Լրահոս

26.07.2012 22:16


Անկարան՝ վերջին իրավունք ունեցողը

Սիրիայի տարածքին արձանագրվող իրադարձությունների մասին Թուրքիայի վարչապետին կատարած հայտարարությունները  ամփոփվում են հետեւյալ կետերում.

Ա.- Անկարա չի  կարող ձեռնածալ մնալ Սիրիայի կողմից իր դեմ կատարվող որեւէ հարձակումի դեպքում:

Բ.- Իր ժողովուրդը սպաննող արյունարբու  վարչակարգը պիտի տապալվի Սիրիայի ժողովրդի կողմից, վաղ թէ ուշ։ Սիրիայի ժողովուրդը պիտի հաղթանակե:

Գ.- Միջազգային ընտանիքը իր պատասխանատվություններին տեր կանգնելով եւ խիստ վարվելով Սիրիայի վարչակարգի նկատմամբ, պետք է ստիպի, որ արյունահեղությունը դադարեցվի Սիրիայում։

Դ.- Դամասկոս նկատի չի ունեցել 2011-ից Անկարայի կողմից հնչող խորհուրդները` բարեփոխումներ կատարելու. այլապես նման իրավիճակում չէր հայտնվի այսօր Սիրիան։:

Այս հայտարարությունը առաջին հայացքով նախանշում է, որ Անկարա կշարունակե Սիրիայի նկատմամբ իր կեցուածքների թեթեւ հարափոփոխելիության վարքագիծը:

Առաջին եւ վերջին կետերում հիմնական ուղերձ չկա: Հակառակ անոր որ իր օդանավի կործանումը Դամասկոսի ուսերին բարդող Անկարան զինվորական ուղղակի հակայարձակողական գործողության չդիմեց: Երկու նկատառելի հանգամանք կա այս դեպքում։ Առաջինը այն էր, որ բավական ուշացումով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը սիրիական պատասխանատվությունը հեռացնող հայտարարություն կատարեց` Թուրքիայի քաղաքական վարիչների հայտարարածին նկատմամբ հակասություն ցուցադրելով. եւ երկրորդ. ապստամբները զինող եւ ֆինանսավորող Թուրքիան զինվորական հարձակումի անուղղակի ձեւերը լիովին կիրառում է արդեն Սիրիայի տարածքին:

Քաղաքական խառն ուղերձի նրբերանգները երկրորդ եւ երրորդ կետերում են գտնվում։ Սիրիայի ժողովրդին վերագրելով վարչակարգի տապալման պատասխանատվությունը, Անկարայի վարիչը հստակ ձեւակերպում է պաշտոնական կեցուածք` արտաքին ուժի միջամտության դեմ: Այստեղ նաեւ ժամանակի անորոշություն  էփոխանցվում: «Վաղ թէ ուշը»-ը միաժամանակ թե՛ անմիջականություն եւ թե՛ իրավիճակի առկախում կենթադրէ: Ժողովդի կողմից տապալումի եղանակը եւս անորոշ է, ինչպես ժամանակը:

Մինչդեռ, հաջորդ կետում  կընդգծվի հստակ ակնկալություն` միջազգային ընտանիքի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անմիջական միջամտության... արյունահեղությունը կասեցնելու: Արյունահեղություն կասեցնելը այստեղ երկու հակամարտող կողմերում է վերաբերվում եւ անպայման չի ենթադրում վարչակարգի հեռացումի առաքելություն:

Ռուսական եւ ամերիկյան կեցուածքների միջեւ տվայտող թրքական այս կեցուածքը ավելի հիմնավորելու համար ոչ շատ հեռու գացող հետադարձ հայացքը  լուսաբանող հանգամանք կարող է ունենալ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հազիվ մի ամիս  առաջ հայտարարում էր, որ իր երկիրը ձախողած էր Դամասկոսի վարչակարգը տապալելու գործում։ Այս հաստատումը կենթադրե, որ Անկարան պաշտոնապես այդ գործին լծված էր: Հիմա վարչակարգի տապալումի գործը այս ձեւով վստահված է Սիրիայի ժողովրդին: Արտաքին միջամտության պահանջը` անբովանդակ հայտարարություն է, որովհետեւ արյունահեղության կասեցման առաջադրանքով է եւ ոչ թե վարչակարգի տապալման:

Արյունարբու վարչակարգի մասին խոսող, սեփական ժողովրդի դեմ ջարդ կիրառելու երեւույթները դատապարտող եւ արյունահեղության կասեցման համար արտաքին խիստ միջամտություն պահանջող վարչապետ Էրդողան փորձում է մոռացության մատնել այն, որ ինք իրավական ժառանգորդն է արյունարբու մի վարչակարգի , որ լծված էր իր կայսրության ցեղային մաքրազտումի ցեղասպանական քաղաքականության եւ համաշխարհային Ա. պատերազմի ժամանակն ու պայմանները լիարժեք օգտագործած էր` արտաքին խիստ միջամտությունները կանխարգիլելու համար: Նոր օսմանականության ներկայացուցիչը ուզում է մոռանալ , որ միեւնույն այս վարչակարգի հետ արտակարգ մերձեցումի քաղաքականությանը լծվել էր` բացելով այժմ իր փակած սահմանները, կնքելով բոլոր ոլորտների վերաբերյալ բազմաթիվ համաձայնագրեր եւ միեւնույն «արյունարբու վարչակարգ»-ին հետ որոշած էր նոր էջ բանալ Անկարա-Դամասկոս հարաբերություններում:

Սեփական ժամանակակից պատմությունը ժխտելու հարիր վարքագծում են տեղավորվում վարչապետ Էրդողանի հայտարարությունները, որոնք խառն ուղերձների տարրեր կպարփակեն իրենց մեջ: Համենայն դեպս Անկարայի ներկայացուցիչը վերջինը կարող էր լինել նման բովանդակությամբ հայտարարություններ կատարելու համար:

Շահան Գանտահարյան

«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը