ցուցահանդեսը

Կայացավ Ներսես Ջալադյանի անհատական ցուցահանդեսը

«Իմ կարծիքով՝ մարդն ու բնությունն անբաժան են: Այստեղ ներկայացված աշխատանքներն այդ մասին են: Ինչպես տեսնում եք, կան և ֆիգուրատիվ կտավներ, և դիմանկարներ»,-Նարեկացի արվեստի միությունում կայացած իր անհատական ցուցահանդեսում ներկայացված կտավների մասին ասաց գեղանկարիչ Ներսես Ջալադյանը:

Ներսեսն ապրում ու ստեղծագործում է Հոլանդիայում: 10 տարուց ավելի է` Հայաստանում չի եղել, և հիմա, ունենալով այս ցուցահանդեսը,  իրեն հետաքրքիր է` ինչպիսին է հայ արվեստասերը, ինչ արձագանք կգտնի ցուցահանդեսը հայ արվեստասերների շրջանում:

«Ցուցահանդեսը կայացել է շատ անսպասելի: Այն ընկերական հարաբերությունների շնորհիվ իրականություն դարձավ»,-պատմում է ցուցահանդեսի կազմակերպիչն ու նկարչի ընկերը` Աղասի Մարգարյանը:  Աղասին պատմեց, որ ինքն ու Ներսեսը տարիներ շարունակ հիմնականում շփվել են սոցիալական ցանցերի միջոցով, մեկ անգամ  միայն շատ կարճ ժամանակով տեսել են միմյանց, որից հետո սա 2-րդ անգամ է, ինչ միմյանց տեսնում են իրական կյանքում:

«Նկարչի աշխատանքների մասին դժվար է խոսելը: Նկարիչն իր աշխարհն է բացում դիտողների համար, մնացածը պետք է իրենք` դիտողները հասկանան, զգան»,-նշեց նա` նաև իր  շնորհակալությունը հայտնելով ՆԱՄ ցուցասրահն անշահախնդիր կերպով տրամադրելու համար:

Ցուցահանդեսի բացմանը ներկա արվեստագետներից Ընծան կարեւոր համարեց տրամադրությունը, որ ստեղծում են կտավները. «Կա տրամադրություն, ոգեշնչում, յուրովի ընկալում, էլ ինչ է պետք….  Առանձին աշխատանքներ կան, որ շատ հավանեցի, իրոք լավ գործեր են»,-նշեց Ընծան:

Ներկաներից շատերին համար էլ հետաքրքրական էր Հոլանդիայում բնակվող հայ արվեստագետի աշխատանքները, նրա աշխարհընկալումը, գունային լուծումները:

«Դե, երեւի սահմանները կապ չունեն. երիտասարդությունն ու արվեստն արդեն իսկ մեծ ընդհանրություններ են, այդ պատճառով էլ դժվարանում եմ հատուկ տարբերություններ գտնել հայաստանցի արվեստագետների ու Ներսեսի գործերի միջև նույնիսկ ոճային իմաստով:

Դրամատիզմ եմ տեսնում նրա աշխատանքներում, դուր է գալիս ազատությունը, որ առկա է նրանցում»,-ասաց այցելուներից Անին:

Ցուցահանդեսի ընթացքում նաև հնչեց  Մանսուրյանի ստեղծագործություններից դաշնակահարուհի Մարիա Վարդապետյանի կատարմամբ:

Ցուցահանդեսը կարող եք դիտել մինչեւ օգոստոսի 8-ը:

 Մարիամ Մուղդուսյան

Նարեկացի արվեստի  միություն

Այս խորագրի վերջին նյութերը