Կարծիք

24.07.2012 19:51


Հաճախորդները զվարճացնում են, բայց նաեւ պարտավորեցնում

Հաճախորդները զվարճացնում են, բայց նաեւ պարտավորեցնում

Ամառվա այս շոգին, երբ անգամ նստած տեղից կանգնելն է բավական դժվար գործ, նրանք, ովքեր սիրում են հաճախորդ լինել եւ մանուկ հասակում երազել են այդ մասին, չեն դադարում աչքի ընկնել եւ ամեն ինչ անում են իրենց վրա դրված հույսերն արդարացնելու համար: Բայցեւայնպես, որքան շատ են ջանքեր գործադրում, այնքան ավելի ծիծաղելի եւ խղճուկ վիճակում են հայտնվում:

Գեղամյաններին մի քանի անգամ գերազանցող, այսպես կոչված, խիստ ազատ եւ խիստ լիբերալ քաղաքական գործիչներն իրենց գործունեությամբ վկայում են, թե որքան տխուր վիճակում է գտնվում այն ուժը, որը հույսը դրել է նրանց վրա: Հայ ազգային կոնգրեսում պետք է նախ ամաչեն, ապա եւ ուրախ լինեն, որ ժամանակին իրենք էին հույսեր կապում շահնազարյանների եւ արամսարգսյանների հետ, իսկ այսօր՝ իշխանությունները:

Վերջին շրջանում հաճախորդների ակտիվ գործողությունները բացեցին շատերի աչքերը: Հիմա արդեն բոլորի համար է պարզ, թե ինչու ձերբակալվեցին այս կամ այն գործիչները, բայց ոչ Արամ Սարգսյանը, որն իր կոստյումները հագած շարունակում էր հանգիստ շրջել Երեւանի փողոցներով: Հիմա արդեն շատերն են հասկանում, թե ինչու հանկարծ ոչ մի տեղ չերեւացող եւ ոչնչով աչքի չընկնող Դավիթ Շահնազարյանը մարտի 1-ին հայտնվեց Երեւանի փողոցներում եւ փորձեց մարդկանց ուղղորդել` հորդորելով այս փողոցից գնալ մեկ այլ փողոց:

Ինչպես ասում են, չկա չարիք, առանց բարիքի: Ճիշտ է, անչափ վատ է, որ մեր հասարակությունում այդքան շատ հաճախորդներ կան, բայց լավ է, որ ստեղծվեց մի վիճակ, երբ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ բացահայտել նրանց նախագահական ընտրություններից այսքան շուտ: Հիմա արդեն պարզից էլ պարզ է, որ եթե Բաղրամյան 26-ի հսկողությունից դուրս մնացած ուժերը խուսափեն կոպիտ սխալներից, անեն ճիշտ եւ տրամաբանական քայլեր, ապա փետրվարին իրավիճակը Հայաստանում բոլորովին այլ կլինի:

Չի կարելի հույսը դնել մարդկանց բարձր ինքնագիտակցության վրա եւ ձեռքերը ծալած նստել: Չի կարելի հույսը դնել այն բանի վրա, թե բոլորն արդեն գիտեն, թե ով-ով է: Միշտ էլ կարող են գտնվել միամիտներ, որոնք կհավատան դիմակավորներին: Համաձայնվեք, որ հայ գյուղացին կամ ժամերով արեւի տակ առեւտրով զբաղվող մարդը դժվարությամբ կարող են հավատալ, որ մարդու իրավունքներից խոսող եւ Սերժ Սարգսյանին քննադատող տղաները վտանգավոր խաղեր են խաղում:

Հենց այսօրվանից պետք է ամեն ինչ անել դիմակավորներին մանեւրելու հնարավորություններից զրկելու համար: Հենց այսօրվանից պետք է լրջորեն զբաղվել ընտրացուցակներով: Հենց այսօրվանից պետք է ամեն ինչ անել, որ շրջիկ խմբերում մարդիկ չընդգրկվեն: Բնականաբար, հենց այսօրվանից իշխանություններին պետք է հասկացնել, որ հետընտրական գործընթացները, իհարկե, սահմանադրության շրջանակներում, անխուսափելի կլինեն, եթե մեզ մատուցեն այն ընտրացուցակը, որտեղ 2.5 մլն ընտրող կա, եւ եթե փողոցներում պտտվեն, այսպես կոչված, շրջիկ խմբերը:

Իսկ ինչ վերաբերում է հաճախորդներին, ապա երբ նրանք համոզվեն, որ ամեն ինչ փոխվում է, ապա մի կողմ են քաշվելու եւ փորձելու են ձեւացնել, թե միշտ էլ բաց սրտով պայքարել են ներկա իշխանությունների դեմ: Թող ասեն, դրանից ոչ մի վատ բան չի լինի: Կարեւորն իրականությունն է, այն իրականությունը, որը պետք է լինի առաջիկա նախագահական ընտրություններից հետո:

Մենք բոլորս պետք է հիշենք, որ եթե հանկարծ ծուլանանք, վախենանք, հոգնենք, ապա Հայաստանը կկորցնենք: Այն սարսափելի արտագաղթը, որ առկա է հիմա, ավելի սարսափելի կդառնա:

Վարդան Մխիթարյան     

Այս խորագրի վերջին նյութերը