Լրահոս

24.07.2012 16:15


Կանանց Աջակցման Կենտրոն. «Մարիամ Գևորգյանի դատավարության ժամանակ՝ խարդախությունն ապացուցող ուրվագիծը»

Կանանց Աջակցման Կենտրոն. «Մարիամ Գևորգյանի դատավարության ժամանակ՝ խարդախությունն ապացուցող ուրվագիծը»

Ներկայումս Արարատի և Վայոց Ձոր մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մարիամ Գևորգյանի գործով դատավարությունը: Մարիամին դաժան վերաբերմունքի, խոշտանգումների և ընտանեկան բռնության են ենթարկել նրա նախկին ամուսին Դավիթ Զիրոյանը և նախկին սկեսուր Հայկանուշ Միքայելյանը, վերջինս վարույթում ներգրավված է որպես մեղադրյալ:

Հիշեցնենք որ զույգն ամուսնացել է 2009 թվականին, ապա մեկնել Սանկտ Պետերբուրգ, որտեղ էլ այդ ժամանակ բնակվում էր Դավիթի ընտանիքը: Տաս ամիս անց Մարիամը վերադարձել է Երևան և դիմել ոստիկանություն: Դավիթի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով և նա իրեն մեղավոր է ճանաչել:  Սակայն քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել 2011 թվականին Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ:
Դավիթի մորը առ այսօր առաջադրված է մեղադրանք «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Խոշտանգում» հոդվածներով (ՀՀ ՔՕ հոդվածներ 113 և 119):
Մարիամ Գևորգյանի ընտանիքի անդամները Կանանց Աջակցման Կենտրոնին հայտնել են, որ Դավիթի և Հայկանուշի բարեկամները բազմիցս մոտեցել են իրենց և գումար առաջարկել Մարիամի դիմումից հրաժարվելու պահանջով: Հիշեցնենք, որ Մելինե Բայաթյանը, Դավիթի առաջին կինը, ոգեշնչված էր որ դեպքի մասին Մարիամը բարձրաձայնում է: Նա Դավիթի և նրա մոր դեմ ներկայացրել էր դիմում, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործ, սակայն, նախաքննության ընթացքում Մելինեն հրաժարվեց իր մի քանի մեղադրանքներից և նույնիսկ հանդես եկավ գործը դռնփակ նիստում քննելու միջնորդությամբ, որպեսզի գործի քննությանը ներկա չլինեն գործով հետաքրքրված անձինք և լրագրողներ, որն անհասկանալի էր մեզ համար: Արդյո՞ք սա ինչ որ հարմար տարբերակ է իրենց ներքին պամանավորվածությունները ծածկելու համար:

Իրականում Հետք-ի ավելի վաղ հրապարակված հարցազրույցում Դավիթը հրապարակայնորեն ընդունել է Մելինեին ծեծի ենթարկելու փաստը:  Այսինքն Մելինեն, ով մի ժամանակ Մարիամի աջակիցներից էր այժմ ագրեսիվ վերաբերմունք ունի Մարիամի և նրա աջակիցների նկատմամբ և չի ցանկանում համագործակցել նրանց հետ Դավիթի և նրա մոր գործով: Հետաքրքիր է, ի՞նչ պատահեց: Այն, որ Դավիթը ուղղակի կամ անուղղակի ճնշում է գործադրել Մելինեի վրա, որ նա հրաժարվի իր մեղադրանքից, դեռ պարզ չէ:

Այնուամենայնիվ կան ասեկոսեներ այն մասին, որ Դավիթը դատից հետո կրկին ուզում է ամուսնանալ Մելինեի հետ:

Ուշադրություն դարձրեք հետևյալին. հուլիսի 21-ին, “Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության Կոալիցիայի” կամավորներից մեկը տեսել է Դավիթին և Մելինեին միասին: Նրանք դուրս են եկել մուգ կապույտ գույնի Օպել մակնիշի մեքենայից (33 VO 506 համարանիշերով) և ներս մտել Մխիթար Գոշ հյուրանոց, որը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում: Քիչ անց նրանք լքել են հյուրանոցը և ուղևորվել դեպի Գոշավանք:

Այս ամենը շատ կասկածելի է և հավանաբար Դավիթը նպատակ ունի մոլորեցնելու դատարանին:  

Անհրաժեշտ է ընդգծել ընտանեկան բռնության նմանատիպ գործերի հայտնի հաջորդականությունը. բռնարարի կողմից բոլոր մեղադրանքների մերժումը, նույնիսկ այն դեպքում երբ նրան ներկայացնում են ապացույցներ: Երկրորդը ՝ բռնարարը խաբեության և ուրիշներին կառավարելու վարքագիծ է դրսևորում: Հաճախ նա ստեղծում է մեղրամսի շրջան, երբ ամեն ինչ լավ է, նա իրեն դրսևորում է որպես ուշադիր և նրբազգաց սիրեկան, սակայն որին հաճախ հետևում են բռնության տեսարանները: Մենք կուզենայինք իմանալ արդյոք Մելինեն վերապրում է իր մեղրամսի շրջանը, և եթե այո, ապա մենք զգուշացնում ենք նրան զգույշ լինել բռնարարի մանիպուլիացիոն վարքից:

Կանանց Աջակցման Կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը