Լրահոս

23.07.2012 12:05


Մարինե Ավանեսյան. «Արջերի քարանձավի մասին հայտարարությունները սուտ են»

Մարինե Ավանեսյան. «Արջերի քարանձավի մասին հայտարարությունները սուտ են»

Էլեկտրոնային լրատվամիջոցներում  տեղեկություններ են տարածվել, թե մի խումբ մարդիկ մտել են Վայոց ձորի մարզում գտնվող «Արջերի քարանձավ»,  ջարդել սենյակների սալիկները։ «7օր»–ի հետ զրույցում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը հայտնեց, որ այդ տեղեկությունները սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։ «Շրջայցերի գրաֆիկի համաձայն՝  «Արփի բնապատմական արգելոցի պահապանները պարբերաբար լինում են հուշաձանների ու քարանձավների տարածքում՝ արձանագրում իրավիճակը։ «Արջերի քարանձավ»-ը ևս բացառություն չի կազմում այդ ցանկում և մեր պահապանները մարտից մինչ օրս որևէ խախտում այցերի ժամանակ չեն արձանագրել։   Ավելին՝ մուտքը  միշտ փակ է եղել և հիմա էլ փակ է կողպեքով»,–ասել է Մարինե Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ վերջին անգամ  «Արփի բնապատմական արգելոցի վարիչ Ավետ Հայրապետյանը, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բորիս Քոչարյանն, ինչպես նաև Գնիշիկի գյուղապետարանի պատասխանատու ներկայացուցիչը հուլիսի 21-ին են եղել քարանձավում։ Նրանք արձանագրել են, որ քարանձավի դուռը փակ է, քարանձավի ներսի առաջին դահլիճում կոտրած կամ տեղաշարժված նոր ստալագմիդներ չեն հայտնաբերվել։ Քարանձավի ներսում հատակի վրա որեւ՝ ոտնահատեք եւս չի հայտնաբերվել։ Ի դեպ, քարանձավի մուտքի ճաղերը եւ շրջակայքը ծածկված է եղել սարդոստայնի ցանցով։ Ա.Հայրապետյանը, Բ.Քոչարյանը զրուցել են նաեւ Մոզրովի համայնքի /քարանձավը գտնվում է այդ համայնքի տարածքում/  բնակիչների հետ, ովքեր հաստատել են, որ վերջին հինգ ամիսների ընթացքում որեւէ այցելու չեն տեսել։

Մ.Ավանեսյանի փոխանցմամբ, հայտարարությունները, թե «Արջերի քարանձավ» մարդիկ են մուտք գործել ու սալիկներ ջարդել՝ կեղծ են ու շինծու։  Մեր այն հարցին, թե այդ դեպքում, որն է բնապահպան Գոռ Հովհաննիսյանի հայտարարության առիթը՝ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը նշեց՝ «հավանաբար ուշադրություն գրավելու խնդիր ունի»։

«Այդուհանդերձ, եթե պրն Հովհաննիսյանը այլ ելք կամ մուտք, անտեսանելի ուրեէ ճանապարհ գիտի դեպի քարանձավ, թող բարձրաձայնի, ասի, թե որտեղից տեղեկությունները «սալիկների ջարդված լինելու մասին», որպեսզի իրավապահների համար քրեական գործ հարուցելու հիմքեր լինեն։ Ուզում եմ շեշտել, որ կեղծ հայտարարություն անելը եւս պատժելի է օրենքով», -նշեց Մ.Ավանեսյանը՝ հավելելով, որ ՊՈԱԿ-ը կդիմի դատախազություն։   

Նրա խոսքով, ցանկացած իրավախախտման դեպքում ՊՈԱԿ-ը, մարզային  ծառայությունները դիմում են ոստիկանություն, դատախազություն՝ օրենքով սահմանված կարգով խնդրին լուծում տալու համար։

Նշենք, որ այցելության առիթով կազմվել է արձնագրություն, որը ստորագրել են «Արփի բնապատմական արգելոցի վարիչ Ավետ Հայրապետյանը, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բորիս Քոչարյանը,  Գնիշիկի գյուղապետ Մեսրոպ Մելքոնյանը։    

Այս խորագրի վերջին նյութերը