Լրահոս

27.07.2012 13:37


Արման Դավթյանին և կնոջը ծեծի ենթարկած ոստիկանները մնում են անպատիժ

Արման Դավթյանին և կնոջը ծեծի ենթարկած ոստիկանները մնում են անպատիժ

Արման Դավթյանին 2011թ. հունիսի 14-ին կնոջ հետ տնից բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին: Գիշերը պահել են ոստիկանությունում, թույլ չեն տվել օգտվել հեռախոսազանգից, մի քանի անձինք ռետինե մահակներով և մանրահատակով Արման Դավթյանին ենթարկել են ծեծի, հարվածից ձախ ձեռքի մատերը կոտրվել են, հետագայում մարմնի տարբեր մասերում սկսել են հոսանքահարել էլեկտրաշոկով, բռնություններ են կիրառվել նաև կնոջ նկատմամբ: Այդ ամենը կատարվել է Ա.Դավթյանից ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակով: Ֆիզիկական և հոգեբանական ճնշումների տակ, ցանկալի ցուցմունքներ կորզելուց հետո, կնոջը ազատ են արձակել:

Անմարդկային վերաբերմունքը շարունակվել է նաև Ա.Դավթյանին ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ) տեղափոխելուց հետո: ՁՊՎ-ում գտնվելու ընթացքում Ա.Դավթյանը քննչական գործողությունների համար դուրս է բերվել 3 անգամ: Դուրս բերման ժամանակահատվածը առաջին անգամ տևել է 14 ժամ 40 րոպե, երկրորդ անգամ 15 ժամ 45 րոպե, իսկ երրորդ անգամ 9 ժամ 45 րոպե: Ա.Դավթյանի նկատմամբ քննչական գործողությունները կրել են տևական և իրար հաջորդող բնույթ, այդ գործողությունները կատարվել են նաև գիշերային ժամանակ, որի ժամանակ նույնիսկ չի ապահովվել քնելու համար նախատեսված 8 ժամը:

Ա.Դավթյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տանելու համար ՁՊՎ-ից դուրս է բերվել հունիսի 18-ին, սակայն այնտեղ ընդունվել է միայն հունիսի 19-ին, իսկ թե այս ժամանակահատվածում որտեղ և ինչ պայմաններում է գտնվել Ա.Դավթյանը` անհայտ է: Ա.Դավթյանի մարմնական վնասվածքները արձանագրված են և ՁՊՎ-ի, և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի գրանցամատյաններում, որի համաձայն` մեջքին արձանագրվել են քերծվածքներ և կապտուկներ, ձախ սրունքի շրջանի այտուցներ, հետին մակերեսի քերծվածքներ, մեջքի շրջանի վերքեր` քերծվածքներով:

Երբ Արման Դավթյանը բողոք է ներկայացրել իր նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ, ոստիկանության նույն Մաշտոցի բաժնի աշխատակիցները կնոջը տնից բերման են ենթարկել և սպառնալիքների տակ ստիպել , որ ցուցմունք տա, թե իբր իրենց նկատմամբ ոստիկանությունում բռնություն չի կիրառվել:

Թեև Ա.Դավթյանը ձերբակալվել է 2011թ. հունիսի 14-ին, սակայն նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է միայն 2011թ. հունիսի 18-ին` 4 օր հետո: ՀՀ Սահմանադրության համաձայն` եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Սրանից հետևում է նաև, որ անձը եղել է ապօրինի ազատազրկման մեջ:

Չնայած այս ակնհայտ ապացույցներին, հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է հարուցել քրեական գործ, իսկ առաջին ատյանի (դատավոր` Գ.Կարախանյան) և վերաքննիչ (դատավոր`Մ.Ռեհանյան ) դատարաններն էլ գտել են, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան: Ներկա դրությամբ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն արձանագրում է, որ սույն գործով պատշաճ քննություն չի կատարվել, պետական մարմինների կողմից անհրաժեշտ ջանքեր չեն գործադրվել իրականությունը բացահայտելու համար, իսկ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները հիմնվել են շուտափույտ ենթադրությունների վրա` քննության դադարեցման համար: 

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն խստորեն դատապարտում է խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի, ազատությունից ապօրինի զրկման ցանկացած դրսևորում, ինչպես նաև պետական մարմինների ու դատարանների կողմից ցուցաբերված անգործությունը և հույս է հայտնում, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը իր որոշմամբ կիրականացնի արդարադատություն:  

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը