Լրահոս

23.07.2012 10:48


Արգենտինան աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին

Արգենտինան աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին

Հուլիսի 19-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպեց Արգենտինայի Հանրապետության արտգործնախարար Էկտոր Տիմերմանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ԱՀ ԱԳՆ արտաքին հարաբերությունների փոխքարտուղար Մարիա դել Կարմեն Սկեֆը և արտգործնախարարի անձնական քարտուղարը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերություններին, իրավապայմանագրային դաշտին, ինչպես նաև երկկողմ բարձրաստիճան այցելությունների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։

 Էկտոր Տիմերմանը տեղեկացրեց, որ սիրով ընդունում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերը առաջիկա ամիսներին այցելելու Հայաստան: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համապատասխան աշխատանք իրականացնել նախապատրաստման փուլում գտնվող համաձայնագրերի ամբողջացման և այցելության ընթացքում դրանց որոշ մասի ստորագրման վերաբերյալ։ 

Արգենտինայի արտգործնախարարը հետաքրքրվեց այն բնագավառներով, որոնք կարող են փոխշահավետ տնտեսական համագործակցության հիմք հանդիսանալ: Դեսպան Մելիքյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի տնտեսական իրավիճակը, առկա ներդրումային դաշտը և հնարավորությունները: Առանձնացվեցին գյուղատնտեսության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ատոմային և վերականգնվող էներգետիկայի ոլորտները:

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, Տիմերմանը նշեց, որ Արգենտինան աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին և կողմնակից է խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը։

            Խոսելով արգենտինահայ համայնքի մասին` ԱԳ նախարարը նշեց, որ այն իր կարևորագույն դերակատարումն ունի երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:

Արգենտինայում ՀՀ դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց մեր հայրենակիցների հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար, ինչի շնորհիվ ցեղասպանությունից փրկված հայերը և նրանց սերունդները կարողացան հաստատվել Արգենտինայում, դարձան օրինապաշտ քաղաքացիներ և մինչ օրս էլ շարունակում են զգալի ներդրում ունենալ երկրի զարգացման գործում։

Այս խորագրի վերջին նյութերը