Լրահոս

28.07.2012 10:59


Հանրային խորհրդում քննարկվել են հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման վերաբերյալ հարցեր

Հանրային խորհրդում քննարկվել են հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման վերաբերյալ հարցեր

Ս.թ. հուլիսի 27-ին տեղի ունեցավ ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման և Հանրային խորհրդի մասին օրենքի մշակման հարցերը:

 

Հեռուստաեթերին վերաբերող հարցի քննարկման ժամանակ ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանը, որը Հանրային խորհրդում հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման գործընթացը համակարգող խմբի անդամներից մեկն է, ներկայացրեց 10 կետից բաղկացած առաջարկների փաթեթ, որում ի մի են բերված Հանրային խորհրդում խնդրի վերաբերյալ վերջին մեկ ամսվա ընթացքում բարձրացված առաջարկները՝ ներկայացված Հանրային խորհրդի հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների, ՀՀ Նախագահին նամակով դիմելու նախաձեռնության անդամների և ՀՀ ստեղծագործական միությունների կողմից:

 

Առաջիկա օրերին Հանրային խորհրդում տեղի կունենա քննարկում հեռուստաընկերությունների ղեկավարների հետ, որի ընթացքում կներկայացվեն նաև այդ առաջարկները: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, որ հեռուստաեթերի խնդիրների  վերաբերյալ սեպտեմբեր ամսին հանրային քննարկումներն ակտիվորեն կշարունակվեն, որի արդյունքում կձևավորվի փաստաթուղթ և կներկայացվի Հանրապետության ղեկավարին:

 

 

Օրակարգի երկրորդ` Հանրային խորհրդի մասին օրենքի մշակման հարցի քննարկման ժամանակ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հանձնարարականով ստեղծվեց աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկվեցին ՀԽ անդամներ Արմեն Տեր-Տաճատյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վազգեն Սաֆարյանը, Գրիգոր Բադիրյանը և Հանրային խորհրդի գրասենյակի ղեկավար Հակոբ Բարխուդարյանը: 

Քննարկվեցին Հանրային խորհրդի նպատակներին, սկզբունքերին, գործառույթներին և կառուցվածքին առնչվող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը