Լրահոս

26.07.2012 11:08


Պաշտպանն իր օգնության պատրաստակամությունն է հայտնում Արդարադատության նախարարին

Պաշտպանն իր օգնության պատրաստակամությունն է հայտնում Արդարադատության նախարարին

 ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

  ՊԱՐՈՆ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Թովմասյան,

 Մեր կողմից ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը: Դատաիրավական ոլորտում նախկինում մշակված բազմաթիվ համանման ծրագրերից այս մեկը շահեկանորեն տարբերվում է իր համակարգային մոտեցմամբ, իրական փոփոխություններ ապահովող լուծումներով և իրատեսական մեխանիզմներով:  

Նախկինում բազմիցս բարձրաձայնել ենք Հայաստանում արդար և հաշվետու դատական իշխանության կայացման խնդրի մասին: Մեր գնահատմամբ այս ծրագիրը նախատեսում է դատական իշխանության բարեփոխումների այն մեխանիզմները, որոնք կարող են լուծել հանրության համար ամենացավոտ՝ արդարադատության խնդիրը:  Մասնավորապես, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերի և հիմքերի վերաբերյալ բարեփոխումները, դատախազության գործունեության արդյունավետության և մատչելիության բարձրացումը, ինչպես նաև իրավական համակարգի այլ ոլորտների բարելավմանն ուղղված փոփոխությունների իրականացումը իրական հիմք կարող են դառնալ այդ համակարգերի և ոլորտների բարեփոխման համար:

Գիտակցում ենք, որ նույնիսկ լավագույն ծրագրի դեպքում միայն դրա իրագործմամբ է հնարավոր դրական փոփոխություն ակնկալել յուրաքանչյուր քաղաքացու կյանքում: Միևնույն ժամանակ վստահ ենք, որ առանց հասարակության բավարար ընկալման և լայն աջակցության բարդ կլինի լիարժեք հաջողել այս հավակնոտ և դրական նախաձեռնության մեջ: 

Հետևաբար, մեր զորակցությունն ենք հայտնում այս ուղղությամբ սկսած Ձեր նախաձեռնություններին: Պատրաստակամ ենք մեր լիազորությունների և կարողությունների սահմաններում ամեն կերպ աջակցել Ձեզ, որպեսզի դատաիրավական բարեփոխումները մոտ ապագայում դառնան իրականություն: Հուսով ենք, որ հասարակական և քաղաքական բոլոր ուժերը, խորությամբ ծանոթանալով այս ծրագրին, նույնպես կաջակցեն Ձեզ սպասվող դժվարին աշխատանքներում:

 Կ. Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը