Լրահոս

27.07.2012 14:03


Ժիրայր Սեֆիլյան. «Եկել է հայ քաղաքական մտքի սթափեցման պահը»

Ժիրայր Սեֆիլյան. «Եկել է հայ քաղաքական մտքի սթափեցման պահը»

Սիրիայում տեղի ունեցող ներպետական իրադարձությունների, ինչպես նաև տեղի համայնքի խնդիրների ու Հայաստանի արձագանքի վերաբերյալ այսօր հրավիրված ասուլիսին հյուրընկալվել են «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը և կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։
Ժիրայր Սեֆիլյանը նշել է, թե եկել է հայ քաղաքական մտքի սթափեցման պահը ու հավելել.
Սիրիայի քաղաքացի հայերը տեղ ունեն մեր երկրում: Մենք այն բարդույթից պետք է դուրս գանք, թե մենք փոքր պետություն ենք, և ի՞նչ կարող ենք անել: Ժամանակն է եկել, որ մենք մեզ տեր կանգնենք:
Գարեգին Չուգասզյանն էլ առաջարկել է համապատասխան ծրագիր մշակել Սիրիայում ընթացող գործընթացների տարբեր սցենարների վերաբերյալ.
Հարկավոր է կարճաժամկետից մինչև երկարաժամկետ ծրագիր մշակել: Եթե իրադարձությունները շատ ավելի վատ ուղիով ընթանան, ի՞նչ պետք է անենք: Պետք է դրա համար էլ ծրագիր ունենալ: Այսինքն` պետք է մշակել տարբեր սցենարներ։
Չուգասզյանը նկատել է, որ սիրիահայությունը սփյուռքի ամենակազմակերպված գաղութներից է. և նրանք չէին ուզենա արտագաղթել, ու ավելացրել է.
Սիրիայի խնդիրը միջազգային բարդագույն խնդիր է, և ՀՀ-ն այդ հարցում պետք է ծավալեր ակտիվ միջազգային քաղաքականություն՝ սիրիահայերի շահերի պաշտպանության առումով, սակայն դա չի արվում:
Հարություն Մեսրոբյանն էլ իր հերթին խիստ քննադատել է ՀՀ սփյուռքի նախարարությանը։
Ինչի՞ համար է ստեղծված Սփյուռքի նախարարությունը: Հենց նման իրավիճակներում հայությանը օգնելու համար: Սփյուռքի նախարարը պետք է օր ու գիշեր լիներ նրանց կողքին և փորձեր հարց լուծել,–ասել է Մեսրոբյանն ու հավելել, որ եթե այս իշխանությունը չի կարողանում նման հարցեր լուծել, ուրեմն թող հրաժարվի իր դիրքից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը